Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկը դանակահարել է կնոջը, այրել տունը. (Տեսանյութ)

Մարտ 19,2014 21:53

Ազատամարտիկ Լեւոն Աղաբեկյանը անցած տարվա աշնանը կնոջ հետ վիճաբանելուց հետո դանակահարել է նրան:

Ազատամարտիկի կնոջ՝ Սիրանուշ Աղաբեկյանի պատմելով, ամուսինը վերջին տարիներին հարբեցողությամբ է զբաղված եւ հարբած վիճակում մշտապես վեճեր է ստեղծել իր ու երեխաների հետ. «Միշտ վիճաբանել ենք, ծեծել-ջարդել է, դուրս գցել տնից: Գնացել եմ երեխաներիս հետ քրոջս տանն ապրելու: Հոկտեմբերի իննին գործից տուն գնալու ճանապարհին էլի հարբած եկավ, առաջարկեց տուն վերադառնամ, չհամաձայնեցի, այդ ժամանակ դանակահարեց ինձ»:

Տիկին Աղաբեկյանի խոսքով, դանակահարության փաստով ինքը դիմել է ոստիկանություն, հարուցվել է քրեական գործ,  բայց հետո ինքը որդու խնդրանքով հետ է վերցրել բողոքը` ամուսնուն անազատության չդատապարտելու համար:

Իր հերթին Լեւոն Աղաբեկյանը խոստացել է այլեւս չանհանգստացնել կնոջն ու երեխաներին եւ գնացել էր Տավուշի մարզ՝ մորական տուն. «Մի քանի անգամ զանգել է  տղու հետ խոսել, բայց չի եկել: Այս տարվա հունվարի մեկի գիշերը գնացել ենք քրոջս տուն՝ Նոր Տարի շնորհավորելու, հարեւաններս գիշերով զանգահարել են, թե  տունդ  այրել են: Նախկին ամուսինս էլի հարբած գնացել,  այրել է, ասել է, հարեւաններն էլ լսել են, որ ասում էր՝  եթե չեմ վայելելու, թող իրենք էլ չվայելեն»:

Սիրանուշ Աղաբեկյանը դիմել է Վանաձորի ոստիկանություն, բայց այստեղ գործը կարճել են՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Տիկին Աղաբեկյանը դիմել է Վերաքննիչ քրեական դատարան՝ բողոքարկել ոստիկանության որոշումը եւ պահանջում է ամուսնուն քրեական պատասխանատվության ենթարկել, փոխհատուցել գույքի վնասները:

Այսօր վերաքննիչ քրեական դատարանում այս գործով դատական նիստը հետաձգվել է ազատամարտիկին մորական տնից բերման ենթարկելու դատավորի որոշմամբ:

Մանրամասները՝ տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31