Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ է, որ Սերժ Սարգսյանը չի համոզել վարչապետին»

Ապրիլ 03,2014 23:51

«Լավ է, որ հիմա տեղի ունեցավ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը, որովհետեւ նախ այն, որ տարվա սկզբին է, դա   հնարավորություն է տալիս նոր ռազմավարության ներդրում, եւ հնարավոր է  տնտեսական զարգացման վեկտորի փոփոխություն տեղի ունենալ»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը, հավելելով, թեեւ իր համար այս հրաժարականը մի փոքր անակնկալ էր, բայց վարչապետի հրաժարականը վաղուց էր հասունացել:

Պարոն Մակարյանի դիտարկմամբ, այս պահին վարչապետի հրաժարականն այնքանով է լավ, որ Հայաստանը կարող է ժամանակ շահել դիվանագիտական, քաղաքական եւ տնտեսական տեսանկյունից` Եվրոմիության եւ Մաքսային միության անդամակցելու առումով. «Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում`  այն կարող է հույսեր առաջացնել Եվրոմիության հետ կապված, եւ նոր վերաբերմունք առաջանա մեր հանդեպ: Իսկ Մաքսային միության առումով, վարչապետի հրաժարականը եւ նոր կաբինետի ձեւավորումը ժամանակ կտա մեզ չշտապել դեպի Մաքսային միություն, որը ես միշտ ասել եմ` պետք է շտապել: Որովհետեւ Ռուսաստանի, Ուկրաինայի կոնֆլիկտի հետ կապված, Ռուսաստանի վիճակի վատացումն ու աշխարհի կողմից մեկուսացումը հաշվի առնելով, հեռանկար կա ՄՄ մտնելու պրոցեսը դանդաղեցնել:  Իսկ վարչապետի փոփոխությունը դրա վրա նշանակություն կունենա, այս պատրվակով ժամանակ կձգձգենք»:

Մեր այն դիտարկմանը ,որ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր ասել էր, որ վարչապետի հրաժարականը չի խոչընդոտի Հայաստանի ՄՄ անդամակցելուն, իսկ քաղաքական գործիչներից Ստյոպա Սաֆարյան էլ ասել էր, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականը  Ռուսաստանի ճնշման արդյունք է, այս դեպքում ինչպես հույս փայփայենք, որ Մաքսային միություն մտնելուց հնարավոր է  խուսափել, պարոն Մակարյանն ասաց. «Ես նայում եմ մեր ներքին իրավիճակին, հնարավոր է դրսից էլ լինեն ճնշումներ, անձի փոփոխությունը  հնարավոր է համաձայնեցված լինի դրսի հետ, կամ ենթարկվեն արտաքին կարծիքներին, բայց հաճախ մենք ուզում ենք այդպես մեկնաբանել, հանգստացնենք մեզ,եւ չգիտես ինչու ավելի շատ հարգում ենք դրսի ուժերի որոշումը, քան սեփականը: Կարծում եմ, որ շատ ճիշտ քայլ է արվել, նախագահը լավ է, որ չի համոզել վարչապետին մնալ»:

Տնտեսագետը ներկայացնելով մի քանի ցուցանիշներ, նշեց, որ վարչապետի հրաժարականը հասունացել էր եւ անխուսափելի էր.«Օրինակ` տնտեսական աճի 7% ցուցանիշը չեղավ, 3.5% եղավ, միգրացիան չի նվազում, տնտեսությունը չի զարգանում, կոռուպցիան մնում է բարձր մակարդակի վրա, անհավասար մրցակցություն, Հայաստանը արտաքին աշխարհում որոշակի խոչընդոտների մեջ հայտնվեց,` ԵՄ եւ ՄՄ տեսանկյունից: Վարչապետն ինքը մի քանի անգամ խոշոր սխալներ թույլ տվեց, մի անգամ ճգնաժամի առիթով մեծամտաբար հայտարարեց, որ ճգնաժամը մեր կողքով կանցնի, հետո նույն ձեւով հայտարարեց, որ ՄՄ չենք մտնի` սահմաններ չունենք: Անընդհատ սխալներ  է թույլ տվել, եւ երկրի տնտեսական վիճակը, քաղաքական կուսակցությունների ակտիվացումը, բերել են նրան, որ այս իրավիճակում հարկավոր է փոփոխություն: Ես նրան զոհ չեմ համարում, երբ ասում են դրսի ճնշում եւ քավության նոխազ, զոհ կլիներ, եթե արդարացված վարչապետ լիներ եւ որոշակի ճնշումների ներքո իրեն չհեռացնեին:  2008 թվականից, երբ Տիգրան Սարգսյանը նոր էր վարչապետ, արդեն մի քանի ամիս հետո խոշոր սխալներ արեց: 6 տարվա գործունեության ընթացքում մեզ մոտ կարեւորագույն վտանգ ներկայացնող ոչ մի տնտեսական խնդիրներ չեն լուծվել. օլիգարխիան խորացել է, կոռուպցիան ավելացել է, փոքր բիզնեսը ճնշվել է»:

Ըստ պարոն Մակարյանի, Հայաստանի տնտեսական վիճակը բարելավելու համար պետք է ընտրվի ոչ կուսակցական անձ,համառ եւ անկախ անձնավորություն: Գագիկ Մակարյանի խոսքերով` ՀՀ նախագահի համար այս իրավիճակում շատ կարեւոր է, որպեսզի ծանրության նժարը կարողանա կենտրոնում հավասարակշռված պահել. «Պետք է լինի այնպիսի թեկնածու, որ լինի քաղաքականապես չեզոք, եւ այդ մարդն իր ակտիվությամբ իր մտածելակերպով ու գործունեությամբ բոլոր ուժերի կողմից լինի ընդունելի, այնպես չլինի, որ նորից ՀՀԿ-ից լինի ու իրենց տեսակետները տանի առաջ: Թեկնածուն պետք է լինի անկողմնակալ մարդ, անկուսակցական, տնտեագիտական մտքով օժտված,սկզբունքային, համառություն ունենա: , Այսօրվա դրությամբ ով էլ լինի վարչապետ համառություն է պահանջվելու, որովհետեւ այսօր այնքան փոխկապակցված խնդիրներ են առաջացել, որ դրանք քանդելու, պարզեցվելու կարիք կա: Տնտեսական աճ ու հասարակության սպասելիքները արդարացնելու համար նոր վարչապետի կողմից համառություն է պետք»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930