Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշան Պետրոսյանը՝ Հասմիկ Պողոսյանին. «Ես չեմ ապակողմնորոշում, «Շուշանավարի» եմ այդ հարցը տվել»

Ապրիլ 04,2014 23:05

Օրերս ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ երգչուհի, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը տհաճ իրավիճակի մեջ ընկավ, երբ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին հարց ուղղեց:

Նա հետաքրքրվեց, թե ի՞նչ սկզբունքով է առաջնորդվելու նախարարը՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ընտրության հարցում: Երբ Շուշան Պետրոսյանն ասաց, որ պաշտոնապես հայտ է ներկայացրել 9 թեկնածու, եւ միայն մեկն է ներկայացրել ծրագիր, Հասմիկ Պողոսյանը երգչուհուն կոպտեց՝ ասելով, որ ապակողմնորոշում եք ամբողջ հասարակությանը:

Aravot.am-ի հետ զրույցում մենք Շուշան Պետրոսյանից հետաքրքրվեցինք, թե նեղացե՞լ է նախարարից: «Բոլորովին, ինչի՞ նեղանամ: Նեղանալու բան չունեմ ես: Բայց կարծում եմ, որ ինձ համար մշակույթի նախարարը միշտ պետք է օրինակ լինի: Ես նեղանալու բան չունեմ: Ես բավական լարված եւ ոչ գեղեցիկ պատասխան ստացա: Ես չեմ ապակողմնորոշում: Եթե բարձրաձայնեցի, ե՞ս եմ այդ ապակողմնորոշողը: Մի քիչ ուշադիր որ  լինի, ինձ թվում է կտեսնի, որ շատերն են այդ հարցին սրտացավ մոտեցում պահանջում, նույնիսկ արտասահմանում ապրող շատ-շատ արտիստներ, երեւելի մարդիկ, որոնք մինչ անկախությունը Օպերայի հիմքն են եղել»,- ասաց Շուշան Պետրոսյանը:

Ֆեյսբուքյան օգտատերերը գրել էին՝ Շուշանը չգիտի՞ ինչպես են մեր երկրում տնօրեն նշանակում, որ Հասմիկ Պողոսյանին հարցեր է տալիս, չգիտի՞, որ մեր երկրում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է գործում: Այս առնչությամբ  Շուշան Պետրոսյանը պատասխանեց. «Եթե ասենք թե այդպես է, հետո՞ ինչ, պիտի լռե՞մ: Պիտի հարցը չտա՞մ, չբարձրաձայնվի՞: Մեկ անգամ այդպես եղավ, երկրորդ անգամ, երրորդ անգամ կձախողվի չէ՞ վերջապես: Հետո, եթե այդպես է եղել, ուրեմն ես ասում եմ՝ ես  որեւէ քայլ կյանքում հենց այնպես չեմ արել: Ես «Շուշանավարի» եմ այդ հարցը տվել նախարարին: Ինձ համար հիմքը իմ ոլորտին ծանոթ լինելն է եւ ըստ իս, ինչ չափանիշներ էլ, որ պետք են տնօրենի համար, ես հարցիս մեջ այդ չափանիշներից ելնելով էլ կառուցել եմ իմ նախաբանը՝ հարցից առաջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930