Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Ադրբեջանը չհարձակվի Ղարաբաղի վրա, ՌԴ-ն չի ճանաչի Ղարաբաղը

Մարտ 19,2014 14:45

Ըստ Սերգեյ Մարկեդոնովի` յուրաքանչյուր ռուսաստանցու համար Սեւաստոպոլը նույնն է, ինչը հայի համար՝ համարյա Ստեփանակերտը

– Ղրիմում կիրակի օրը անցկացված հանրաքվեից մեկ օր անց Ղրիմի խորհրդարանն ընդունեց անկախության հռչակագիր եւ ՌԴ-ին պաշտոնապես ներկայացրեց միավորվելու դիմում։ Այնուհետեւ Վլադիմիր Պուտինը ստորագրեց հրամանագիր Ղրիմը անկախ պետություն ճանաչելու մասին։ Պարոն Մարկեդոնով, ի՞նչ տեղի ունեցավ Ղրիմում, ավելի ճիշտ՝ նրա շուրջը, եւ ինչո՞ւ:

– Ղրիմի խնդիրը մի քանի շերտեր ունի: Առաջինը տարածաշրջանային շերտն է: Ուկրաինայի կազմում Ղրիմը խնդիր է: Բանն այն է, որ Ղրիմի կեցությունը բավական տարբերվում էր Աբխազիայից, Հարավային Օսիայից, Լեռնային Ղարաբաղից, որովհետեւ այստեղ հակամարտություն չկար, այստեղ ինքնավարությունը չեղյալ չէին համարել, ինչպես, օրինակ, Ադրբեջանը վարվեց Ղարաբաղի դեպքում կամ Վրաստանը` Հարավային Օսիայի դեպքում: Չի եղել եւ հուսով եմ՝ չեն լինի ռազմական գործողություններ: Բայց, այնուամենայնիվ, Ղրիմի եւ Ուկրաինայի մյուս մասերի միջեւ հավասարակշռությունների բավական բարդ փոխհարաբերություններ էին կառուցված, եւ երբ ի հայտ եկան այդ հավասարակշռության վտանգները Ուկրաինայի տարբեր տարածաշրջանների միջեւ՝ Կիեւի Մայդանի հեղափոխության արդյունքում, դա Ղրիմում հրահրեց պրոռուսական տրամադրություններ, որոնք պահպանվում էին, չէին վերացել ԽՍՀՄ-ի փլուզումից հետո: 90-ականների սկզբին այդ տրամադրություններն ավելի ցայտուն էին, բայց քանի որ ՌԴ իշխանությունների կողմից դրանք աջակցություն չէին ստանում, որոշակիորեն նվազել էին: Բավական էր բռնկումը, խայծը` Ուկրաինայում հեղափոխական իշխանությունների գալով, որոնք էլ հրահրեցին հետագա իրադարձությունները: Խնդրի երկրորդ մակարդակը ռուս-ուկրաինական հարաբերություններն են: Այդ հարաբերությունները բավական խնդրահարույց էին, դրանք մեծ փորձություններով անցան, բայց կողմերը դեռ 1998թ. Մեծ պայմանագիր կնքեցին, որով ճանաչում էին Ուկրաինայի սահմանները, այդ թվում եւ Ղրիմը, եղել են հրապարակային բազմաթիվ ելույթներ անգամ Պուտինի կողմից, երբ նրան դիմեց Սեւաստոպոլի բնակչությունը, իսկ նա պատասխանեց` բայց չէ՞ որ դա Ուկրաինան է, այլ պետություն է… Ավելին, նույնիսկ նախագահ Յուշչենկոյի օրոք՝ 2008թ. օգոստոսյան պատերազմից հետո, ՌԴ-ն ու Ուկրաինան կարեւորում էին 1998թ. Մեծ պայմանագիրը՝ այն դեպքում, երբ Յուշչենկոն Մոսկվայի համար խնդրահարույց նախագահ էր: Այն, ինչ հիմա տեղի ունեցավ ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ, փորձություն էր, սակայն այն տեղի ունեցավ, որովհետեւ Կիեւում իշխանությունը փոխվեց հեղափոխական ճանապարհով, եւ Ուկրաինայի ներսում իշխանության հավասարակշռությունը փլուզվեց, ինչը ստիպեց Մոսկվային այլ կերպ արձագանքել: Երրորդ շերտը ՌԴ-ի եւ Արեւմուտքի միջեւ հարաբերություններն են: Իմ կարծիքով՝ 20 տարիներից ավելի, երբ «սառը պատերազմն» ավարտվել է, Արեւմուտքն այս սխեմայով էր առաջնորդվում` մենք ընդլայնվում ենք՝ որտեղ ցանկանանք, ինչ նպատակով ցանկանանք եւ երբ ցանկանանք, իսկ դուք` Մոսկվայում, պետք է բավարարվեք մեր հայտարարություններով, որ` ՆԱՏՕ-ն խաղաղ միավորում է, եվրոպական ինտեգրացիան բացառապես դրական է: Սակայն պարզ է, չէ՞, որ ՆԱՏՕ-ի եւ եվրոպական ինտեգրացիաները առանց ռուսական շահերի նվազեցնում են ռուսական հետաքրքրությունները: Մոսկվան բավական երկար ժամանակ նահանջում էր, առաջին լուրջ դրսեւորումը, որ նա չի պատրաստվում այդպես վարվել, արտահայտվեց 2008-ին, սակայն նույնիսկ 2008-ից հետո Մոսկվան ձգտում էր համաձայնության գալ Արեւմուտքի հետ. դուք կհիշեք, երբ Մեդվեդեւը առաջարկեց Եվրոպական անվտանգության պայմանագիրը, այսինքն՝ շատ դեպքերում հնչում էր Մոսկվայի կողմից` մենք համաձայն չենք, բայց ցանկանում ենք երկխոսել: Կարծում եմ՝ Արեւմուտքը չլսեց այդ կոչերը: Ղրիմի եւ ուկրաինական զարգացումները յուրաքանչյուր ռուսաստանցու համար հոգեբանորեն, զգացմունքային առումով կարեւոր են, այժմ նկատվում է, որ Վլադիմիր Պուտինը ձգտում է ցույց տալ, որ «սառը պատերազմից» հետո ամրագրված խաղի կանոններով նա պատրաստ չէ խաղալ, որ ՌԴ-ն ինքնուրույն ունի իր կշիռը: Այլ հարց է, թե որքան կարող է նա այդ կշիռն ունենալ եւ պաշտպանել այդ կշիռը, սակայն հայտը, այնուամենայնիվ, ներկայացված է: Այսինքն` մենք չենք ցանկանում խաղալ այն կանոններով, որոնք Վաշինգտոնն ու Բրյուսելն են թելադրում, մենք պատրաստ ենք քննարկման, բայց ոչ այնպիսի քննարկման, թե` կեցցե այն ժողովրդավարությունը, որը մեզ պետք է գան, սովորեցնեն ուսուցիչները, այլ դա պետք է լինի հավասարների երկխոսություն:

