Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր ծրագրեր երիտասարդ գիտնականների համար

Ապրիլ 02,2014 20:55

«Երիտասարդ գիտնականները բազմաթիվ խնդիրներ ունեն, որոնցից, թերևս, նշեմ երկուսը՝ ցածր աշխատավարձ և ժամանակակից գիտական սարքավորումների բացակայություն: Խնդիրներ, որոնք թույլ չեն տալիս գիտնականին ժամանակակից ձևով զբաղվելու գիտությամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ, Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի (ԵԳԱԾ) ղեկավար մարմնի անդամ Գևորգ Վարդանյանը և հավելեց, որ 2012 թվականի հուլիսի 1-ից մեկնարկած և ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող ԵԳԱԾ-ն ինչ-որ չափով լրացնում է այդ բացը:

Անդրադառնալով նոր ծրագրերին՝ Գ. Վարդանյանը տեղեկացրեց, որ մարտ ամսից արդեն մեկնարկել է երեք ծրագիր, որոնցից առաջինը երիտասարդ գիտնականների հեղինակած գրքերի տպագրության համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթն է: «Այն երիտասարդ գիտնականները, որոնք ունեն հրատարակման խնդիր, կարող են դիմել այս ծրագրին և մինչև հինգ հարյուր հազար դրամի սահմաններում ֆինանսավորվել տպագրության համար»,- ասաց Գ. Վարդանյանը՝ նշելով մրցույթի հիմնական չափորոշիչները, որոնք են՝ գրքի կարևորությունը, հեղինակի գիտական ձեռքբերումները, ՀՀ-ում նմանատիպ գրքի առկայությունը և արտասահմանում այդ գրքի ընդունելության հնարավորությունները: «Այնպես ենք արել, որ սուբյեկտիվ գործոնը դուրս գա, և շահառուն հստակ իմանա, թե ինչի համար է իր գիրքն այս մրցույթում հաղթել կամ հակառակը»,- վստահեցրեց բանախոսը:

Երկրորդ ծրագիրը, որ ներկայացրեց ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահը, վերաբերում է երիտասարդ գիտնականներին գիտական սարքերի և նյութերի ձեռքբերման համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթին, որտեղ, նրա փոխանցմամբ, ֆինանսական աջակցության տրամադրման առավելագույն շեմը մեկ միլիոն դրամ է:

Երրորդ ծրագիրը հայոց ցեղասպանության վերաբերյալ միջազգային գիտական պարբերականներում հոդվածների տպագրության համար մրցանակաբաշխությունն է, որը, ինչպես նշեց Գ. Վարդանյանը, շատ հրատապ է. «Մինչև հիմա, հատկապես ազդեցության գործակից ունեցող գիտական պարբերականներում, գրեթե նմանատիպ հոդվածներ չկան, ինչը շատ վատ է, իսկ մեզ անհրաժեշտ է, որ, մանավանդ 100-ամյակի նախաշեմին, միջազգային ասպարեզում գիտնականները նաև այս թեմայով կարողանան հոդվածներ ունենալ»,- ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է արտագաղթող գիտնականներին, Գ. Վարդանյանն ասաց, որ նրանց թվի մասին հստակ տեղեկություններ չունի և հավելեց. «Միշտ էլ դա եղել է, հատկապես 90-ականներին սկսվեց, որի «պտուղները» մենք այսօր քաղում ենք, այսինքն՝ ունենք միջին սերնդի պակաս, որը լրացնելու համար պետք է նման ծրագրերը շատացնել (նկատի ունի ԵԳԱԾ-ն – Ս. Հ.), որ գոնե մեր երիտասարդ գիտնականների միջոցով կարողանանք միջին սերնդի բացն այսօր լրացնել, որը շատ հրատապ և կարևոր խնդիր եմ համարում»,- ասաց Գ. Վարդանյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930