Լրահոս
Օրվա լրահոսը

Արմինե Դարբինյան. Հայոց ցեղասպանության ճանաչումը ժամանակի խնդիր է

Մարտ 21,2014 15:13

«Ինձ համար Ցեղասպանության ճանաչման հարցն արդեն ժամանակի հարց է, ինչքան էլ դա դուր չգա ոմանց, ովքեր հաճախ անհեթեթ կոչեր են հնչեցնում`Ցեղասպանության ճանաչման հարցը հանել ՀՀ-ի արտաքին քաղաքականության օրակարգից: Հիմնավորումներն ավելի քան պարզ են`բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ`տնտեսական շարժի ակնկալիքով: Այլ խոսքով`ընտրություն կատարել շահի եւ բարոյականության միջեւ: Սակայն, պատմությունը լի է խոսուն օրինակներով, երբ բարոյական զիջումների վրա կառուցված գործընթացները միեւնույն է, դատապարտված են կործանման»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արմինե Դարբինյանը:

Այսօր Երեւանում մեկնարկել է եւ երկու օր իր աշխատանքները կշարունակի «Հայոց ցեղասպանություն. Դասեր անցյալից՝ հանուն ապագայի» խորագրով համաժողովը, որի շրջանակներում քննարկվելու են Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանության տարաբնույթ ասպեկտները: Համաժողովը կազմակերպել են Ամերիկայի հայկական համագումարը և Երիտասարդ առաջնորդների դպրոցը, համագործակցելով Տարածաշրջանային իրադարձությունների գիտավերլուծական կենտրոնի հետ:

«Ամերիկայի հայկական համագումարն այն բացառիկ կառույցներից է, որն արդեն չորս տասնամյակից ավելի իր պարտքն է կատարում`Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակի առջեւ`հետեւողականորեն աշխատելով Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ»,- ասաց տիկին Դարբինյանը`հավելելով, որ. «Դա առավել արդիական է մեր օրերում. ամենուր տեղի ունեցող վտանգավոր զարգացումները վկայում են այն մասին, թե երբեմն ինչքան մոտ է լինում աշխարհը`նման արյունալի իրադարձություններին: Նման պայմաններում եւ ոչ մի պետություն ցեղասպանության վտանգի առջեւ կանգնելուց երաշխավորված չէ, ուստի օր առաջ պետք է դատապարտվի ցեղասպանությունը`բարոյական պարտք կատարելով համաշխարհային հանրության խաղաղ ապագայի համար»:

Քաղաքագետ, Երիտասարդ առաջնորդների դպրոցի ղեկավար Արտակ Շաքարյանն էլ գտնում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում նորովի մոտեցումներ են պետք: «Մարդիկ հոգնել են պետությունների հետ աշխատելուց, մեր ԱԳՆ-ն պետք է փորձի հարցին հետամուտ լինել հավաքագրելով արտասահմանցի հայ ուսանողներին, որոնք դա կարող են անել անհատական աշխատանք իրականացնելով: Այդ մարդիկ նախ պետք է անգլերեն լեզվին տիրապետեն եւ լավագույնս ծանոթ լինեն Հայոց ցեղասպանության պատմությանը»,- ասաց բանախոսը`հավելելով, որ Թուրքիան, Ադրբեջանն օրինակ, նման աշխատանքի մեթոդ ունեն եւ հատուկ հարցաշարեր են մշակված, որոնք պետք է այդ մարդիկ օգտագործեն հայերի հանդիպելիս, կամ Հայոց ցեղասպանության մասին տեսակետ ներկայացնելիս: Քաղաքագետն անձամբ է ականատես եղել, երբ հինգ հայ տարբեր, նաեւ իրարամերժ տեսակետներ են հայտնել Հայոց ցեղասպանության մասին`օտարների մոտ անվստահության հետք թողնելով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31