Իմ կարծիքով՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ՌԴ-ն Արեւմուտքից ընդամենը երկու բան է խնդրել. առաջինը` հետխորհրդային տարածքը Ռուսաստանի շահերի համար առանձնահատուկ է եւ պատրաստ չէ նահանջի ու զիջումների այս հարցում: Երկրորդը` խոսեք մեզ հետ այնպես, ինչպես Չինաստանի հետ: Չինաստանում էլ գոյություն ունեն մարդու իրավունքների խախտումներ, ներքին բավական խնդիրներ կան, բայց Արեւմուտքը այդ խնդիրները չի շեփորահարում, Չինաստանի հետ շարունակում են առեւտուրը, պրագմատիկ հարաբերությունները: Մոսկվան էլ էր դա առաջարկում` մոռացեք մեր ներքին քաղաքականությունը, դա մեր գործն է, մեզ հետ շփվեք՝ ինչպես Չինաստանի հետ եք շփվում, հավասարը հավասարի հետ, եւ ամեն ինչ լավ կլինի: Ցավոք, նման մոտեցում չցուցաբերվեց:
Մոսկվային մշտապես նյարդայնացրել է, որ արեւմտյան «ուսուցիչները» հատկապես պահանջկոտ էին ժողովրդավարության քննությունների հետ կապված Մոսկվայի նկատմամբ, սակայն մյուս գործընկերների, ինչպիսիք են` Պակիստանը, Չինաստանը, Սաուդյան Արաբիան, նրանց նկատմամբ պահանջների նման բարձր նշաձող չի դրվում: Կարծում եմ՝ ղրիմյան գործընթացը նշածս երեք մակարդակներում սրեց իրավիճակը: Դա, իհարկե, միայն Ղրիմի ու Ուկրաինայի շուրջ իրավիճակով չէր պայմանավորված, այլեւ միջազգային կացությամբ, քանի որ միջազգային հարաբերությունների` Յալթայի եւ Պոտսդամի համակարգը մահացել է, նորն էլ այդպես էլ չստեղծվեց: Ստեղծվեց մի իրավիճակ, որտեղ ԱՄՆ-ն առաջնային դիրքերում էր, բայց այդ համակարգը ոչ բոլորին է ձեռնտու, այդ թվում նաեւ՝ Եվրոպային: Շատ եվրոպացիներ այդ մասին, իհարկե, բաց չեն ասում, բայց հավատացնում եմ ձեզ, որ շատ փորձագետների հետ իմ շփումներում, Թուրքիայից, Հունաստանից, Բուլղարիայից, նույնիսկ Գերմանիայից ԱՄՆ-ի գերիշխող դիրքից դժգոհություններ կան, որ բացարձակ մենաշնորհները վնասակար են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությունում:

– Պաշտոնական Կիեւը, ինչպես եւ Արեւմուտքը, ԵԱՀԿ-ն, միջազգային այլ կազմակերպություններ Ղրիմի հանրաքվեն հակասահմանադրական են որակում: Գնահատականներ են հնչում, որ ՌԴ-ն հայտնվել է միջազգային մեկուսացման մեջ, ինչի հետեւանքները դեռ կզգացվեն, համաձա՞յն եք այս տեսակետի հետ, եւ առհասարակ, ինչի՞ հասավ, ի՞նչ շահեց Ռուսաստանն այս ողջ գործընթացում:

