Էրդողանը «վստահության քվե» ստացավ. «Ազատություն»

Էրդողանը «վստահության քվե» ստացավ. «Ազատություն»

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կարողացավ պահպանել իշխանությունը այս կիրակի կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում:

Թեև այս ընտրությունը Թուրքիայում տեղական իշխանությունների մակարդակով է, սակայն իրականում ընկալվում է որպես վստահության քվե վարչապետ Ռեջեփ էրդողանին և նրա ղեկավարած քաղաքական ուժին:

Ընտրություններն անցել են խիստ լարված մթնոլորտում: Նախընտրական շրջանում Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալների, հասարակության բևեռացման, Youtube-ի և Twitter-ի արգելափակման պայմաններում անցկացված ընտրությունները աչքի են ընկել ընտրակեղծիքներով:

Մասնակցությունը ընտրություններին բավական բարձր է եղել` գրանցված 52 միլիոն ընտրողների ավելի քան 80 տոկոսը քվեարկել է: Նախնական արդյունքների համաձայն` «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաղթել է Թուրքիայի 81 քաղաքներից և շրջաններից 49-ում`ստանալով քվեների ավելի քան 45 տոկոսը:

Հաղթանակի կապակցությամբ էրդողանին արդեն իսկ շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Վարչապետի գլխավորած քաղաքական ուժը կարողացել է հաղթել էրզրումում, Ամասիայում, Դիարբեքիրում, Բուրսայում, Կոնյայում, Ստամբուլում և մայրաքաղաք Անկարայում: Իշխող կուսակցության հաղթանակը, սակայն ստվերվում է ընտրակեղծիքների, բախումների, առնվազն ութ զոհի, տասնյակ վիրավորների, ընտրական տեղամասերում հոսանքազրկումների, ընդդիմադիր մամուլի կայքէջերի վրա հաքերային հարձակումների մասին բազմաթիվ տեղեկություններով:

Անկարայում պայքարը շատ թեժ է եղել, էրդողանի կուսակցությանը հաջողվել է առաջ անցնել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից ընդամենը մեկ տոկոսով: Ընդդիմադիր կուսակցության քաղաքապետի թեկնածուն հայտարարել է, որ դատարանում վիճարկելու են Անկարայի ընտրությունների արդյունքները:

Խոշոր քաղաքներից Իզմիրում, որտեղ ավանդաբար հաղթում է ընդդիմությունը, քաղաքապետ է ընտրվել Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչը: Այս կուսակցությունը հաղթել է ընդհանուր առմամբ 13 քաղաքներում և շրջաններում` ստանալով քվեների շուրջ 28 տոկոսը:

Ադանան և Կարսը ընտրություն են կատարել ազգայնականների օգտին: «Ազգայնական շարժում» կուսակցությունը հաղթել է ութ քաղաքներում` ստանալով ձայների 15 տոկոսը:

 

Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք