Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ժողովրդի կարծիքը հարցնող օրենք է». իրավաբան

Ապրիլ 02,2014 22:21

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը  ՀՀ Մտավոր սեփականության գործակալության և ԱՄՆ ՄԶԳ «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի հետ համատեղ, այսօր «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում կազմակերպել էր հանրային քննարկում` նվիրված հեղինակային իրավունքի հիմնահարցերին, ինչպես նաև «Հեղինակային իրավունքի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծին:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության իրավաբան Արկադի Սահակյանի փոխանցմամբ՝ նախագիծը մշակվել է Մտավոր սեփականության գործակալությունում: Մշակման գործընթացում ներգրավված են եղել նաև միջազգային փորձագետներ, որոնք եվրոդիրեկտիվներին համահունչ փոփոխություններ են կատարել: «Թեև «Հեղինակային իրավունքի մասին» ՀՀ օրենքը գործում է, սակայն օրենքի նոր նախագիծ ներկայացնելը, կարծում եմ, անհրաժեշտ է,- ասում է Ա. Սահակյանը,- քանի որ շատ փոփոխություններ են տեղի ունեցել եվրոդիրեկտիվներում, բացի այդ, կյանքն առաջ է գնում, զարգանում է, և հասել է պահը, որ մենք ունենանք նոր օրենք, որը կկարգավորի հեղինակների իրավունքները»:

Ա. Սահակյանը տեղեկացրեց, որ ոչ թե օրենքի փոփոխություններ են մշակվել, այլ օրենքն ամբողջությամբ փոխվել է:

«Նոր օրենքի նախագիծը շատ է տարբերվում գործող օրենքից և բավականին առավելություններ ունի նրա նկատմամբ,- ասում է իրավաբանը:- Առավելություններից մեկն այն է, որ այս նախագիծը խիստ համակարգված է: Օրինակ՝ մյուս օրենքներում ինչ-որ մի հասկացություն կամ որևէ հարաբերություն ճշտելու համար մենք անընդհատ հոդվածից հոդված հղում ենք կատարում, խճճվում ենք, այստեղ այդպես չէ, տրամաբանական կապը խիստ պահպանված է, այսինքն՝ յուրաքանչյուր հոդված շարունակում է նախորդ հոդվածի իմաստը: Սա օրենքի տեխնիկական մասի առավելություններից է»:

Ինչ վերաբերում է բովանդակային փոփոխություններին, Ա. Սահակյանն անդրադարձավ դրանցից մեկին. «Որոշակի սահմանափակումներ են մտցվել հենց հեղինակների համար: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց, որոնք նույնպես իրավունք ունեն օգտվելու այս կամ այն ստեղծագործությունից: Գործող օրենքում իրավունք չկա տվյալ ստեղծագործությունն այնպես փոխել, որ այդ մարդկանց մատչելի լինի, իսկ օրենքի նախագծում դա արդեն ներառվել է, և այդ մարդկանց համար արդեն հեղինակի թույլտվությունը պարտադիր չէ: Սահմանափակում ասելով սա նկատի ունեմ»:

Ա. Սահակյանն ասաց նաև, որ իրենք անընդհատ հանրային լսումներ և քննարկումներ են կազմակերպում, կարծիքներ, դիտողություններ, նաև բողոքներ լսում, որպեսզի, ինչպես նշեց նա, կարողանան հնարավորինս որակյալ օրենք ունենալ, հետո նոր միայն ներկայացնել կառավարություն: «Սա այն բացառիկ օրենքի նախագծերից մեկն է, որն իրազեկման շատ մեծ փուլ անցավ: Եվ բացառիկ է նաև նրանով, որ մյուս օրենքների նման չէ, երբ առանց ժողովրդի կարծիքը հարցնելու օրենք են ընդունում: Մեր խնդիրը հակառակն է՝ ժողովրդի հետ աշխատելով՝ ստեղծել մի փաստաթուղթ, որը ժողովրդի սրտով է: Հուսով ենք՝ օրենքը կանցնի և էլ ավելի կամրապնդի հեղինակների իրավունքները»,- եզրափակեց Ա. Սահակյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930