Լրահոս
Օրվա լրահոսը

Ուորլիքի թվիթերյան թափանցիկությունն ու ԼՂ բանակցային գործընթացի բարդությունները

Մարտ 26,2014 12:30

Մոսկվան կտապալի՞ Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը

Աշխատանքային այցով Նիդերլանդների Թագավորությունում գտնվող Սերժ Սարգսյանը կիրակի օրը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Համանախագահները, նախագահականի տարածած հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանի հետ քննարկել են Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակին եւ հետագա քայլերին վերաբերող հարցեր: Այս այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը մարտի 24-25-ին մասնակցում էր Հաագայում անցկացվող Միջուկային անվտանգության գագաթնաժողովին:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, որը հանդիպել էր Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին եւ այդ հանդիպումները դրական գնահատել, Twitter-ի իր էջում գրել էր, որ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը համաձայնել են հանդիպել, եւ ճշտվում է հանդիպման հնարավոր ժամկետը:
Մի պահ, կարծես, տեղեկատվություն տարածվեց այն մասին, թե համանախագահները ծրագրում են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպել մարտի 24-25-ին՝ Հաագայի միջուկային անվտանգության վեհաժողովի շրջանակներում:

«Դրական հանդիպումներ ենք ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: Միասին աշխատելով՝ տեւական խաղաղությունը հնարավոր է»,- Twitter-ի իր էջում գրել էր Ջեյմս Ուորլիքը՝ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ կայացած հանդիպմանը: Նա նաեւ մեկ այլ գրառում է կատարել. «Ինձ ուղղեցին այսօր՝ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ է: Եվ, այնուամենայնիվ, մենք խնդրի խաղաղ լուծում ենք ցանկանում բոլոր կողմերի համար»: Իմիջիայլոց, ամերիկացի համանախագահի նշյալ ուղղումը Ադրբեջանում մեծ դժգոհություն է առաջացրել: Ըստ Panorama.am-ի` Ադրբեջանի նախկին նախագահի խորհրդական Վաֆա Գուլուզադեն, օրինակ, հայտարարել է, թե պետք է Ուորլիքին «վռնդել» ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահությունից:

Երեկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Հաագայում առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ: «Երկու երկրների նախագահների հանդիպման վերաբերյալ սկզբունքային համաձայնությունը կայացվել է: Հանդիպման ժամկետները դեռ կքննարկվեն»,- Twitter-ի իր էջում գրել է դեսպան Ուորլիքը` հույս հայտնելով, որ եթե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները բաց լինեն կառուցողական երկխոսության համար, նրանք կկարողանան հարատեւ խաղաղության ճանապարհը գտնել:
Ուկրաինական իրադարձությունների համատեքստում ավելի վաղ Ուորլիքն անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ նշել էր, թե անհրաժեշտ է փորձել հասկանալ՝ ի՞նչ դասեր քաղել Ուկրաինայի իրադարձություններից` «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության համար»:

Այսինքն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի գրառումների ժամանակագրությանը հետեւելով՝ կարելի է եզրակացնել, որ համանախագահներն, այնուամենայնիվ, որոշակի հույս ունեցել են նախագահների ֆորմատով հանդիպում կազմակերպելու համար, դրա համար նրանք մեկնել են այդ ճամփորդությանը: Համենայնդեպս, ամերիկացի համանախագահի թվիթերյան գրառումներից նման տպավորություն էր ստեղծվում վերջին օրերին:
Սակայն երեկ պարզվեց, որ կարգավորման գործընթացում շահագրգիռ կողմերը պետք է սահմանափակվեն այսքանով` նախագահների հանդիպման վերաբերյալ սկզբունքային համաձայնությունը կայացվել է, հանդիպման ժամկետները դեռ կքննարկվեն…
Ռուս-ուկրաինական ճգնաժամի, ապա նաեւ` Ռուսաստան-Արեւմուտք փոխհարաբերություններում ընդգծված լարվածությունը կարող է անդրադառնալ նաեւ Ղարաբաղյան կարգավորման՝ առանց այն էլ էական առաջընթացներ չարձանագրող, ձգձգվող գործընթացի վրա:

Վերջին ամիսներին ամերիկացի համանախագահի ակտիվությունը վկայում է այն մասին, որ պաշտոնական Վաշինգտոնը կարգավորման գործընթացում առաջնային դեր ստանձնելու որոշակի քայլեր է իրականացնում` նպատակ ունենալով կարգավորման գործընթացում բարձրացնել Վաշինգտոնի հեղինակությունը: Իսկ Ուորլիքը, տպավորություն է ստեղծվում, Մինսկի խմբում միայնակ գործելու իր մարտավարությունը չի էլ ցանկանում թաքցնել:

Այսօր Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության պայմաններում պաշտոնական Մոսկվան, որը ձգտում է բոլոր ձեւաչափերում «հակահարված» հասցնել Արեւմուտքին` ՌԴ-ի դեմ պատժամիջոցների համատեքստում, կարող է հեշտությամբ տապալել նաեւ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում միջնորդական քայլերը:

Առհասարակ, ամերիկացի միջնորդի թվիթերյան գրառումները արդեն մի քանի ամիս է, ինչ սկսել են մի տեսակ թափանցիկություն ապահովել կարգավորման գործընթացի թեկուզ տեխնիկական-կազմակերպչական հարցերի վրա, ինչը աննախադեպ երեւույթ է Ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Ուորլիքն իր թվիթերյան թափանցիկությամբ կարծես բացահայտում է Ղարաբաղյան կարգավորման գործընթացի փոքրիկ անորոշությունները, առայժմ` նոյեմբերից հետո նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպելու որոշակի բարդությունները:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31