Լրահոս
Օրվա լրահոսը

Այգիները վարակված են

Մարտ 25,2014 23:32

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի  այգիները ուժեղ վարակված են կալիֆոռնիական, ավելի փոքր չափով՝ թուրանական վահանակիրներով: Կալիֆոռնիական վահանակրի վահանիկը կլոր է, 2 մմ տրամագծով: Այն ուժեղ վարակում է  դեղձենուն, խնձորենուն, տանձենուն, ծիրանենուն, շլորենուն: «Նոյեմբերյանի այգեգործների միություն» ՀԿ նախագահ, «Հայկական միրգ» ՓԲ ընկերության Տավուշի մարզի գյուղատնտես Սպարտակ Զաքարյանն ասաց, որ կալիֆոռնիական վահանակրի էգը  2000-4000 հատ ձու  է արտադրում, ձմռանը իր մարմնով փակում, պաշտպանում դրանք: Էգն այդ կերպ ոչնչանալով՝ կյանք  է տալիս մեծաքանակ սերնդի: Եթե ժամանակին դրա դեմ  բուժումներ չեն կատարվում, ծառը ամբողջությամբ պատվում է վնասատուներով,  մի տարվա մեջ ամբողջությամբ չորանում:

Սպարտակ Զաքարյանը հայտնեց, որ  դրանց դեմ պայքարի առաջին  փուլը պետք է իրականացնել  ծառերի բողբոջների ուռչելու ժամանակ, երկրորդ փուլը՝ մայիսին, ծառերի ծաղկաթափից հետո, երրորդը՝ հուլիսին:  Թուրանական վահանակրի էգն  ավելի փոքր թվով ձվեր է արտադրում:

Ս. Զաքարյանի վկայությամբ՝ պտղատու այգու մեկ  հեկտար տարածքում այդ վնասատուի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է  30-40 հազար դրամի բուժանյութ:  Արդյունավետ են գերմանական եւ ճապոնական բուժամիջոցները: Սակայն նոյեմբերյանցի շատ այգեգործներ, սոցիալական վատ վիճակում գտնվելով՝ օգտվում են շուկան հեղեղած պարսկական եւ  թուրքական էժան  բուժանյութերից, որոնք  անարդյունավետ  են: Ս. Զաքարյանն ասաց, որ եթե   տարածաշրջանի համայնքապետերը գյուղերում այգեգործներին հավաքեն, ինքը պատրաստ է պտղաբույծներին  անվճար մասնագիտական խորհրդատվություն կատարել:  Կալիֆոռնիական եւ թուրանական վահանակիրների եւ դրանց  դեմ պայքարի միջոցառումների մասին  տեղեկատվություն է տպագրել գյուղատնտեսության աջակցության Տավուշի մարզային կենտրոնի «Ֆերմեր» թերթը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31