Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Կազազյան. «Քանոնը ցույց են տալիս, ասում են՝ բալես թավջութակ է»

Մարտ 31,2014 20:15

Տաղանդավոր քանոնահար Նարեկ Կազազյանը վերջերս է վերադարձել   Շվեյցարիայից, որտեղ համերգներ է ունեցել մի քանի քաղաքում, այդ թվում՝ Ցյուրիխում:  Aravot.am-ի հետ զրույցում երաժիշտը նշեց, որ համերգներն ուղեկցվել են «բրավոներով», ներկայացվել է մեծ ծրագիր, որտեղ ներառված են եղել ինչպես բուն հայկական ստեղծագործություններ, մշակումներ, այդպես էլ արեւմտաեվրոպական կոմպոզիտորների երկեր: Հրավերը Heres հայ-շվեյցարական կազմակերպության կողմից էր, համերգները  հնարավոր են դարձել «Արվեստների պատկերասրահ» հիմնադրամի նախագահ եւ պրոդյուսեր Մարիամ Շահինյանի ջանքերով, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Նարեկ Կազազյանը հայտնեց, որ ներկայումս պատրաստվում է Թուրքմենիայում կայանալիք մշակութային օրերին, որոնք նախատեսված են ՀՀ նախագահի այցի շրջանակներում: «Ապրիլի յոթին Թուրքմենիայում մշակույթի օրեր են լինելու, այդ ծրագրում նաեւ ես եմ ընդգրկվել, պետք հանդես գամ Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի  հետ, որը ղեկավարում է գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Նորայր Դավթյանը»,-հավելեց մեր զրուցակիցը:

Մեր այն դիտարկմանը, թե ինքը  քիչ է երեւում բեմերում, Նարեկ Կազազյանը պատասխանեց. «Ամեն ինչ ունի իր ժամանակը, եւ ամեն համերգի համար չէ, որ քանոնը հարմար է: Այս տարին հագեցած է եղել համերգներով, գուցե դրանք քիչ են լուսաբանվել: Օրինակ` համերգներ ենք ունեցել Սլավոնական համալսարանում, Սունդուկյանի անվան ազգայի ակադեմիական թատրոնում, Սիրահարների այգում, Նախագահի նստավայրում…»:

Նարեկ Կազազյանը պատմեց, որ քանոնին զուգահեռ  այժմ նաեւ դաշնամուր է սովորում ու ահագին ձեռքբերումներ ունի,  չնայած քանոնի պրոպագանդումն իր համար առաջնային է մնում:

Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ է այսօր պակասում երիտասարդ երաժիշտներին՝ հայտնի դառնալու եւ հաջողություններ գրանցելու համար, Նարեկ Կազազյանը պատասխանեց. «Պետք է մարդկանց  երեւալու հնարավորություն տալ,  եւ  ամենակարեւորը՝ ճիշտ մարդկանց հնարավորություններ տրամադրել:  Ցավոք այսօր պատկերն այլ է: Վերցնենք թեկուզ քանոնի պրոպագանդումը: Երբեմն, ոմանք քանոնը ցույց տալով, ասում են՝ նայիր բալես, սա թավջութակ է կամ՝ նայիր բալես՝ դաշնամուր է: Ինձ թվում է հենց Հայաստանից պետք է  սկսել նվագարաններին ծանոթացումը եւ պրոպագանդումը: Եթե մենք մեր ազգայինը չպահենք ու չարժեւորենք, ոչ ոք  մեր փոխարեն դա չի անելու»:

Հիշեցնենք, որ Վանաձորում սովորող եւ բնակվող, Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի ուսանող Նարեկ Կազազյանը 2012-ին դասական «Եվրատեսիլ» մրցույթում զբաղեցրեց երրորդ տեղը՝ բարձր պահելով Հայաստանի անունը:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31