Լրահոս
Օրվա լրահոսը

Շեկոյի սպանության գործով խանութատեր-վկան դատախազին. «Հարազատ, չեմ հիշում կրակոցի քանի ձայն առա»

Մարտ 26,2014 23:48

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Վարդան Ղուկասյանի եղբոր որդու` Վահե Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում դատարանը լսեց նաև Շիրակացի փողոցի խանութատերերին: Հիշեցնենք, որ անցած տարվա ապրիլի 23 –ին Գյումրում հնչած կրակոցները, որի պատճառով մահացավ Աժ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբոր թիկնապահ Շեկոն , իսկ այդ նույն հորեղբոր երեխաների կնքահայրը`քավոր Հարութը, մարմնական ծանր վնասվածքներ ստացավ, հնչել էին Շիրակացի փողոցի «Ցածր գներ» վաճառատան մոտ:

Դատարանը նաև հարցաքննեց «Միլենա» խանութի  տիրոջը` Մերուժան Ղազարյանին: Վերջինս իր դիմելաձևով, բառապաշարով բավական զարմացրեց դատավարության մասնակիցներին: Նա սկզբիցևեթ ասում էր, որ իր գործերը իրեն ավելի հետաքրքիր են եղել, քան դրսում հնչած կրակոցները: Նրա ներկայացմամբ, ինքը ուժեղ ձայն է լսել, երբ իր մոտ եկել  է մի հաճախորդ «պեսոկ» գնելու նպատակով: Հաճախորդը հարցրել է, թե էս ի՞նչ ձայն է, ինքն էլ պատասխանել է. «Երևի էրեխեքը գմբուցիկներ կպայթեցնեն»: Դուրս գալով խանութից` տեսել է, որ իրենց հարևան  քավոր Հարութը վիրավոր է:

Դատախազի այն հարցին, թե կրակոցի քանի՞ ձայն եք լսել, վկան ոչ ավել, ոչ պակաս, դատախազին դիմելով ասաց. «Հարազատ, չեմ հիշում, տեսա, որ Հարութի դեմքին արյուն կա, տարածքում էլ Մակարով տեսակի ատրճանակ կար»: Հարազատ բառից անակնկալի եկած դատախազը ուղղեց նրան` առաջարկելով իրեն դիմել «պարոն դատախազ»-ով: Այնուհետ հարց տալու հերթը հասավ Վահե Ղուկասյանի փաստաբան Հայկ Ալումյանին, ով հետաքրքրվեց, թե վկան կրակահերթը տարբերո՞ւմ է կրակոցից: «Ձեզ ինչպե՞ս դիմեմ»,- հարցրեց վկան Հայկ Ալումյանին: «Ինձ դիմեք կամ հարգարժան փաստաբան-ով, կամ պարոն Ալումյանով»,-ասաց փաստաբանը:

Վկան ասաց, քանի որ դատարանում ստորագրել է սուտ չխոսել, ուստի ճիշտը կասի: «Երկու անգամ ուժեղ ձայն լսեցի»: Վերջինս բարբառային  այնպիսի բառեր են օգտագործում, որ փաստաբան Հայկ Ալումյանը խնդրում էր այսպես ասած թարգմանել: Օրինակ`ասում էր, այս դեպքերից հետո իրենց հարևան Սարգիսը, ով հիվանդ  տղա է, վախից «լգլգում էր»: Հայկ Ալումյանը հետաքրքրվեց,  թե դա ի՞նչ է նշանակում, թարգմանությունը եղավ` դողալը: Դատավորի այն հարցին, թե վերջին հաշվով ի՞նչ իմացավ վկան տեղի ունեցած մասին, նա հպարտորեն հայտարարեց. «Ոչ մի բան, ինձ չէր հետաքրքրում»:

Նույնը պնդում էր «Ցածր գներ» վաճառատան տնօրեն Սերգեյ Ղափլանյանը: Նա ասաց, որ աշխատասենյակում է եղել, կրակոցի մի ձայն է  հնչել, աշխատակիցները գոռացել են` խանութի վրա կրակեցին, պառկեք: Նրանք պառկել են հատակին,  իսկ երբ դուրս են եկել, ոստիկաններով շրջափակված է եղել տարածքը: Հայկ Ալումյանը հետաքրքրվեց, թե տնօրենը հետագայում չհարցրե՞ց աշխատակիցներին, թե ի՞նչ տեսան, ինչո՞ւ էին կրակում խանութի վրա: «Ոչ», -ասաց վկան: Իսկ  թե ի՞նչ հայտնաբերեցին ոստիկանները խանութից, խանութի տերն ասաց. «Պատրոններ»:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31