Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական ուժերը պետք է գան, ասեն` արատներ եմ ունեցել, բայց էլ չեմ անի». (Տեսանյութ)

Մարտ 28,2014 23:30

«Այս իշխանության օրոք կարող ենք մոռանալ ցեղասպանության ճանաչման հատուցման մասին, Արցախի ինքնիշխանության ճանաչման, նրա տարածքային ամբողջականության մասին, այս ապօրինի իշխանության օրոք կարող ենք մոռանալ Հայաստանի հանրապետության անկախության, մարդու իրավունքների, ազատ ընտրությունների, բնապահպանության եւ ազգային շահերի մասին»,-այսօր «Ազատության» հրապարակում «Ժառանգության» հանրահավաքին ասաց կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, որի այս խոսքերից հետո հավաքվածները ծափահարեցին ու բացականչեցին` այո՛: Այս հանրահավաքին հավաքված քաղաքացիների թիվը շատ մեծ չէր, հազիվ հասներ մոտ 1000-ի. հնարավոր է անձրեւոտ եղանակն էր պատճառը: Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում ասաց,որ ներկայիս թանկացումները, թալանը, ազգային սեփականության օտարումը, ստրկամտությունը, արտագաղթը, էներգետիկ եւ գազային համաձայնագրերը պետական հանցագործություն են, այդ ամենը կշարունակվի, եթե շարունակի մնալ, Հովհաննիսյանի խոսքերով ասած` այս ապօրինի իշխանությունը: Հարթակից ներքեւ հավաքված քաղաքացիների շրջանում այդ խոսքերից հետ ռեպլիկ հնչեց «Գրողի ծոցը դրանց ուղարկենք»:

IMG_4522

«Անկախ նրանից, թե ով է այս հարթակում, հրապարակում հավաքվածների  պահանջը ժողովրդի գերակշիռ մասի պահանջն է, այն է` այս իշխանությունը` վերից վար պետք փոխվի: Ով հավատում է այդ հրամայականին, կուսակցություն է` խորհրդարանական, թե արտախորհրդարանական, ազատամարտիկ է, գյուղացի է, քաղաքացի, երիտասարդ թելադրեց, միասին պետք լինենք»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը, շեշտելով, որ ով այդ հրամայականին հավատում է, պետք է ապրիլի 9-ին կայանալիք նոր հանրահավաքին միանա` հաղթահարելով սեփական մեղքը:

Այսօրվա հանրահավաքին ներկա էր «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, որն իր ելույթում անդրադառնալով Հայաստանի ներկա իրավիճակին, ասաց. «Առաջին հայացքից տպավորություն է, որ ամեն ինչ հանդարտ է, եւ վերահսկվում է վարչախմբի կողմից եւ իրենց կողմից մտահոգության կարիք չկա, բայց դա միայն առաջին հայացքից: Իրականում Հայաստանը նման է ականապատված տարածքի, բավական է մեկ անզգույշ քայլ եւ ականը կպայթի, եւ տեղի կունենա անկանխատեսելին: Իշխանությունները ենթադրում են, որ հնարավոր նման բան, վերջերս, երբ Շանթ Հարությունյանը մի փոքրիկ հեղափոխություն նախապատրաստեց իրենց համար, ականը հասավ հասարակությանը եւ իշխանությանը: Հիմա այս ամենը կատարվեց ինչի՞ համար, որովհետեւ երկրում ժողովրդի մեծ մասը 95%-ից ավելին իրավազուրկ է, աշխատելու, ապրելու տարրական միջոցներից զրկված, տեղական բազմաթիվ ֆեոդալների, օլիգարխների տարատեսակ զոռբայությանն են դիմանում: Այս տարբերակը իշխանության համար նվեր է: Պատահական չէ,  որ վարչապետն ասել էր` ինչ անենք, թողնենք մնա կրիտիկական զանգվածը, որ հեղափոխությո՞ւն անի, եւ իրենք ամեն ինչ անելու են, որ Հայաստանը դատարկվի»: Պետրոս Մակեյանը եւս կարծիք հայտնեց, որ միայն ամբողջական իշխանափոխությունը իրավիճակը կփոխի:

«Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանն էլ իր ելույթում ասաց, որ  Հայաստանը կորցնում է իր ինքնաիշխանությունը. «Իրավական առումով, բարեբախտաբար, ամբողջությամբ չի կորցրել, ինչը հույս է տալիս, որ կարող ենք հետ շրջել»: Պարոն Մարտիրոսյանը անդրադառնալով երեկ ՄԱԿ-ում Ղրիմի հանրաքվեի անօրինական համարելու բանաձեւին, որին Հայաստանը դեմ քվեարկեց, ասաց, որ այդ խայտառակ քվեարկությունը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ Հայաստանի իշխանությունները մեր հանրապետության  արտաքին շահերի սպասարկողը չեն. «Որովհետև մեկ օր առաջ հայտարարեցին, որ ձեռնպահ են քվեարկելու, դրանով փորձելու են ապահովել Հայաստանի չեզոքությունը, բայց հակառակն արեցին: Այս իշխանությունը կլանային շահն է ուզում սպասարկել, որը պատրաստ է իր իշխանությունը պահելու համար Հայաստանի հանրապետության պետական շահի վերջին փշրանքները վաճառել այդ իշխանությունը երկարաձգելու համար: Նման իշխանությունը Հայաստանում տեղ չունի, պետք է օր առաջ հրաժարական տա, հեռանա Հայաստանից»:

IMG_4526

Իսկ «Ժառանգության» երիտասարդ անդամ Դավիթ Սանասարյանն էլ հարթակից խոսելով եւս քննադատեց իշխանություններին եւ ասաց, որ եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարող է Ռուսաստանի մի գուբերնիա դառնալ, երիտասարդ ժառանգականը նույնիսկ առավել համարձակ գտնեց եւ իր այդ խոսքերն ասելիս նախ ներողություն խնդրեց, ապա երեք մատի կոմբինացիա ցույց տվեց. «Առը` հա ձեզ»:

Դավիթ Սանասարյանի խոսքերով` «Միասնությունը պետք է ձեւավորվի այս հրապարակում, բայց պետք է գան բոլոր քաղաքական ուժերը եւ ասեն` այսպես հնարավոր չէ, ես այս իշխանության հետ այսինչ կապերն եմ, ունեցել, այսինչ արատներն եմ ունեցել, բայց այսուհետ չեմ անելու»:

Հանրահավաքին ներկա էր նաեւ ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, որն իր ելույթում եւս քննադատեց ՄԱԿ-ում կատարած Հայաստանի քվեարկությունը: Զուրաբյանի խոսքով՝ Հայաստանն այդ քվեարկությամբ դարձավ «11 իզգոյ» երկրներից , որի հետ ոչ ոք չի ուզում կապ ունենալ: Եւ որպեսզի չդառնանք Հյուսիսային Կորեա, պետք է օր առաջ ազատվել այս իշխանություններից: «Այսօր որոշ ընդդիմադիրների բերանից կորել է ընդդիմադիր բառը»,- նկատեց Արարատ Զուրաբյանը: Նա Րաֆֆի Հովհաննիսյանին համակարծիք էր՝ պետք է ամբողջությամբ ազատվել այսօրվա իշխանություններից, Զուրաբյանի խոսքերով ասած՝ Սերժ Սարգսյանից, Կառավարությունից, Ազգային Ժողովից:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. David says:

    Ներողություն, էլ չեմ անի հիմարություն:Այդպե*ս:
    Չլինելու դեպքում ընդհանրապես հիմարություն չի արվի: Ուրեմն, ո*րն է ավելի ճիշտ:

  2. Ընթերցող says:

    ” … ես այս իշխանության հետ այսինչ կապերն եմ, ունեցել, այսինչ արատներն եմ ունեցել, բայց այսուհետ չեմ անելու”, այսինքն ինչ, թողենք այդ արատներով ու հանցագործ անցյալով գա ինչ որ “քաղաքական ուժ” իշխանության նորից: Քո ասածի պես, Սանասարյան, էլի իհարկե կներեք, բայց – «Առը` հա ձեզ»

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31