Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն հիմարին չեն առարկում». արձագանքում է Վոլոդյա Ավետիսյանի գլխին «սարքելու» մեղադրանքներին

Մարտ 17,2014 21:22

Ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը հիմարություն է համարում իր հասցեին ուղղված իր մարտական ընկերների մեղադրանքները, թե ինքն է «սարքել Վոլոդյա Ավետիսյանի գլխին»:

Հիշեցնենք, որ այսօր ազատամարտիկ Յուրա Աթոյանը հայտարարեց, որ Խաչիկ Ավետիսյանն է Վոլոդյա Ավետիսյանի գլխին սարքողը, ու նրա տեսակետը կիսեցին մի շարք ազատամարտիկներ:

Պարոն Ավետիսյանը մեզ հետ զրույցում նախ ծիծաղեց՝ լսելով մարտական ընկերների մեղադրանքները, հետո հակադարձեց. «Ամեն մարդ իրավունք ունի ինչ-որ մի հիմարություն ասելու, իսկ ամեն հիմարին չեն առարկում»:

Ինչ վերաբերում է մի խումբ ազատամարտիկների  հարցադրմանը, թե որտեղ է երկու շաբաթը մեկ իշխանափոխություն անող Խաչիկ Ավետիսյանը, մեր զրուցակիցն ասաց՝ իշխանափոխությունը  շարունակում են. «Հիմա էլ մեր ծրագրով շարժվում ենք, ունենք մեր նպատակներն ու ծրագիրը: Ու ոչ մեկին էլ հաշվետվություն չենք տալու, թե ինչ ենք անում: Եթե այդքան ցավում են, թող գան կանգնեն մեր կողքին»:

Մեր դիտարկմանը, թե մյուս թեւի ազատամարտիկներն էլ հակառակն են ասում՝ ինչո՞ւ դուք իրենց կողքին չեք կանգնում, եթե այդքան սրտացավ եք ազատամարտիկի համար, պարոն Ավետիսյանը պատասխանեց. «Ես նվիրված եմ միայն իմ հայրենիքին եւ միշտ իմ հայրենիքի կողքին եմ դրա համար այլ ուժեր, կառույցներ ինձ համար նշանակություն չունեն»:

Մեր հարցին, ինչու են հենց ձեզ  մեղադրում Վոլոդյա Ավետիսյանի գլխին «սարքելու» մեջ եւ արդյոք ձեր մեղքի բաժինը տեսնում եք նրա անազատության մեջ գտնվելու համար, պարոն Ավետիսյանն ասաց. «Երեւի ես այն ժամանակ այլ ուղղությամբ տարա իմ պայքարը, համաձայն չէի, որ ներկա պայմաններում սոցիալական հարցեր բարձրացվեին: Մեր երկիրն այս վիճակում  գտնվելու դեպքում ազատամարտիկի կողմից սոցիալական հարց բարձրացնելը պարզապես իրականությանը համահունչ չէր, դրա համար են երեւի ինձ մեղադրում»:

Հետո նա հստակեցրեց. «Երբեք չեմ ասել, որ այդ խումբը երշիկի կռիվ է անում, իմ բերանից որեւէ մեկը չի լսել, որ մեղադրեմ, թե հացի կամ երշիկի կռիվ են տալիս: Ես ասել եմ, որ ունենք տարաձայնություններ, պառակտված չենք, տարբեր խմբեր չենք, Վոլոդյային ասել եմ՝ սա էլ կարեւոր հարց է, դու այդ ուղղությամբ տար քո պայքարը, իսկ ես իմ պայքարը պետք է տանեմ Հայաստանում գլոբալ փոփոխությունների, իշխանափոխության ուղղությամբ, իշխանությունը պետք է հանձնենք ժողովրդին: Տեր լինենք մեր երկրին: Ես իմ ասածն ու խոսքերը չեմ փոխել»:

Մեր հարցին համաձա՞յն եք, որ տարբեր ուղղություններով պայքարելով ոչ ձեր խումբը, ոչ էլ սոցիալական հարցերի համար պայքարող ազատամարտիկների խումբը հաջողության չհասավ, մեր զրուցակիցը ասաց. «Մեր հաջողությունները հենց հիմա երեւում են: Էսպես որ գրում են հրաշալի քառյակը, ի՞նչ եք կարծում, հենց այնպես ստեղծվե՞ց: Մենք մեր ծրագրի մեջ ունեինք նման քայլ՝ կուսակցություններին նստեցնել մեկ սեղանի շուրջ եւ դա մեզ հաջողվեց: Նստեցին մի սեղանի շուրջ եւ փնտրում են այս իրավիճակից դուրս գալու ելքը: Մենք շատ ուշադիր հետեւում ենք դրան, ունենք մեր տեսակետը եւ այդ տեսակետը կհրապարակենք»:

Պարոն Ավետիսյանից նաեւ հետաքրքրվեցինք, տեղյա՞կ է ինչ պայմանավորվածություն է խախտել Վոլոդյա Ավետիսյանը, որի մասին օրեր առաջ հիշեցրեց ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը եւ արդյոք պայմանավորվածությունը խախտելու համար էր անազատության մեջ հայտնվել. « Չեմ կարծում, որ նախարարը նման պատասխան տված լինի, ես գտնում եմ, որ Շանթն ու Վոլոդյան քաղբանտարկյալի կարգավիճակում են գտնվում, երկուսին էլ հետապնդում են քաղաքական հայացքների համար»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31