Լրահոս
Օրվա լրահոսը

Դերենիկ Դումանյան. «Դեղերի գները կկարգավորվի «Դեղերի մասին» նոր օրենքի ընդունմամբ»

Մարտ 31,2014 16:25

 Դեղագործության ոլորտի հիմնական խնդիրները կկարգավորվեն «Դեղերի մասին» նոր օրենքի ընդունմամբ: Այս մասին հայտնեց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը դեղագործության ոլորտի ներկայացուցիչների հետ՝ 5-րդ «Առանց փողկապների» հանդիպման ժամանակ, որը տեղի ունեցավ շաբաթ օրը՝ Աղվերանում: Մոտակա շաբաթների ընթացքում կառավարությունը կհաստատի եւ օրենքը կներկայացնի ԱԺ քննարկմանը:

Հանդիպման սկզբում դեղագործական ոլորտում որպես դրական կողմ հայտարարվեց «Լիկվոր» ընկերության ձեռքբերումը:  «Լիկվոր»-ն անցյալ տարի ստացավ դեղերի պատշաճ արտադրության լիցենզիա` GMP, ինչը նշանակում է, որ այս ընկերությունը դեղ է արտադրում Եվրամիության չափանիշներին համապատասխան:

«Մեր տեղական արտադրությունը ավելի արդյունավետ լինելու համար, մնացած դեղարտադրող ընկերություններին եւս հատկացրել ենք ժամանակ՝ համապատասխան վկայական ունենալու համար, հակառակ դեպքում կդադարեցվի այդ ընկերությունների գործունեությունը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:

Դեղագործության ոլորտի ներկայացուցիչները  Դերենիկ Դումանյանի հետ  քննարկեցին դեղարտադրության ոլորտի օրենսդրական բարեփոխումների, «Դեղերի մասին»  նոր օրենքի,  ինչպես նաեւ դեղերի գրանցման, ներմուծման եւ արտահանման, դեղատների վարկանիշի եւ ավելացված արժեքի հարկին վերաբերող  հարցեր:

Ըստ նախարարի, նոր օրենքի նախագծում պետք է սահմանել գների կարգավորման նորմեր. ամենայն հավանականությամբ կվերահսկվի ոչ միայն գների վերին, այլ նաեւ ներքին շեմը: Նախարարի խոսքերով՝  գնային վերահսկողության շնորհիվ հնարավոր կլինի նվազեցնել դեղերի գները: Իսկ դեղագործության ոլորտի մասնագետներից մի մասն առաջարկում է, որ գների կարգավորում պետք է դնել միայն հիմնական դեղերի ցանկի նկատմամբ, իսկ մի մասը կարծում է, որ հիմնական դեղերից ընդհանրապես հանվի ավելացված արժեքի հարկը, որոշ մասնագետներ էլ գտնում են, որ մարժայի վրա սահմանափակումներ դնելով պետք է կարգավորել գները, իսկ նախարարն առաջարկեց. «Որպեսզի այս փուլում չդնենք այս խնդիրը՝ մենք կսահմանենք նման նորմեր, բայց կարգը կսահմանի կառավարությունը»:

Պարոն Դումանյանը քննարկելով դեղատների վարկանիշային տարբերակումը, նշեց, որ նման դեղատների առավելությունը կլինի այն, որ բարձր վարկանիշով դեղատունը սովորական դեղատնից կտարբերվի վերահսկման չափանիշներին համապատասխանելով, այսինքն` չեն լինի ժամկետանց, չգրանցված դեղեր, կանոնակարգված կլինեն դեղերի գները, իսկ աշխատողները այնպիսի մասնագետներ, որոնք կարող են պատշաճ խորհրդատվություն մատուցել հիվանդներին:

Ըստ նախարարի՝ այսօր ազգաբնակչությանը հիմնականում հետաքրքրող խնդիրը վերաբերում է դեղերի որակին եւ մատչելիությանը: «Որակի վերահսկողությունը միայն տեղական գործակալությունը կամ փորձաքննությունը չի, դա նաեւ վերահսկողությունն է ցանցում, բոլոր պահպանման տարածքներում եւ մինչեւ սպառողին հասնելը»,-ասաց նախարարը:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31