– Իհարկե, ակնհայտ է, որ ՌԴ-ն հայտնվել է մեկուսացման մեջ, սակայն մեկուսացման մեջ պատմության ընթացքում շատ երկրներ են հայտնվել: Օրինակ՝ եթե դիտարկենք ԱՄՆ-ին, նրա գործունեությունը Գրենադայում, նույնիսկ ՆԱՏՕ-ի գործընկերները չաջակցեցին ԱՄՆ-ին: Կարելի է նաեւ այլ օրինակներ բերել: Այո՛, այս պահին ՌԴ-ն հայտնվել է մեկուսացման մեջ: Նա չունի ռազմական, տեղեկատվական ռեսուրսներ, չունի հզոր դաշնակիցներ, որոնք կաջակցեին նրա որոշումները: Բայց իմ կարծիքով՝ մենք երկու բան պետք է գիտակցենք: Առաջինը` զգացմունքային դաշտում է, երբ որոշակի հիստերիա է դրսեւորվում Ղրիմի հարցում, եթե դիտենք ռուսական հեռուստակայանների հաղորդումները, քաղաքական-հասարակական գործիչների դիրքորոշումները: Երկրորդը ռացիոնալ հատիկն է: Եթե մենք մի կողմ նետենք հիստերիան, դիտարկենք ռացիոնալ հատիկը, ապա տեսնում ենք, որ Կիեւում նոր իշխանություններ եկան, որոնք շահագրգռված են ռուսական ազդեցության նվազեցմամբ. դա ակնհայտ է: Ինքը` Յանուկովիչը, ի դեպ, ռուսամետ առաջնորդ չէր, այդ հիմա է նրան Արեւմուտքը քննադատում, սակայն դեռ երեք-չորս ամիս առաջ նրան լպստում էին եւ պատրաստ էին նրա հետ ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: Յանուկովիչը գոնե պատրաստ էր հավասարակշռություն պահպանել Արեւմուտքի եւ ՌԴ-ի միջեւ, անվանեք` նստել երկու աթոռի վրա կամ այլ կերպ՝ ինչպես կուզեք, այնուամենայնիվ՝ նա պատրաստ էր հավասարակշռել: Բայց նրան հաջորդողները շատ հնարավոր է, որ հարց բարձրացնեին, օրինակ` ՌԴ-ի Սեւծովյան նավատորմի դուրսբերում` 2017-ին: Մոսկվային դա կարո՞ղ էր ձեռնտու լինել… Ո՛չ, որովհետեւ չափազանց կարեւոր են Սեւծովյան նավատորմը, Սեւաստոպոլի բազան ՌԴ-ի հարավային սահմանների անվտանգության համար: Ինչպիսի՞ն կլինեին Պուտինի դիրքերը երկրի ներսում, եթե նման հնարավորությանը համաձայներ նա, ի՞նչ եք կարծում՝ ռուսաստանցիները երկրի ներսում կհամաձայնեի՞ն նախագահի քաղաքականության հետ: Կարծում եմ՝ ոչ: Օրինակ՝ եթե հայ որեւէ ղեկավար հայտարարի, որ Ղարաբաղը վերադարձնում է, ինչպիսի՞ն կլինի նրա ճակատագիրը… Չէ՞ որ Հայաստանն էլ է մեկուսացման մեջ գտնվում, չորս սահմաններից երկուսը փակ են, ու թեեւ միջազգային հանրությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն հայ առաջնորդները պնդում են, որ Ղարաբաղի հայերը ինքնորոշման իրավունք ունեն: Ես սա ասում եմ, որպեսզի հստակ լինի, որ ոչ միշտ են ներքաղաքական որոշումները ժողովրդականություն վայելում եւ տնտեսական առավելություններ ապահովում: Շատ հաճախ առաջին պլանում զգացմունքներն են: Յուրաքանչյուր ռուսաստանցու համար Սեւաստոպոլը նույնն է, ինչը հայի համար՝ համարյա Ստեփանակերտը, այդ պատճառով ես չէի ասի, թե խոսքը այս դեպքում շահի մասին է: Ավելի ճիշտ կլինի ասել այն մասին, որ ՌԴ-ն շատ բան կարող էր կորցնել, այս իրավիճակում Ռուսաստանի քաղաքականությունը բավական կաշկանդված է, բայց կտեսնենք, թե այն ինչի կհանգեցնի:

Այս իրավիճակից երկու ելք կա` առաջինը հակամարտության ընդլայնում, երբ Ռուսաստանն ու Արեւմուտքը տանուլ են տալիս խաղը: Երկրորդը` երբ կողմերը հասնում են մի ծայրահեղ կետի եւ հարցնում են` ինչո՞ւ շարունակել, գուցե արժե նստել ու պայմանավորվել խաղի կանոնների շո՞ւրջ, չէ՞ որ ՌԴ-ից էլ ինչ-որ բան, այնուամենայնիվ, կախված է՝ էներգետիկ մատակարարումները ԵՄ-ին եւ այլն, մենք էլ կախված ենք Եվրոպայից վճարվող գումարներից: Երկու ճանապարհ կա` կամ խաղը տանուլ ենք տալիս, կամ հասնում ենք որոշակի աշխարհաքաղաքական կանոնների ձեւավորման:

