Լրահոս
Օրվա լրահոսը

Արևելագետը` Քեսաբում հայերի վրա կատարված զինված հարձակումների մասին

Մարտ 24,2014 23:37

Aravot.am-ի հետ զրույցում արևելագետ Արտակ Ավետիսյանը, վերլուծելով Թուրքիայի տարածքից Սիրիայի հայաբնակ  Քեսաբի շրջան  կատարած զինված հարձակումների  մասին, հետևյալ կարծիքը հայտնեց. «Թուրքի դիվանագիտությունը միշտ պղտոր ջրում ձուկ որսալն է, միշտ էլ խառը իրավիճակներում թուրքերը սիրել են օգտվել: Առաջին համաշխարհային  պատերազմի ժամանակ ամբողջ ռազմաճակատում Թուրքիան կնահանջներ, երբ որ ռազմաքաղաքական ղեկավարությունը նստած կապիտուլյացիա կստորագրեր, արևելյան ճակատում, օգտվելով բարենպաստ իրավիճակից. հայկական կողմի անճարակությունից  իրենք կհարձակվեին: Թուրքի հոգեբանությունն է փախցնել` առանց շատ մտածելու հետևանքի մասին: Իրենց պատմությունը միշտ ապացուցել է, որ էդ պահին ինչ արեցին, ճիշտ արեցին. Հայոց ցեղասպանություն եղավ, ճիշտ եղավ, Կիպրոսը գրավեցին, ճիշտ արեցին, քրդերին ջարդեցին, ճիշտ արեցին…Ամեն ինչ անպատասխան է մնում, էսօր էլ իրենց եղբայր Ամերիկան, մեր մեծ եղբայրը`Ռուսաստանը կապացուցեն, որ ուժեղի մոտ թույլը մեղավոր է, ամբողջ աշխարհի քաղաքականությունն է:

Թուրքը տվյալ  պարագայում օգտվեց Սիրական կառավարության` էս պահին Քեսաբի մասին չմտածելուց, այս պահին էնքան էլ անհրաժեշտություն չէր Քեսաբը, չնայած որ Ասադիի եղբայրը զոհվեց այնտեղ: Օգտվելով այս խառը վիճակից` նման բան եղավ:

Հետո մյուս խնդիրը կա, ես չեմ ուզում սուբյեկտիվ լինել, բայց եթե չլիներ Քեսաբը, հնարավոր է ճակատամարտի ելքը չակերտավոր  էդպես չընթանար  ու էդ ձևի վերջաբան չունենար, որովհետև Քեսաբում ապրում էին այն կորցնելու հակված մարդիկ: Ես մեր հայերին չեմ ուզում վատ բան ասել, բայց էդ նույն տարածքում որպես տարածքային խնդիր վերցնենք, ճակատամարտ, եթե դա  լիներ սովորական շարքային արաբական բնակավայր, կարող էին մինչև այս պահը մարտեր ընթանալ, բայց սիրիահայը, չեմ կարծում, էն տեսակն էր, որ էդ պահին պիտի կռվեր: Իրենք այս երեք տարվա ընթացքում շատ պասիվ մնացին, չնայած երևի դրական չեզոքության հասնող պասիվությունը ամենաճիշտն էր: Նրանք մտածում էին, թե դա իրենց կռիվը չէ, ավելի լավ է  ազատվեն էդ վտանգից, հետո Աստված ողորմած է: Սփյուռքահայը միշտ զգուշավոր է, Հայաստանի ու Սփյուռքի հայերը երկու տարբեր հայեր են:

Սովետական միության դաստիարակությունը Աֆղանական պատերազմը, երկրորդ համաշխարհային պատերազմը, Հունգարիան, Չեխոսլովակիան, թեկուզ և ջարդերը սովետական բանակի սապոգ հագած մարդու ու մարդուց ծնված տղերքից տվեց Արցախյան ազատամարտի հերոս: Սփյուռքից մենք ունենք տղեք, որոնք եկան Հայաստան, հերոսացան, բայց  տվյալ դեպքում քեսաբցիները գտնում էին, որ դա իրենց կռիվը չէր: Երկրորդ,  իրենք մտածում էին, որ ինքնապաշտպանության համար պատրաստ չէին, քանի որ իրենց կռիվը չէ, ինչու պիտի իրենք պաշտպանեին, թող սիրական կառավարությունը իրենց պաշտպաներ: Երրորդ, մեր հայը փախչելու տեղ ունի, տաս տարի առաջ ոչ մի սիրիահայ երազում չէր կարող մտածել, որ իրեն կարող են ստիպել Սիրիայից գաղթել, լավագույն դեպքում ինքը կգնա Ամերիկա, Կանադա, Ավստրալիա ավելի լավ կյանքի հետևից: Որևէ մեկը մտքով չէր անցնում, որ հայի համար բարեկեցիկ երկիրը կարող է քանդվի, ավիրվի, ու հայը էնտեղ բաներ կորցնի: Քո հայրենիքը չէ, և  հայրենիքի զգացողություն չկա, հողի, ջրի զգացողություն ու կռվի անհրաժեշտություն չկա:

Դրսում բարեկամներ ունենալը Սիրիահայ գաղութի  հերը անիծեց, կային մարդիկ, որոնք բարեկամներ ունեին դրսում` Ամերիկայում, Եվրոպայում, Կանադայում, Ավստրալիայում, առաջինը, ով հնարավորություն ուներ, արդեն փախել էր, էլ չեմ ասում Հայաստանը: Հալեպում մնացել էին միայն անճար հայերը, որոնց դրսում մարդ չի սպասում, բարեկամներ չունեն: Թուրքերը ճիշտ ժամանակին օգտվեցին, մեր հայերն էլ մտածեցին իրենց կռիվը չէ, մենք էնտեղ չենք տեղավորվում»:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    Ակնհայտ թշնամու արտահայտած կարծիք ու մտքեր: մենակ թշնամին կասի, թե -“Քո հայրենիքը չէ, և հայրենիքի զգացողություն չկա, հողի, ջրի զգացողություն …” դուք սիրիահայերին հարցրել եք, արդյոք իրենք Սիրիան իրենց հայրենիք համարում են թե ոչ: և հետո չեք կարծում, որ նման բաներ հայտարարելով ուղղակի վարկաբեկում եք այնտեղ սերունդներով բնակվորղ հայերին որոնք բավական երկար ժամանակ, սերնդե սերունդ ապրել են Սիրիայում և քիչ բան չեն արել այդ երկրի համար:
    Իսկ խաղաղ բնակչության նահանջը, որ չկոտորվեն ու տուն տեղ թողնեն փախնեն հարձակվող անհամամատ մեծ ուժի առաջ, դա բոլոր պատերազմներում հաճախ հանդիպող, ցավալի, բայց նաև հասկանալի ու ըմբռնելի երևույթ է:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31