Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցիները` Րաֆֆի Հովհաննիսյանին. «Րաֆֆի ջան, էդ Գյումրու տեղը մոռացե՞լ ես». (Տեսանյութ, ֆոտոշարք)

Ապրիլ 04,2014 22:06

Քիչ առաջ Գյումրու Թատերական հրապարակում ավարտվեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի  հանրահավաքը: Կարելի է ասել այն բազմամարդ էր. և շատերը, հիմնականում տարեցները, վարչապետի հրաժարականից ոգևորված, եկել էին լսելու  «Ժառանգության» առաջնորդի կանխատեսումները երկրի զարգացման շուրջ:  Պարոն Հովհաննիսյանը, ինչպես միշտ, ջերմորեն ողջունեց բոլորին` նրանց յուրաքանչյուրին ձեռքով բարևելով ու երբեմն գրկախառնվելով: Նշենք, որ մշտապես Գյումրի այցելող Րաֆֆի Հովհաննիսյանը գրեթե բոլորին ճանաչում է անձամբ: Տարեց տղամարդկանցից մեկն էլ` նրան տեսնելով ուրախացավ ու կատակով բացականչեց. «Րաֆֆի ջան, էդ Գյումրու տեղը մոռացե՞լ ես», որին ի պատասխան պարոն Հովհաննիսյանը զարմանքով արձագանքեց, թե մոռանալ կլինի՞:

PrevPhoto
NextPhoto

Րաֆֆի Հովհաննիսյանը Գյումրիում հայտարարեց, որ սա վերջին նախահավաքն է, և  ակնկալում է, որ բոլոր ուժերը համատեղ կպահանջեն ամբողջական իշխանափոխություն, և  դա կլինի շատ շուտ` այս ամսվա ընթացքում: Ըստ նրա,  հայաստանցիների 99 տոկոսի պահանջ է, որ բոլորը միանան` քաղաքական  կուսակցությունները, քաղաքացիական շարժումները, ոստիկանները, որպեսզի միասին պրծնեն այս դժոխքից, անսահմանադրական իրավիճակից և  ի վերջո ունենան ժողովրդին պատկանող իշխանություն:

«Ես Գյումրու առջև պարտք ունեմ և էդ պարտքը ո՞նց եմ մարելու, ես չգիտեմ, էդ պարտքը մարեմ 21 օր նստելո՞վ…դուք ասեք, ես կնստեմ.  չեմ պատկերացնում Գյումրիի նկատմամբ պարտքը ո՞նց պիտի մարեմ, միայն մի բանով, որ պիտի պայքարը շարունակեմ այնքան օր, որ Աստված ինձ տալիս է: Իմ ընկերների հետ մեկտեղ մենք պիտի շարունակենք այդ պայքարը, որ Ձեր հաղթանակը անցյալ տարի..Որ էն մյուսը մարդը, որ հեգնեց Ձեզ ասեց` որքա՞ն խփենք, իսկ դուք խփեցիք 77, թե քանի տոկոս…», -իր ելույթի սկզբում հիշեց  Րաֆֆի Հովհաննիսյանը:

Այնուհետ անդրադառնալով միասնական հրապարակ ստեղծելուն` Րաֆֆի Հովհաննիսյանը  նախազգուշացրեց, որ եթե  մյուս ուժերը չպահանջեն ամբողջական իշխանափոխություն, ուրեմն  ժողովրդի անունից հանդես գալու իրավունք չունեն:

«Մտել ենք ապրիլ, շախմատի մեծ խաղ է գնում և դուք ինձանից  լավ  կարող եք վերլուծել Ձեր հումորով, Ձեր խորագիտակ զրույցներով: Մեծ շախմատի խաղ է գնում, իսկ ես ասում եմ` իմ և մեր անունից, որ ով միասին կկանգնի ժողովրդի հետ ամբողջական արտահերթ իշխանափոխության նպատակով, ով գնաց խաղի, ով գնաց բազարի, ինքը ժողովրդի անունից թող չխոսի: Ես կրկնում եմ ժողովուրդը հաղթեց անցած տարի, և 30 օրերի ընթացքում մենք կարողացանք Հայաստանին ցույց տալ, որ էս ժողովուրդը մեռած չէ»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա անդրադարձավ նաև վարչապետի հրաժարականին` նշելով, որ հիմա խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերը, պայքարող  երիտասարդները, ազատամարտիկները  ոչ թե առանձին-առանձին պիտի վերլուծեն, թե սա ինչ խաղ էր, ինչու վարչապետին հանեց Սերժ Սարգսյանը, այլ գործի անցնեն, համախմբվեն: «Ժողովուրդը պահանջեց, ժողովուրդը օր առաջ ստացավ կիսաքայլը` վարչապետի հրաժարականը, բայց ժողովուրդը պահանջում է նույն Սերժ Սարգսյանի և իր ամբողջ իշխանության հրաժարականը և նոր ընտրություններ», -ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նաև ասաց, որ իրեն  նախագահի աթոռը պետք չէ, թող լինի նոր մարդ, ով կարժանանա ժողովրդի վստահությանը, ով կարող է դեմ առ դեմ գալ հրապարակ`առանց թիկնապահի ու ասել, որ հրաշալի հաղթանակ ենք  տարել: Նա նաև ասաց, որ  եթե անցած տարվա փետրվարի 18-ին  այս կուսակցություններն ու քաղաքացիական նախաձեռնությունները  շիրակցիների  կողքը կանգնեին ընտրատեղամասերում, լրիվ ուրիշ վիճակ կլիներ: Նա կոչ արեց բոլորին` առանձին-առանձին գործելու «սխալ խասյաթը թարկել» ու ստեղծել միասնական հրապարկ այս ամիս` արտահերթ, ամբողջական իշխանափոխության պահանջով:

Մանրամասները` տեսանյութում: 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հարություն says:

    Հավաքին մասնակցող Գյումրու քաղաքապետարանի էմիսարների մասին չեք գրում?ինչու? բալասանյանը 35 հոգի էր ուղարկել մայդան, հատկապես էն անդիպլոմ Սլավիկը ու մի խումբ աղջնակներ եկել էին բալետ անելու Րաֆֆուն, զարմանալի է, ինչու Սերժ Սարգսյանը ուշադիր չէ իր դրած կադրի վարքագծին և ինչու ՀՀ Տարածքային նախարարությունը Գյումրու քաղաքապետին չի պատժում անդիպլոմ բաժնի պետ ունենալու ու հարկատուների փողերով աշխատավարձ տալու համար

  2. Spartak says:

    Գյումրեցիները դեռ հավատո՞ւմ են Րաֆֆիին…Ուշքի եկեք:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930