Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն ինչ սկսվում է լեզվից

Մարտ 31,2014 11:32

Վերջերս հաճախ եմ հիշում Ռաֆայել Իշխանյանին: Պատճառը, հավանաբար, այն է, որ Հայաստանը (եկեք ինքներս մեզ հետ անկեղծ լինենք) գտնվում է ինքնիշխանությունը կորցնելու իրական վտանգի առաջ, իսկ մեր իշխանությունը, ընդդիմությունը, հասարակությունը, կարծես թե, արդեն հաշտվել են նման սցենարի հետ եւ այս պատասխանատու ժամանակաշրջանում աշխատում են «փախցնել իրենց փայը»: Քաղաքական ուժերը, բավականին բարձր աղմկելով, պայքարում են ոչ թե Հայաստանում պետական իշխանություն ստանալու համար, այլ նրա համար, թե ում է Պուտինը նշանակելու Հայաստանի նահանգապետ:

Իսկ Իշխանյանին ես հիշում եմ այն պատճառով, որ մեր այն քաղաքացիները եւ հայրենակիցները, որոնք պուտինյան այդ ծրագրի ջատագովներ են, մեր կայքում եւ ֆեյսբուքում գրում են ռուսերեն (ի դեպ, հաճախ շատ անգրագետ), կամ, որն ավելի տհաճ է` ռուսատառ հայերենով, որը հասկանալու համար մեծ ջանքեր են պետք: Դա զուտ տեխնիկական խնդիր չէ, դա, եթե ուզում եք իմանալ` հոգեվիճակ է:

Երբ 89-90 թվականների սկզբին պրոֆեսոր Իշխանյանը հորդորում էր խոսել եւ գրել հայերեն, հնարավորինս թարգմանել ռուսերեն օգտագործվող եզրերը, ես դրա դեմ ընդվզում էի, համարում էի ավելորդ բծախնդրություն եւ նույնիսկ բռնություն մարդկանց կամքի հանդեպ: Բայց հիմա ես զգում եմ, որ պետական լեզվով մտածելն ու արտահայտվելը այն հիմքն է, որով մարդն իրեն զգում է պետության քաղաքացի, ոչ թե այլ պետության ծայրագավառի ներկայացուցիչ:

Պատահականությո՞ւն է արդյոք, որ ծայրահեղ ազգայնական գաղափարների տեր հայերը այդ գաղափարներն արտահայտում են օտար լեզվով: Հակասությունն այստեղ զուտ թվացյալ է. հայ ազգայնականությունը, առնվազն 19-րդ դարի երկրորդ կեսից սկսած, հիմնված է այն գաղափարի վրա, որ Ռուսաստանը, ռուսական բանակը միակ ուժն է, որը, մեզ շատ սիրելով, կազատագրի մեզ համար մեր պատմական հողերը եւ կպաշտպանի մեզ թուրքական էթնոսից: Դուք կհարցնեք, թե ինչու է դա կոչվում «ազգայնականություն»: Այդ հարցի պատասխանը ես չունեմ: Չեմ կարող նաեւ ասել` ինչպես կարելի է չսիրել մեսրոպատառ գրերը, մայրենի լեզուն եւ լինել ազգայնական:

Իսկական ազգայնականությունը, իմ կարծիքով, քո լեզուն, քո ինքնությունը, քո տնտեսությունը, քո բանակը, քո ինքնիշխան պետությունը պաշտպանելն է: Մարդիկ ռուսերեն գովերգում են Պուտինին, Ռուսաստանի քաղաքականությունը Ուկրաինայում, վիրավորում են ուկրաինացի ազգը, եւ երբ դու նրանց հետ անհամաձայնությունն ես հայտնում, քեզ «հինգերորդ շարասյուն» են անվանում: Հավանաբար, Ամերիկայի կամ Եվրոպայի: Չնայած դրանք, ինձ թվում է, Ռուսաստանից ոչ լավ են, ոչ վատը` ուժային կենտրոններ են իրենց շահերով: Ռուսաստանի շահերը քարոզող եւ պաշտպանող իմ հայրենակիցներին ես այդ երկրի «հինգերորդ շարասյուն» չեմ համարում, պարզապես նրանք մեր ավանդական քաղաքական մտածելակերպի կրողներ են:

88-90 թվականներին, իմ տպավորությամբ, ձեւավորվում էին նոր մտածողության սաղմերը` նաեւ Ռաֆայել Իշխանյանի նման մտավորականների շնորհիվ: Բայց հետո, մոտավորապես 90-ականների կեսերին, հավանաբար, պատերազմի արդյունքները պահելու համար, մեր ղեկավարներն ընկրկեցին «զորիբալայանականության» առաջ:

Մոտ ժամանակներս մեզ լուրջ փորձություններ են սպասում` «մաքսային» եւ «եվրասիական» գծով: Հայոց լեզուն կլինի դիմադրության կարեւորագույն օղակներից մեկը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (12)

Պատասխանել

  1. Ֆլորա says:

    https://postnauka.ru/video/23464

    Креолизация языков
    Если язык начинает охватывать достаточно большой ареал, например, когда государство завоевывает несколько соседних областей и распространяет на них свой основной язык, он начинает изменяться. На нем говорит все больше и больше людей, чьим родным языком он не является…

  2. Նատա says:

    ՄԵՐ ԼԵԶՈՒՆ

    Մեր լեզուն մեր խիղճն է դա,
    Սուրբ հացը մեր սեղանի,
    Մեր հոգու կանչն է արդար
    Ու համը մեր բերանի:

    Մեր լեզուն ծուխն է մեր տան,
    Մեր կշիռն աշխարհի մեջ,
    Նա աղն է մեր ինքնության,
    Էության խորհուրդը մեր:

    Մեր լեզուն արյունն է մեր,
    Արյունից ավելի թանկ,
    Մեր բուրմունքն ու գույնն է մեր,
    Մեր լեզուն մենք ենք որ կանք:

    Նա պիտի մեր առաջին
    Ու վերջին սերը լինի,
    Ի՞նչ ունենք էլ աշխարհում,
    Որ այսքան մերը լինի:

    Համո Սահյան

  3. Հրանտ Պապիկյան says:

    Լեզվի պահպանության հարցում լիովին իրավացի եք: Բայց ինքնիշխանությունը կորցնելու վտանգ ես չեմ տեսնում: Գլոբալիզացիայի պրոցեսները ենթադրում են իհարկե որոշակի “ընդհանուր խաղի կանոններ”, որը իհարկե որոշ չափով նաև սահմանափակումներ է մտցնում տվյալ բլոկի բոլոր մասնակիցների համար: Այդ առումով ԵՄ անդամները նույնպես այդ միության կազմի մեջ մտնելով ` այլևս լիովին “իրենց գլխի տերը” չեն, և լիովին ազատ չեն իրենց տնտեսական և քաղաքական որոշումներում: Պարզ է նաև, որ ցանկացած բլոկում կան հեգեմոն դեր ունեցողներ և շարքային մասնակիցներ: Չեմ կարծում, որ օրինակ Խորվաթիայում որևէ մեկը հավատում է, որ իրենց կարծիքը կամ ձայնը համարժեք է Բրիտանիայի, Ֆրանսիայի կամ Գերմանիայի կարծիքին… Իսկ վերջիններս նույնպես լիովին ինքնիշխան չեն, քանի որ պարտավոր են իրար կարծիք հարցնել….
    Իսկ լեզուն մենք դարերով պահել ենք, ու կպահենք: Դա ոչ թե մեր ինքնիշխանության գրավականն է, այլ ավելի շատ` ազգային ինքնության, կերպարի և մենթալիտետի: Մեր հեռուստատեսությամբ սփռվող աղբը և օտար` հիմնականում արևմտյան բարքերը կապկող “գլամուր” աստղերը` ահա թե ինչն է ավելի վտանգավոր լեզվի և ազգային ինքնության համար:

    • Տիգրան says:

      Իսկ լեզուն մենք դարերով պահել ենք, ու կպահենք:

      Կպահենք, բա չենք պահի: Ո՞վ կպահի, նրանք ովքեր ոչ հայերեն մեկնաբանություններ են գրո՞ւմ, թե՞ շտո, գձյե, կագդա խաղացողները: Ես միանգամայն համամիտ եմ Արամ Աբրահամյանի հետ, որ իսկական ազգայնականությունը, իմ կարծիքով, քո լեզուն, քո ինքնությունը, քո տնտեսությունը, քո բանակը, քո ինքնիշխան պետությունը պաշտպանելն է: Այո, ամեն ինչ սկսվում է լեզվից: Ափսոս, որ մենք չունենք այնքան գիտակցություն եւ համարձակություն, որ ազգովի ըմբռնենք լեզվի իմաստը: Փառք Ռաֆայել Իշխանյանի բարի հիշատակին:

      • Հրանտ Պապիկյան says:

