Տարօրինակ միջնորդություն

Տարօրինակ միջնորդություն

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը մարտի 28-ին  հաղորդագրություն է տարածել, որ  վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանին, «Բնապահպան իրավաբանների և տնտեսագետների երիտասարդական ասոցիացիա» ՀԿ նախագահ Էրիկ Գրիգորյանին և Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հակոբյան» բնապահպանական կենտրոնի և «Պատասխանատու հանքարդյունաբերության» կենտրոնի նախագահ Ալեն Ամիրխանյանին, ովքեր իբր լիազորված են եղել ներկայացնելու ս.թ. մարտի 25-26-ը Երևանում կայացած պատասխանատու հանքարդյունաբերության համաժողովի ժամանակ բնապահպանական ակտիվիստների բարձրացրած խնդիրները: Այդտեղ նաև ասվում է, որ երկուստեք արձանագրվել է, որ Հայաստանում պատասխանատու հանքարդյունաբերության զարգացմանը նվիրված համաժողովը հաջողվել է:

Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ հաղորդագրության մեջ նշված անձինք  բնապահպանական ակտիվիստների կողմից չեն լիազորվել, իսկ համաժողովն էլ սովորական աչքակապություն էր: Այդ համաժողովի նպատակն էր, որպեսզի մարդկանց ուշադրությունը շեղվի ժողովրդի ունեցվածքի կողոպուտից և տպավորություն ստեղծվի, որ Միջազգային կազմակերպություններն ու հզոր երկրների կառավարությունները իբր շահագրգիռ են, որ Հայաստանի Հանրապետությունում հանքարդյունաբերությունը ծառայի  ժողովրդի շահերին և չավերվի ու չոչնչանա բնական համակարգը: Կարծում եմ բոլորին է հայտնի, որ հենց այդ նույն Միջազգային կազմակերպությունների թելադրանքով է, որ մեր երկրում ընդունվել են պետության-ժողովրդի ունեցվածքի կողոպուտը օրինականացնող և տնտեսության հիմքերը քայքայող օրենքներ:

Անհրաժեշտության դեպքում, բնապահպանական ակտիվիստները հենց իրենք վարչապետին կներկայացնեին իրենց հուզող խնդիրները, իսկ եթե, ասենք, միջնորդության կարիք առաջանար, ապա նրանք, որպես միջնորդի,  չէին ընտրի համաժողովի կազմակերպիչների հետ համագործակցող նշված երկու անձանց, ինչպես նաև Կարինե Դանիելյանին, որի միջամտությամբ Հայաստանի Հանրապետության թե Սահմանադրությունը և թե դրանից բխող օրենքներն արդեն համապատասխանեցված են  «Կայուն զարգացում» հայեցակարգի դրույթներին, որի հետևանքով անգամ ռազմավարական նշանակության օբյեկտներն ու ոլորտները սեփականաշնորհվում-փոշիացվում են, ջուրը բնության գրկում ապրանք է դարձել, ծավալվում է սանձարձակ հանքարդյունաբերությունը…, իսկ պետության դերը համարյա զրոյացել է:

Ես պատրաստ եմ հանդիպել վարչապետին, եթե լուրջ քննարկման և իրավիճակը փոխելու երաշխիք տեսնեմ: Ցավոք, մինչ այսօր նրա հետ որևէ հաջողություն չի գրանցվել: Օրինակ, 2008 թ հունիսի 20-ին նրա մոտ կայացած խորհրդակցության արձանագրության (N 50-88) հանձնարարականների զ) կետում գրված է. «Քննարկել  Հ. Սանասարյանի Հայաստանում առկա հանքարդյունահանման հետևանքով առաջացած թափոնների հաշվարկման և դրանց օրենքով սահմանված կարգով հարկման հաշվարկի վերաբերյալ առաջարկությունը և հաջորդ հանդիպման ժամանակ ներկայացնել համապատասխան հիմնավորող հաշվարկներ»:  Տպավորություն էր ստեղծվում, որ վարչապետը հանքարդյունաբերությունը հարկային դաշտ բերելու հարցում հետևողական է, քանի որ նույն տարվա սեպտեմբերի 12-ի արձանագրության (N 88-180) 2-րդ կետում վարչապետի հանձնարարականն է. «6-ամսյա ժամկետում ՀՀ ֆինանսների նախարար Տ. Դավթյանի, էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանի, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանի, և ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյանի հետ համատեղ քննարկել Հայաստանում առկա հանքարդյունահանման հետևանքով առաջացած թափոնների հաշվարկման և դրանց օրենքով սահմանված կարգով հարկման հաշվարկի վերաբերյալ հարցերը և սահմանված կարգով ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություն»:

Սակայն այս  հանձնարարականները չեն կատարվել: Անցած վեց տարիների ընթացքում, եթե հանքարդյունաբերությունը գոնե մասնակիորեն հարկման դաշտ բերվեր, ապա  պետությունը մեծ եկամուտներ կունենար, և չէին շահագործվի այն հանքավայրերը, որոնք ծախսածածկող չեն, հետևաբար և կկասեցվեր Հայաստանի ավերումը:

 

Հակոբ Սանասարյան

Հայաստանի Կանաչների միության նախագահ

[email protected]

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayk says:

    Г. Карине Даниелян уже не один десяток лет занимается не известно чем! Но видно,что ей очень уютно на этом посту. Она большой мастер по принципу “лапшу на уши и все в порядке”!!

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք