Լրահոս
Օրվա լրահոսը

Էջեր հայ ժողովրդի հերոսական անցյալից

Ապրիլ 04,2014 12:35

Վերջին քառորդ դարում մեր ժողովուրդն առաջին անգամ ոտքի կանգնեց 1988-ին: Գրեթե ազգովի: Ժողովուրդը միասնական ու միահամուռ էր, որովհետև անմնացորդ ու առանց վերապահումների էր հավատում շարժման առաջնորդներին: Առաջին օրերին Իգոր Մուրադյանին ու Վաչե Սարուխանյանին էր անվերապահորեն հավատում, այնուհետև` «Ղարաբաղ» կոմիտեին: Եվ այդ միահամուռ հավատն էր պատճառը, որ «Ղարաբաղ» կոմիտեի ցանկացած նախաձեռնություն հաջողությամբ էր պսակվում, և այդ անմնացորդ հավատի շնորհիվ շուտով «Ղարաբաղ» կոմիտեն իշխանության հասավ, և Հայաստանն էլ անկախացավ: Կարծիք կա, որ, ուզեինք թե չուզեինք, անկախ մեզանից անկախանալու էինք, բայց փաստ է նաև, որ մեր ժողովուրդը խորհրդային ժողովուրդներից առաջիններից էր, որ ոտքի կանգնեց:

Երկրորդ անգամ մեր ժողովրդի մի զգալի հատված ոտքի կանգնեց արդեն Լևոն Տեր-Պետրոսյանի ու ՀՀՇ-ի իշխանության դեմ: Պատերազմի տարիներն էին և ժողովրդի մի զգալի զանգված Տեր-Պետրոսյանի հրաժարականն էր պահանջում: Առաջին նախագահը զիջումների գնաց` ընդդիմության լիդերներից Վազգեն Մանուկյանին պաշտպանության նախարար նշանակելով: Արդյունքը միանգամայն դրական էր: Սա անկախության շրջանում թերևս միակ դեպքն էր, երբ իշխանությունն ընդդիմության հետ փորձեց ընդհանուր լեզու գտնել, և չնայած տվյալ իշխանության ներկայացուցիչներից ոմանք Լևոն Տեր-Պետրոսյանի էդ փոխզիջումը սխալ էին համարում, և չնայած ընդդիմադիրներից շատերն էլ Վազգեն Մանուկյանին էին էդ փոխզիջման իմաստով մեղադրում, փաստը մնում փաստ, որ մեր վերջին անկախության պատմության մեջ առաջինն ու վերջինը լինելով` տվյալ փոխզիջումը միանգամայն դրական արդյունքներ տվեց:

Երրորդ անգամ մեր ժողովրդի բողոքավոր զանգվածն իրար գլխի հավաքվեց անցյալ դարի 96 թվականին` հերթական նախագահական ընտրությունների առիթով: Սա նախագահական ընտրությունների առիթով ընդդիմության առաջին լուրջ համախմբումն էր, որը, փաստորեն, որևէ արդյունք չտվեց: ԱԺ դարպասները փուլ եկան, գլուխներ ջարդվեցին, այնուհետև տանկեր մտան քաղաք, և դրանով ամեն ինչ ավարտվեց:

Չորրորդ անգամ ժողովուրդը ոտքի կանգնեց վերստին նախագահական ընտրությունների առիթով` հանուն կրտսեր Դեմիրճյանի: Ժողովրդի չորրորդ ընդվզումը, փաստորեն, երրորդի թույլ կրկնությունն էր` գրեթե բոլոր առումներով, ինչպես նաև` արդյունքն էր գրեթե նույնը:

Հինգերորդ անգամ բողոքավոր զանգվածն ի մի եկավ` վերստին նախագահական ընտրությունների առիթով: Այս անգամ արդեն ժողովրդի ընտրյալը քաղաքականություն վերադարձած Լևոն Տեր-Պետրոսյանն էր, ինչպես ասում են` լավ մոռացված հինը:

Տեր-Պետրոսյանը հիմնականում իր հին թիմով քաղաքականություն վերադարձավ, և չնայած Նիկոլն ու ուրիշներ էլ իր հին թիմին գումարվեցին, նոր շարժման հաջողության հիմնական գրավականն առաջին նախագահի կատարյալ ճարտասանությունն էր, ինչպես նաև, էդ ճարտասանության կատարողի խոսքերով ասած, էդ ճարտասանության էներգետիկան: Բոլոր դեպքերում, վերջնական արդյունքը մարտի 1-ն էր` միանգամայն ողբերգական, որին հաջորդեց ճարտասանության ու էներգետիկայի տևական ու խորը ճգնաժամը:

Հաջորդ անգամ էլ մեր ժողովրդի դժգոհ զանգվածն ի մի եկավ նախագահական ընտրությունների առիթով: Այս անգամ գլխավոր գործող անձը «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն էր: Ժողովուրդը վերստին հույսեր էր փայփայում, բայց շատ շուտով էդ հույսերը ևս սառույցին գրվեցին, և ամեն ինչ ավարտվեց «Ժառանգության» առաջնորդի ու գլխավոր ոստիկանապետի միացյալ աղոթքով, և չնայած մենք աշխարհում առաջին Քրիստոնեությունն ընդունած պետությունն ենք, Րաֆֆի Հովհաննիսյանի ու Վլադիմիր Գասպարյանի էդ միացյալ աղոթքը մերոնց առանձնապես ոգևորություն չպատճառեց:

Վերջին անգամ բողոքավոր ժողովուրդն Ազատության հրապարակը բերնեբերան «լցրեց» այս տարվա մարտի 1-ին:

Հիմնական հռետորը վերստին Տեր-Պետրոսյանն էր, և չնայած էդ օրվա հանրահավաքի ու երթի շարունակությունը չի նշմարվում, այդուհանդերձ, էդ օրվա ժողովրդի քանակը վկայում էր, որ այսքանից հետո էլ ժողովուրդն ընդդիմության հետ որոշակի հույսեր է կապում, կամ, եթե ավելի ճիշտ ասենք, ժողովուրդն էն աստիճան է իշխանությունից հիասթափված, որ համառորեն շարունակում է ընդդիմության հետ հույսեր կապել:

Բայց, ըստ ամենայնի, սա վերջն է, ավելի ճիշտ, սա ընդդիմության ու ժողովրդի վերջին համատեղ փորձությունն է, որովհետև ոչ ժողովրդի համբերությունն է անսպառ, ոչ էլ` հավատը: Եվ եթե ժողովրդի էներգիան ու էներգետիկան ևս մեկ անգամ ջուրը թափվեն, ժողովուրդն արդեն վերջնականապես ձեռ կքաշի ընդդիմադիր կուսակցություններից և արդեն կփորձի ինքն իրենով ընդդիմադիր կուսակցության և ընդդիմության առաջնորդի դերերը ստանձնել:

 

 ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930