        Տիգրան ջան, կարծում եմ Ձեր ափսոսանքը և վիշտը անտեղի է: Եթե Դուք համարում եք, որ Դուք հայապահպանության “վերջին մոհիկանն” եք, ապա չարաչար սխալվում եք: Համարձակորեն կարող եք ինձ էլ հաշվառել այդ ցուցակում` յոթ հոգի էլ մեր տնից…)))))))
        Իսկ եթե կատակը դեն` մի թերագնահատեք մեր հայրենակիցներին: Նվիրյալ հայերը շատ շատ են:

  4. Արման Մխիթարյան says:

    Հոդվածը հաճույքով սկսեցի կարդալ, քանի, որ խնդիրը շատ կարևոր է, բայց կեսերից արդեն գնաց լղոզված կեղծիքը: Տիար Աբրահամյան, մի փորձեք ազգայնականությունը հոմանիշ դարձնել ռուսամետությանը, 19-20-րդ դարերի հայ ազգայնական մտքի ռահվիրաներից և ոչ մեկը ռուսամետ չի եղել և ոչ էլ Ռուսի հետ է կապել հայի բախտը: Ոչ Ռաֆաել Պատկանյանի, ոչ, Գարեգին Նժդեհի և ոչ էլ այլոց մոտ մենք չենք նկատի ռուսամետության նշույլ անգամ:
    Այո ես 5 շարասյուն եմ համարում այն մարդկանց ովքեր ազգայնականությանը փորձում են ներկայացնել որպես ռուսամետություն:

  5. Վասիլի Գևորգյան says:

    Հայոց լեզուն դիմադրության ամենից կարևոր օղակն է, գլխավորն ու հիմնականը: Անձամբ ես բնավորությամբ հանգիստ մարդ եմ և հասարակական ընդվզումներին չեմ մասնակցում, քանի որ հաճախ տեսնում եմ այդտեղ մարկանց, ովքեր փորձում են շահ ստանալ իրադրությունից, ինչպես նաև այն պատճառով, որ նման ընդվզումները հղի են հակառակ կողմի հետ բռնությամբ ուղեկցվող ընդհարումներով: Ես կռվից երբեք չեմ վախեցել, սակայն գաղափարների շուրջ, կարծում եմ, պետք է բանավիճել, այլ ոչ թե քիթ կոտրել (դա դեռ լավագույն դեպքում): Սակայն եթե հանկարծ այս ամբողջ մաքսային պատմության մեջ գա այնպիսի մի պահ, որ իշխանությունը փորձի բացի հայերենից որևէ այլ լեզվի տալ պետական կամ պաշտոնական կարգավիճակ, ես կընկալեմ դա իբրև ոտնձգություն իմ կյանքի նկատմամբ և կփորձեմ պաշտպանվել բոլոր (օրենքով թույլատրված և արգելված) միջոցներով:

  6. Գալուստ Ենոքյան says:

    Հարգելի հայրենակիցներ, կուզեի որ Հայոց լեզվի մասիմ խոսելիս նաեվ Արեվմտահայ Լեզուն նույնպես ներառեիք այդ Դասում:Այս մասին հատկապես ուզում եմ նշել, որովհետեվ վերեվում ներկայացած «Հայերնի պաշտպան» հայրենասերներից մեկը Արեվմտահայ լեզուն ծամածռելով ուզում էր ինձ ծաղրել, որ ես թերեվս «ախպար» եմ այդ պատճառով արեմտամետ հայացքներ եմ հետապնդում, հակառակ ռուսական իր կողմնոտրոշման:Ցավը նա է որ ես ինքս հենց էդ Ռուս ժողովրդի համակրողներից եմ եվ կուզեի որ այդ ազգը բարգավաճեր ոչ թե մնար այս կամ այն կիսագրագետ ԿԳԲ ականի հրահանգի ներքո եվ նրա Ազգայնական կեղծ գաղափարների կատարողը…
    Նախ ասեմ որ ինձ համար դժվար է հասկանալ ազգայնականություն հասկացողությունը…չեմ կարծում որ Պատկանյանը կամ նույնիկ Նժդեհը ազգայնականններ են եղել, ազգը սիրելը չի նշանակում ազգայնականություն, ճիշտ հակառակը: Իմ կարծիքով ազգայնականությունը ցածր մտավոր կարողություններով մարդկանց հատուկ երեվույթ է քողարկելու համար իրենց այս կամ այն մտավոր եվ ֆիզիկական թուլությունները կամ հակվածությունները…ինռպես 1915 թվի սսպանդի կազմակերպիչները, ինչպես Մուսոլինին կամ Հիթլերը…
    Վերջացնելով ես էլ կուզեի Տիգրանի նման ասել « Փառք Ռաֆայել Իշխանյանի բարի հիշատակին»:

    • Արման Մխիթարյան says:

      Հարգելի Գալուստ Ենոքյան եթե դժվար է հասկանալ թե ինչէ ազգայնականը ապա ինչպես եք ձեզ իրավունք վերապահում կարծիք հայտնել թե “ազգայնականությունը ցածր մտավոր կարողություններով մարդկանց հավաքականություն է” միգուցե սկսեք այնտեղից որ չհամեմատեք Հայ ազգայնականին եվրոպայում ծնունդ առած մնացյալ շարժումների հետ?
      այսօր շատ հայրենասերներ գիտեմ որ գտնում են թե հանունհայրենիքի բարորության հայաստանը պետք է մտնի այս կամ այն միջազգային միավորի մեջ, պետք է ընդունի նրանց օրենքն ու լեզուն, կուշտ փորով հաց ուտելու համար,սրանց համար ազգային մշակույթն ու լեզուն, հավատքն ու ավանդույթը արժեք չեն:
      Ազգայնականի համար սա հանդուրժելի չէ, նա հասկանում է որ մայրենի լեզուն ու մշակույթը, նախնիներից ավանդված բարոյականն ու կենսակերպը միակ ձևն է հայ մնալու: Ավելի խորքային հասկանալու համար թե ով է Հայ ազգայնականը, կարդացեք Պատկանյան ու Նժդեհ, Հայկ Ասատրան և Օնիկ Զարմունի, Շահան Նաթալի և այլոց:

  7. Գալուստ Ենոքյան says:

    Հարգելի Արման Մխիթարյան, ասածս կփորձեմ բացատրել հորս պատմած մի օրինակով…Հայրս Եգիպտոսում վաճառատանը աշխատելիս է լինում հենց երկրոդ Համաշխարհային պատերազմի սկզբում…իրնց հաճախորդներից մեկը, որ գերմանացի է լինում, խանութի հայ տիրոջը հավատացնում է որ իրենք անպայման կհաղթեն, որ իրենք արիացի են եվ իրենց արյունը ԿԱՊՈՒՅՏ է…Խանութի տերը վիրավորված բղավում է նրա վրա…«Ուզում էս ասե թե քո արյունը ավելի ազնիվ է քան իմը…հեռացիր իմ խանութից… դուք երբեք չէք հաղթի, մեկ էլ իմ խանութը ոտ չկոխես…»: Այ ես էլ այդ գեմանացու ազգայնամոլությունը չեմ հասկանում…Հարգանքներով Գալուստ

    • Գալուստ Ենոքյան says:

      Հարգելի Արման, կուզեի ավելացնել, որ այն րոպեից որ ուզում եք « չհամեմատեք Հայ ազգայնականին եվրոպայում ծնունդ առած մնացյալ շարժումների հետ» այսինքն մեր արյունը «Կապույտ» է… այդտեղից սկսվում է «պարտությունը»… Երբ փոքր էի հայրս հին ազգագրական եվ հայդուկների երգեր էր երգում, որ լսել էր հին Արաբկիրում ապա որբանոցում , իմ ու էղբորս համար, հարեվանների եվ իր աշխատակիցների համար…երբեմն նրան զգուշացնում էին թե էս ինչ «դաշնակցական» երգեր ես երգում, բայց նա նաեվ սիրում էր Իտալական արիաներից իր համար երգել, նայեվ սիրում էր ջազ երաժշտություն…խոսում էր մոտ 7 լեզուներով, թեվ 4 րդ դասարանի կրթություն ուներ որբանոցից… երբեք որեվե ժողովրդի մշակույթի մասին վատ չեր արտահայտվի…Մենք տանը ունեինք եվ Րաֆֆու եվ Պատկանյանի… եվ իր սիրած Սենկեվիչի ու Ռուս կլասիկների գրքերը…

      Դուք գրում եք « մայրենի լեզուն ու մշակույթը, նախնիներից ավանդված բարոյականն ու կենսակերպը միակ ձևն է հայ մնալու»…
      Համալսարանում մեզ անտիկ գրականություն էր դասավանդում արժանահիշատակ, հանճարեղ Լեվոն Ներսիսյանը, նա հաճախ հիշեցնում էր որ մշակույթը պիտի «բաց» լինի, այո Կոմիտասը բարձր է մեզ համար, բայց պիտի կարողանանք «ընդունել» նայեվ այլոց գործերը…Ես էլ կարծում եմ որ Կոմիտասը նույնպես այդպես էր մտածում, երբ ելույթ էր ունենում Փարիզում…

Պատասխանել