– ԱՄՆ-ը հրապարակեց ռուսաստանցի պաշտոնատար անձանց ցուցակը, որոնց նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեցին՝ կապված Ուկրաինայում եւ Ղրիմում իրադարձությունների հետ: Համոզմունք է հնչում, որ պուտինյան Ռուսաստանը կարող է վերածվել միլիտարիստական պետության, որը գնում է դեպի տոտալիտարիզմ: Ձեր կարծիքով՝ այս իրավիճակում Արեւմուտքի եւ ՌԴ-ի միջեւ հակամարտությունը կխորանա՞, թե՞ կգնա դեպի մեղմացում: Եվ դեռ այսօր էլ խոսվում է պատերազմի մասին. ՌԴ-ն ցանկանո՞ւմ է պատերազմ Ուկրաինայի հետ:

– Պատերազմի մասին շատ բան է ասվում… Դա ինձ մի անեկդոտ է հիշեցնում, երբ մի տարեց կին Օդեսայում հարեւանուհուն հարցնում է` ի՞նչ է, հիվանդացե՞լ ես, կինը հարցնում է` իսկ ինչո՞ւ ես կարծում, որ հիվանդ եմ, մյուսը պատասխանում է՝ բայց չէ՞ որ քո տնից առավոտյան բժիշկ դուրս եկավ… Հետեւում է մյուսի հակադարձումը` եթե քո տնից գնդապետ դուրս եկավ, ուրեմն ես էլ ասեմ, որ պատերա՞զմ է սկսվելու… Պատերազմի մասին բոլորն են խոսում, սակայն ես այս պահին չեմ տեսնում ռազմական բախումների հնարավորություն: Հուսով եմ, որ բավարար խելք կունենան, որպեսզի ռազմական գործողությունների մեջ չմտնեն: ՌԴ իշխանությունները շատ լավ գիտակցում են, որ Կիեւում ռուսամետ տրամադրություններ չկան, ինչպես նույն իրավիճակն էր Թբիլիսիի դեպքում, երբ ասում էին` Մոսկվան կհարձակվի Թբիլիսիի վրա 2008-ին: ՌԴ-ն գիտակցում էր, որ Աբխազիայում եւ Հարավային Օսիայում աջակցություն ունի, իսկ Թբիլիսիում չունի, ինչպես հիմա գիտակցում է, որ Ղրիմում ունի աջակցություն, Կիեւում` չունի:

Ինչ վերաբերում է տոտալիտարիզմին, ապա եկեք հասկանանք, որ տոտալիտարիզմը ենթադրում է տոտալիտար վերահսկողություն. կա՞ դրանից այսօր ՌԴ-ում… Մարդիկ ազատ դուրս են գնում երկրից արտերկիր, կինս, օրինակ, այս պահին Իտալիայում է գտնվում, մասնավոր սեփականություն կա, ի՞նչ է, սովետական պլանային տնտեսությո՞ւն է մեզ մոտ, ոչ` շուկայական տնտեսություն է, ի՞նչ է՝ ԽՄԿԿ կա… «Եդինայա Ռոսիան» իշխող կուսակցություն է, բայց պարտադիր չէ նրան անդամակցել, օրինակ` ես «Եդինայա Ռոսիային» չեմ անդամակցում, դասավանդում եմ, աշխատում եմ մասնավոր բիզնեսում: Ասել, թե կա տոտալիտարիզմ ՌԴ-ում, դա թեմայի էությունից հեռանալ է: Այո՛, ՌԴ-ում հիբրիդային ռեժիմ է, որում կան եւ ժողովրդավարության, եւ ավտորիտարիզմի տարրեր: Այո՛, նախագահի դերը չափազանց մեծ է, ավելին, քան արեւմտյան երկրներում, նույնիսկ անձի պաշտամունք էլ կա, բայց միեւնույն է՝ դա տոտալիտարիզմ չէ: Ծայրահեղ դեպքում կարելի է ասել՝ թույլ ավտորիտարիզմ:

