Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղրու տարածաշրջանի այգիները զգալի վնասներ են կրել

Մարտ 31,2014 19:04

Եղանակային կտրուկ փոփոխություններն ու ձյան առատ տեղումները մեծ վնասներ են հասցրել Մեղրու տարածաշրջանի այգիներին: Գրեթե բոլոր գյուղերում ծաղկած եւ որոշ տեղերում նույնիսկ պտղակալած ծառերն  արդեն ի զորու չեն բերք տալու: Գյուղացիները նշում են, որ վնասը կազմում է մոտ 80-100 տոկոս, իսկ իրենց եկամտի հիմնական աղբյուրը այգուց ստացվող բերքն է:  Մեղրու Շվանիձոր գյուղի բնակիչները նշում են, որ մինչեւ առավոտյան ժամը 10-ը առատ տեղումները շարունակվում էին, ձյան շերտը կազմում էր 25 սմ, իսկ ծխահարումը նման պայմաններում անօգուտ էր: Ծիրանի այգիների բերքը 100 տոկոսով փչացել է Շվանիձորում:

«Ծիրանենիները, դեղձենիները, խնձորենիները, սերկեւիլի, գիլասի, սալորի, վաղահաս խաղողի ծառերը, որոնք ծաղկած են եղել՝ 100 տոկոսով վնասվել են, ցոգոլը մատի պտղունցի չափ էր արդեն, խնձորենիներն ամբողջությամբ ծաղկաթափված են եղել, ընկույզը լրիվ սեւացել է: Կես ժամ առաջ եմ դաշտից գալիս, բարկացած,  շատ տխուր պատկեր է», – մեզ հետ ունեցած զրույցում ասաց Շվանիձորի գյուղապետ  Հովհաննես Օհանյանը եւ հավաստիացրեց, որ ծխահարելով ուղղակի հնարավոր չէր այգիների բերքը փրկել:

Գյուղապետի խոսքով՝  յուրաքանչյուր 5 տարի մեկ եղանակը նման տհաճ իրադրության մեջ է դնում գյուղացիներին՝ զրկում բերքից ու եկամտի հիմնական աղբյուրից:

« Գյուղացին միշտ էլ անտեր է եղել ու անօգնական… : Մենք հույս չունենք, որ պետությունը կաջակցի, միայն 2003թ.-ին՝ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, հողի հարկը փակեցին ու վերջ: Մեր գյուղը, հարեւան Նռնաձոր ու Ալվանք գյուղերն էլ են նույն վիճակում հայտնվել: Երեկ ձյունը  կտրվեց մի պահ ու սառեց, ամբողջ այդ շիվից սառույցներ էին կախված, դրանց վրա նորից ձյուն եկավ: Չոր վիճակում, եթե ձյունը նստեր՝ ծխահարելը կպահեր, գիշերը -3-4 էր օդի ջերմաստիճանը, էդ ինչքա՞ն ծուխ տաս, որ 25 սմ ձյան շերտը հալեցնես, դա աբսուրդ է, օգուտ չունի: Մեր այգիները Արաքսի ափից մինչեւ գյուղից մի 2 կմ վերեւ տարածվում է՝ 20 հա, 5 հա, 5 հազար մետր այգիներ ունենք, ամբողջ այգիների բերքը փչացել է: Կարալյոկը վերեւի մասում, որ չի բացվել՝ մի քիչ կփրկվի, իսկ դաշտում բացվածները նույն բախտին են արժանանալու», – ավելացրեց Շվանիձորի գյուղապետը:

Մեղրու տարածաշրջանի Վահրավար գյուղի այգիները եւս տուժել են եղանակի կտրուկ փոփոխությունից: Այստեղ ձյան շերտը կազմել է  40 սմ, մրգատու ծառերի զգալի մասը ցրտահարվել են:   «Ծիրանը, հոնը, դեղձն ու նուշը 100 տոկոսով վնասվել է, 80 տոկոսով էլ պոպոկն է փչացել, տանձը, խնձորն էլ է տուժել, խաղողին դեռ վնաս չի եղել: Կուրիս, Գուդեմնիս գյուղերն էլ են էս նույն վիճակում, Լեհվազում էլ են բավականին վնասներ եղել: Գրավոր տեղյակ եմ պահել մարզպետարանին, դիմումը մարզպետին եմ ուղարկել ու խնդրել   աջակցություն ցուցաբերի մեր գյուղին: 22-23 տարի է գյուղապետ եմ՝ անկախության օրվանից մինչեւ օրս, ոչ մի անգամ պետությունը փոխահատուցում չի տվել, միայն մի տարի ազոտական պարարտանյութ են տվել ու վերջ…», – նշեց  Վահրավարի գյուղապետ Սարգիս Առաքելյանը:

Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Ներսես Շադունցը տեղեկացրեց, որ դեռեւս պարզ չէ մարզի գյուղատնտեսությունն, ընդհանուր առմամբ ինչքան վնաս է կրել եղանակային կտրուկ փոփոխությունից, այն կներկայացնի համայնքի ղեկավարների դիմումները ստանալուց եւ վնասների չափը հաշվարկելուց հետո եւ շեշտեց, որ առավել շատ վնասներ գրանցվել են մարզի ցածրադիր գոտիներում:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31