Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրի Վարդանյանի որդու դատական նիստը կրկին հետաձգվեց (Տեսանյութ)

Մարտ 28,2014 21:52

Այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահող դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ, կայացավ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հերթական դատական նիստը: Այսօրվա նիստին ներկայացել էր հրավիրված երեք վկաներից միայն մեկը՝  դատաբժշկական փորձաքննություն իրականացրած հանձնաժողովի նախագահ, դատաբժշկական փորձագիտական եւ կազմ մեթոդական բաժնի վարիչ Գագիկ Հարությունյանը:

DSCN6442

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ նիստին չէին ներկայացել դատաբժշկական փորձագիտական եւ կազմ մեթոդական բաժնի վարիչ Գ. Հարությունյանը,  ԱՆ գլխավոր գաստրոէնտերոլոգ, Է. Գրիգորյանը եւ ՀՀ ԱՆ վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոնի ռենտգենոլոգիական բաժանմունքի վարիչ Ա. Սանահյանը:  Վերջիններս դատարան էին հրավիրվել պաշտպան Վահան Հայրապետյանի միջնորդությամբ:  Գագիկ Հարությունյանը  տեղեկացրեց, որ մյուս երկու վկաները չեն կարողացել ներկայանալ այսօրվա նիստին, իսկ ինքը, որպես հանձնաժողովի նախագահ՝ պատրաստ է պատասխանել բոլոր հարցերին:

Վկային առաջադրված հարցին, թե որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի Դավիթ Վարդանյանի կողմից ռետինե մատնոցի մեջ փաթաթված հաշիշ տեսակի թմրամիջոցը հայտնվի սիգմայաձեւ աղիքում, փորձագետը պնդեց, որ ինչպես նշված է եզրակացությունում, օտար մարմինը կուլ տալուց հետո համապատասխան վայրում կհայտնվի 24-30 ժամում՝ հղում անելով գիտությանն ու ապացուցված փաստերին:

«Ո՞նց հասկանաք, որ պաշտպանյալս  դա կուլ է տվել հոկտեմբերի 11-ին չգիտես որ ժամին, ապա անցել է ամսի 11-ը, 12-ը, ապա ամսի 13-ի գիշերը ժամը 00:50-ին է դա նոր հայտնաբերվել, ստացվում է այնպես, որ նա օտար մարմինը կուլ էր տվել սահմանը հատելուց հետո, ոչ թե մինչեւ հատելը՝ ինչպես նշված է բացատրությունում: Եթե մինչեւ սահմանը հատելը կուլ տված լիներ, ապա այն ավելի շուտ դուրս եկած կլիներ օրգանիզմից՝ 24-30 ժամ անցել էր  արդեն», – ասաց պաշտպանը: Իսկ վկան էլ պաշտպանի խոսքին ի պատասխան տեղեկացրեց, որ մարդու օրգանիզմն օժտված է նաեւ  ինքնաղեկավարման ձեւով սնունդն օրգանիզմում պահելու հատկությամբ:

«Ես այդ տվյալների մեջ չեմ խորացել, թե երբ է  կուլ տվել, երբ է տեղափոխվել, մեզ հարցն այսպես էր ուղղված, թե ինչքա՞ն ժամանակում կուլ տված օտար մարմինը կհասներ ուղիղ աղիքի շրջան, մենք հարցին փորձաքննության շրջանակներում պատասխանել ենք, այդ մյուս հարցերը փորձաքննությանը չէր վերաբերում», – նշեց վկան: Մեղադրող կողմն էլ հղում անելով մեղադրական եզրակացությանը, հայտարարեց. «Դավիթ Վարդանյանը սահմանը հատել է հոկտեմբերի 12-ին ժամը մեկ անց երեսունմեկին, իսկ Իզմիրյան կենտրոնում համապատասխան հետազոտությունը կատարվել է  հոկտեմբերի 13-ին գիշերը  ժամը երկուսի սահմաններում, այսինքն՝ մոտավորապես 24-25 ժամ հետո, որը լիովին համապատասխանում է  փորձագետի եզրակացությանը: Իր բացատրության մեջ Դավիթ Վարդանյանը նշել է, որ  թմրամիջոցը կուլ է տվել սահմանը հատելուց   առաջ» , – հայտարարեց մեղադրող կողմը:

Պաշտպանն էլ միջնորդեց՝ Դավիթ Վարդանյանից վերցրած բացատրությունը որպես ապացույց չօգտագործել, նշելով, որ ոստիկանության բաժնում նրանից բացատրությունը վերցրել են խաբեությամբ ,սպառնալիքների ներքո եւ այլն:

Դատարանը միջնորդությունն անհիմն համարեց, քանի որ պաշտպանը չկարողացավ հիմնավորել եւ ապացուցել, թե որտեղ է բացատրությունը ճանաչվել որպես ապացույց: Դավիթ Վարդանյանը նախորդ դատական նիստերի ժամանակ նշել էր, որ ինքը թմրամիջոցը կուլ էր տվել Մեղրիից դեպի Երեւան շարժվելիս՝ ավտոմեքենայի մեջ,  երբ նկատեց, որ իրենց մեքենան շրջափակված է:

Դատական նիստը կրկին հետաձգվեց, մեղադրող կողմն առաջարկեց չավարտել դատաքննությունը՝ չբացառելով, որ հնարավոր է նոր միջնորդություններ ներկայացնելու անհրաժեշտություն առաջանա: Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 8-ին:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31