– ԼՂՀ ԱԳՆ-ն դիտարկում է Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում հանրաքվեի անցկացումը որպես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման հերթական դրսեւորում: Ղրիմի հանրաքվեից հետո Մերձդնեստրի Գերագույն խորհրդի նախագահը նամակ հղեց Պետդումայի ղեկավար Սերգեյ Նարիշկինին՝ խնդրելով Մերձդնեստրը միացնել ՌԴ-ին։ Պարոն Մարկեդոնով, մեզ մոտ վերջերս շատ են զուգահեռներ տարվում Ղարաբաղի եւ Ղրիմի միջեւ, այսպիսի մի հարց` ՌԴ-ի կողմից Ղարաբաղի նկատմամբ հավակնություններ կարո՞ղ են լինել:

– Կարծում եմ, որ ներկայիս պայմաններում` ոչ: Դա կլիներ, եթե Ադրբեջանի հետ հարաբերությունները կտրուկ կերպով վատթարանային: Չափազանց կարեւոր է նկատել, որ ՌԴ-ի դիրքորոշումները հակամարտությունների կարգավորման մեջ կարծես արտատպում են` եթե ՌԴ-ն այսպես վարվեց Հարավային Օսիայում, ուրեմն Ղրիմում էլ այսպես կվարվի: Այդպես վարվեց նախ՝ վեց տարի անց եւ ոչ հենց այնպես, այլ երբ նման իրավիճակ ստեղծվեց: Համոզված եմ, որ 2008-ին Մոսկվան չէր ճանաչի Հարավային Օսիան, եթե Սաակաշվիլին չհարձակվեր Ցխինվալի վրա: Եթե Կիեւում հեղափոխական իշխանություններ չգային` Ղրիմի իրադարձությունները չէին լինի: Եթե Ադրբեջանը չհարձակվի Ղարաբաղի վրա, ՌԴ-ն չի ճանաչի Ղարաբաղը: Ախր, ՌԴ-ի քաղաքականությունը միայն այն հարցը չէ, թե ինչ է անում ՌԴ-ն, այլեւ այն է, թե ինչպես են վարվում ՌԴ-ի հետ. այս մասին մշտապես մոռանում են: Իսկ ինչո՞ւ է ՌԴ-ն այս կամ այն բանն անում… Գուցե նրա հանդեպ էլ են այս կամ այն ձեւով վարվում: Ես չեմ կարծում, որ Մերձդնեստրն ու Ղարաբաղը վաղը ՌԴ-ն կդիտարկի այս կամ այն կողմից: Կապրենք՝ կտեսնենք: Ակնհայտ է, որ եվրաինտեգրման առումով Մոլդովայում բարդ իրավիճակ է, հանրաքվե եղավ, նույնիսկ ոչ թե Մերձդնեստրում, այլ Գագաուզիայում, որը Մոլդովայի մասն է եւ իրեն առանձին միավոր չի հռչակել:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Норайр says:

    Если даже Азербайджан нападет на Арцах, Россия не признает независимость Арцаха. Им это не выгодно. Они будут ждать. Победим мы, заставят плоды победы уступать Азербайджану, “ради мира”. Как было в прошлой войне. Заставят остановить удачное наступление и заключить мир. Кстати, нам общие границы с Россией не дадут создавать. Им не выгодно. Станем сильнее и независимее. Победят азербайджанцы, попробуют угрозами у них получать материальные, может даже политические выгоды. С паршивой овцы хоть клок шерсти. Реально, Россия не может вмешиваться. Армения не Украина. Здесь русские не живут. Русские люди не хотят, чтобы их сыны умирали за “армяшек”. Кстати, Азербайджан тоже не Украина. Даже русские военные эксперты признают, что вооруженные силы России не в состояние вести наступательную войну против армии Азербайджана. Только оборонительную. Сил не хватит. Большие потери понесут. Мотивация русских в подобном конфликте, слишком низка. Вся их надежда на то, что армяне чудом победят, отобьют у азербайджанцев те вооружения, которые русские им продали, сделают Азербайджан слабым и податливым. Нашими руками хотят каштаны вытащить из огня. Исключительно для себя. А мы что хотим? ТЫ РАБ? ТЫ ТРУС? ТЫ АРМЯНИН?

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31