Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Ի՞նչ պարտության մասին է խոսքը, ՍԴ-ի որոշումից որեւէ մեկը չի հաղթում ու չի պարտվում»

Ապրիլ 02,2014 22:10

Կարո՞ղ ենք ասել, որ ՀՀԿ-ն, որը փորձում էր քաղաքացիներին պարտադրել կուտակային կենսաթոշակային համակարգը՝ ՍԴ-ի որոշմամբ  պարտություն կրեց: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում մեր այս հարցին ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Սահմանադրական դատարանի որոշումը որեւէ երկրում չպետք է մեկնաբանության առարկա լինի: Երկրորդը՝ ՍԴ-ի որոշումից որեւէ մեկը չի հաղթում ու չի պարտվում: ՍԴ-ի որոշումը եթե պարտադիր է՝ պարտադիր է, ի՞նչ պարտության մասին է խոսքը: Հանրապետականն այս երկրի վատն է ուզում, մյուսները՝ լա՞վը: Չէ: Սա ՍԴ-ի որոշումն է եւ ՀՀԿ-ի, Մեղրիից մինչեւ Նոյեմբերյան բոլոր քաղաքացիների համար պարտադիր է»:

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ որոշ քաղաքական ուժեր արդեն ՍԴ-ի որոշումը փորձում են քաղաքականացնել. «Ես դրա կողմնակիցը չեմ: ՍԴ-ի որոշումն իրավական է եւ պարտադիր է բոլորիս համար: Ես միշտ ասել եմ՝ ՍԴ-ի ցանկացած որոշում պարտադիր է բոլորիս համար: Իսկ ՍԴ-ն շատ կոնկրետ որոշում է կայացրել: Քանի որ ես պրոֆեսիոնալ իրավաբան չեմ, ես երբեք իրավական այդ հիմնավորումների մեջ չեմ մտել: Բայց ես վստահում եմ իմ երկրի Սահմանադրական դատարանին»:

Մեր դիտարկմանը, որ այս կառավարությունը, փաստորեն իր ողջ կազմով փորձում էր հակասահմանադրական մի շարք կետերով այս օրենքը պարտադրել մեր ազգաբնակչությանը՝ Էդուարդ Շարմազանովն այսպես արձագանքեց. «Դրա համար էլ պետության մեջ կան գործիքներ, կա Սահմանադրական դատարան, գործադիր, օրենսդիր իշխանություններ, կա նախագահ, որն այդ 3 մարմիների անկաշկանդ եւ բնականոն գործունեության երաշխավորն է: Եվ այսօր մենք եւս մեկ անգամ տեսանք, որ որեւէ քաղաքական  ճնշում, ինչի մասին ակնարկում էին շատ-շատ մարդիկ, ՍԴ-ի վրա չկա: Մենք այսօր ապրում  ենք այն Հայաստանում, որտեղ իշխանությունը բացառապես ժողովրդավարական արժեքների կրող է եւ որեւէ քաղաքական ճնշում դատական ատյանների վրա չի իրականացնում: Փաստորեն, այդ որոշումով եւս մեկ անգամ մենք ապացուցեցինք, որ ՀՀ-ում անշրջելի է ժողովրդավարության զարգացումը: Եվ բոլոր այն մարդիկ, բոլոր այն գործիչները, որոնք ակնարկում էին կամ գուշակություններ էին անում իբր թե ՍԴ-ի որոշումը պատվիրված պետք է լինի Բաղրամյան 26-ից, նրանց կարծիքները հօդս ցնդեցին: Ամենակարեւորը հենց սա է»:

Մեր հարցին՝ քանի որ շատ հարցերում, օրինակ, ընտրությունների հետ կապված, ՍԴ-ն անընդհատ մերժել է, հիմա այս որոշումից հետո կարո՞ղ ենք ասել, որ երկրում, այնուամենայնիվ, իրավիճակ է փոխվել եւ իշխանություններն, այսպես ասած, տեղի են տալիս՝ պարոն Շարմազանովը պատասխանեց. «Տեղի տալու խնդիր չկա, զիջելու կամ չզիջելու խնդիր չկա: Իշխանությունն այս վերջին տարիներին ապացուցել է մի բան՝ մեզ շատ հարցերում կարելի է քննադատել, կարելի է քննադատել հանիրավի կամ իրավացիորեն, բայց մի բանում իրավունք չունեն քննադատելու: Այն է, որ այս տարիներին՝ 5-6 տարվա ընթացքում Հայաստանը ժողովրդավարության աճ է ապրել: Մեկը կասի դա ֆեյսբուքի շնորհիվ է, ժամանակն է այդպիսին, մյուսը կասի ընդդիմությունն է ուժեղ, բայց փաստն այն է, որ այս իշխանությունների օրոք՝ նախագահ Սարգսյանի ղեկավարման շրջանում՝ 2008-ի ապրիլի 9-ից այս կողմ Հայաստանն  էականորեն մեծ զարգացում է ապահովել ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ քաղաքացիական հասարակության, բազմակարծության հաստատման առումով»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Nvard says:

    2008-ի ապրիլի 9-ից հետո երկրում սկսել և շարունակվում է առայսօր ` հալածանքներ, հետապնդումներ, ոչ յուրայինների աշխատանքից ազատման բամաթիվ դեպքեր…30-ականների ,,ոգով,, ու մեթոդներով…
    Ի~ինչ արդարադատության մասին է խոսքը, երբ ողջ ժողովուրդն է դատապարտված ստոր ու գծուծ այս մարդակերների ձեռքին…
    ՀՀ անկուսակցական քաղաքացի -(Տավուշ)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930