Լրահոս
Օրվա լրահոսը

Բարոյականության երկու մեկնակետ

Ապրիլ 05,2014 20:02

/հատված «Զարհուրելի Եհովան» խոհագրությունից/

Վստահ եմ`  «Հին կտակարանի» «Ծննդոց» գրքից տեղյակ եք մեղքի մեջ թաղված Սոդոմի և Գոմորի ավերման մասին, որտեղից միայն Աբրահամի եղբորորդի Ղովտը փրկվեց երկու դստեր հետ, որովհետև հրեշտակներին տուն առնելով` պատսպարեց համաքաղաքացիների ոտնձգումից, սակայն ի՞նչ կերպ: Բարոյական ո՞ր արժեչափը գործադրեց հրեից աստված Եհովան մեկի` անմեղ, մյուսների մեղավոր լինելը որոշելիս: Դիմելով տունը պաշարածներին` Ղովտն ասում է. «Ահա ես երկու աղջիկ ունիմ, որ այր չ‘գիտեն. թող նորանց ձեզ մօտ դուրս բերեմ, եւ ձեր աչքին հաճոյ եղածն արէք նորանց, միայն այս մարդկանցը բան մի անիք»: Հյուրընկալության օրե՞նքն է հարգում, երկնքում գտնվո՞ղն է նրա համար վեր ամեն բանից: Հրաշալի է: Թող իրեն զոհեր, ոչ թե կույսերին հանձներ բորբոքված ամբոխի ձեռքը, որպեսզի պաշտպանի ո՞ւմ` հայրենի քաղաքը կործանելու եկած հրեշտակ-պատժիչների՞ն: Կյանքը թանկ բան է: Դա նույնպես հասկացանք: Գոնե համաքաղաքացիներին «եղբայրներս» չանվանի: Որպես վարձատրություն, ինչպես ասվեց, Ղովտն աղջիկների հետ փրկվում է, կինը, ում կարգադրված էր ետ չնայել` չտեսնելու քաղաքների կրակով ու ծծմբով այրվելը, աղի արձան դառնում: Ինչպե՞ս չշրջեր հայացքը, եթե զգայուն էր, մոխրացողն իր բնակատեղին էր, մարդիկ էին: Էլի առասպել թող կոչվի, բայց պիտի՞ բարոյաբանություն ունենա:

Պագշելի է դուստրերի և հոր հետագա վարքը: Քույրերը, որ այր մարդու պահանջ ունեին, վճռում են կենակցել ծնողի հետ: Մեծն առաջարկում է փոքրին. «Եկ մեր հօրը գինի խմեցնենք, եւ մեր հօրիցը սերունդ հարուցանենք: Եւ այն գիշերը իրանց հօրը գինի խմեցրին, եւ մեծ աղջիկը գնաց եւ իր հօր հետ պառկեց, եւ Ղովտը չիմացավ նորա պառկելը եւ վեր կենալը: Եւ եղաւ որ միւս օրը մեծ աղջիկը պզտիկին ասեց. Ահա երէկ գիշեր հօրս հետ պառկեցի. այս գիշեր էլ նորան խմեցնենք, եւ դու գնա հետը պառկիր, եւ մեր հօրիցը սերունդ հարուցանենք: Եւ այն գիշերն էլ իրանց հօրը խմեցրին, եւ պզտիկ աղջիկը վեր կացաւ նորա հետ պառկեց, եւ Ղովտը չիմացաւ նորա պառկելը եւ վեր կենալը: Եւ Ղովտի երկու աղջկերքը իրանց հօրիցը յղացան»: Եվ այսքանից հետո, պատկերացրեք, Եհովան հանդուրժում, չի պատուհասում պղծվողներին: Հարց է ծագում` այդ ի՞նչ պիտի ավելին արած լինեին նրանց համաքաղաքացիները` սոդոմցիք ու գոմորցիք, որ ծծկերից սկսած գլխովին ոչնչացվեցին: Գինով լինելը մի՞թե արդարացնում է պագշոտությունը:

Բարոյականության մասին մեր դյուցազնավեպի կերպարների վարքը բաղդատեք եբրայեցոց մեծաց հետ` ըմբռնելու համար «Հին կտակարանը» կազմողների և «Սասնա ծռերը»  կերտողների առաքինության մասին պատկերացումների աստիճանը: Ձենով Օհանի կին Սառյեն, հմայված Մսրա Մելիքին հաղթած դյուցազնի առնականությամբ, փորձում է գայթակղել.

Էնոր կնիկ էլավ,

Շաքարհաց թխեց գողտուկ,

Հավ մորթեց, տապակեց,

Մեղր, կարագ, յոթ տարվա գինի առավ,

Էլավ իր խորոտ-խորոտ շորեր հագավ,

Աչքեր դեղեց, բսկեր էհան,

Խորոտ-խորոտ կոնդուրեք հագավ,

Առավ էդ բաներ, մոմ վառեց,

Էկավ Դավթի սենեկ:

Յոթ տարվա գինին չի օգնում: Մեկ տարվա գինի է հյուրասիրում, որպեսզի խմիչքը քաջազնի գլխով չտա, չքնի: Դարձյալ օգուտ չունի.

– Հրողբոր կնիկ,- ասաց Դավիթ,

Էլի գնա, ես քնեմ.

Չուր վաղ, վաղ քեզ բան կ’ասեմ:

Խաբեց, էդիր ճամփու:

Նույն պատմությանը հանդիպում ենք նաև Փոքր Մհերի մասին պատմող ճյուղերում` տարբեր պատումներում` տարբեր տարբերակներով.

Մհեր շատ խորոտ տղայ ի.

Տեսակով, քաղցրաերուն, սըպտակակերպի:

Ձենով Հովանի կնկա սիրտ վըր Մհերին կ’ավրի.

Կ’ըսի. – Վորդի, արի հեսոր ջուր դի, ձի լողացըցու:

Մհեր կ’ըսի. – այ մերիկ,

Սկոն բան չըլնը, ամոթի.

Կ’ուզես, յես ջուր դնեմ, դու տար լողացի:

Կ’ըսի. – Մհեր, չըմ գիտի ամոթ-մամոթ,

Ջուր կը դնիս, բիրիս, զըձի կը լողկըցնես:

Մհերի ճարը կը կտրի, կ’ըսի.

«Ինքն, ուր Աստված, տանեմ լողկըցըցնեմ»:

Ջուր կ’առնի, կը հա չոլ, կ’ըսի. – Արի լողկըցի:

Կ’ըսի. – Դու ջուր լից վար յեմ գըլխուն, յես լողկանամ:

Մհեր իշ կ’անի, ձեռնեն չազատվի:

Ուր աշկեր կը խփի,

Ջուր կը լցի վըր ուր խրողբոր կնկան:

Պարզ է` գոցում է աչքերը, որպեսզի չտեսնի նրա հոլանի մարմինը, և սիրտը չմեղավորվի, որովհետև նրանց համար «մեր, հրողբոր կնիկ մեկ է»:

 

Արամ Հովհաննիսյան, արձակագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Grigor J says:

    ինչպես կարելի է մեր հայերիս բարոյականությունը համեմատել այդ այլանդակ ազգի(ջհուդների)հետ, երբեք չհամեմատեք խնդրում եմ, նույնիսկ ոչ մի ազգ չի կարող համեմատվել ուրմնաց թէ եվրեները

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930