Լրահոս
Օրվա լրահոսը

Որքանո՞վ է Հայաստանի կառավարության գործունեությունը համապատասխանում բաց կառավարմանը

Ապրիլ 08,2014 22:33

2011թ.-ին Հայաստանը անդամակցեց Բաց կառավարման գործընկերություն (Open goverment parntnership)  (ԲԿԳ) նախաձեռնությանը: ԲԿԳ-ի, որը հիմնադրել էին ութ երկրներ՝ ԱՄՆ-ն, Բրազիլիան, Ինդոնեզիան, Մեքսիկան, Նորվեգիան, Ֆիլիպինները, Հարավային Աֆրիկան ու Միացյալ Թագավորությունը, հիմնական նպատակը թափանցիկ եւ հաշվետվողական իշխանությունների ձեւավորումն է՝ հանրային կյանքում հասարակության լայնածավալ մասնակցությամբ: Ներկայումս 63 երկիր է մասնակցում այս նախաձեռնությանը:

Հայաստանը այս գործընկերությանը մասնակցության շրջանակներում ուներ 2012-2013թթ. գործողությունների ծրագիր, որով նախատեսված էին բազմաթիվ միջոցառումներ՝ կառավարման թափանցիկությունն ու բացությունն ապահովելու համար:

Այսօր քաղաքացիական հասարակությունը, որը բաց կառավարման կարեւորագույն մասն է, հանձին՝ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Քաունթերփարթ Ինթերնեյշնլ կազմակերպության եւ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության, քննարկում էր հրավիրել՝ ԲԿԳ-ին Հայաստանի ներգրավվածության, ԲԿԳ շրջանակներում 2012-2013 գործողությունների ծրագրի կատարողականի եւ 2014-2016թթ. ծրագրի նախագծի վերաբերյալ:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետ Լիանա Դոյդոյանը ներկայացրեց ԲԿԳ-ի սկզբունքները, խոսեց ԲԿԳ ծրագրի ուղեցույցի մասին, իսկ Արտակ Քյուրումյանը ներկայացրեց Հայաստանի՝ ԲԿԳ-ի 2012-2013թթ. գործողությունների ծրագրի անկախ գնահատումը:

Ըստ այդ գնահատման՝ Գործողությունների ազգային ծրագրում պարունակվող 15 պարտավորություններից  7-ն է համապատասխանել ԲԿԳ արժեքներին եւ 8-ը էականորեն կամ ամբողջությամբ կատարվել է:

Բյուջեի թափանցիկությունը, ըստ 4 բալանի սանդղակի 0 է գնահատվել, տեղեկատվության ազատությունը՝ 2 (օրենքը գործում է, սակայն տեղեկատվությունը ոչ միշտ է մատչելի), հայտարարագրերի հրապարակումը՝ 3, քանի որ միայն ընտրված պաշտոնյաների ունեցվածքն է հայտարարագրվում, եւ հանրային մասնակցությունը՝ 3:

Քննարկման ավարտից հետո «Aravot.am»-ը զրուցեց «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանի հետ: Հիշեցնելով, որ որպես թափանցիկ աշխատաոճի ապացույց մեր կառավարությունը մշտապես բերում է e-gov.am կայքի օրինակը, ասելով, որ նման աննախադեպ բան անգամ շատ զարգացած երկրներում չկա, երբ կառավարության բոլոր որոշումներն ու բյուջեն ամբողջությամբ տեղադրվում են բոլորին հասանելի կայքում, երբ կարող ես հետեւել քո պաշտոնական դիմումի ընթացքին եւ այլն, հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք մեր կառավարությունը բա՞ց է կառավարում:

«Բաց կառավարման գործընկերությունը անգլերենից բառացի թարգմանելիս՝ պիտի լիներ բաց կառավարության գործընկերություն, ծրագրի գաղափարը հենց երկրի կառավարության բացության ապահովումն է՝ քաղաքացիական հասարակության գործընկերությամբ: Իր փիլիսոփայությունը մի քանի արժեքների հիման վրա է, որոնցից մեկը տեղեկատվության ազատությունն ու մատչելիությունն է: Մեր կառավարությունը վերցնում է եւ ասում՝ ես e-gov եմ սարքել, բայց դա բավարար չի: Տեղեկատվության մատչելիությունն այն չի, որ այդ տեղեկատվությունը դրված է ինչ-որ տեղ՝ համացանցի խորքերում, դա պետք է ցանկացած մարդու համար ընկալելի լինի: Գուցե նեղ մասնագիտների համար դա հրաշալի բան է, բայց դա բաց կառավարության գործընկերությունը դա չի նշանակում: Քաղաքացիական հասարակությունը, երբ առաջարկություններ է ներկայացնում կառավարությանը՝ որպես գործընկեր, դրանք շատ ավելի արմատական քայլեր են՝ միտված ինչ-որ խնդիր արագ եւ միանգամից լուծելուն: Օրինակ, 2012-13թթ. Գործունեության ծրագրի համար Բարսեղյան Լեւոնը («Ասպարեզ» ակումբի նախագահ) 15-17 էջից բաղկացած առաջարկություններ էր ուղարկել, որոնցից ոչ մեկը չէր ընդունվել: Կամ ասում են՝ մենք էլեկտրոնային գնումների համակարգ ենք ներդրել: Էլեկտրոնային գնումների համակարգը ոչ մի ձեւով չի ազդում գնումների հետ կապված այն մեծ խնդիրների վրա, որոնք կան: Մի հաշվետվության մեջ նշվել էր, որ անցած տարի գնումների 70%-ը հրատապ ընթացակարգով մի աղբյուրից կատարված գնումներ են: Է, հիմա դնես էլեկտրոնային թե չդնես՝ դրանի՞ց խնդիրը լուծվում է, ոչ: Քաղհասարակության եւ կառավարության մեջ երեւույթների ընկալման նման խնդիր կա: Բացի այդ՝ ԲԿԳ-ն գործողությունների իրականացման պարտականությունը դնում է կառավարության վրա, կառավարությունը պիտի ցույց տա, որ ինքն ուզում է, ձգտում է բացվել, թափանցիկ դառնալ, բայց ինչ է հաճախ արվում՝ որեւէ ՀԿ որեւէ ծրագիր է իրականացնում, որտեղ կառավարությունը շահառու է եւ կառավարությունը դրա կողքը «պլյուս» է դնում, թե՝ արել եմ: Բայց ինքը պետք է ծրագրեր իրականացնի»:

Մեր հարցին՝ անկախ գնահատողի տված գնահատման, եզրակացության հիման վրա 5 բալանոց սանդղակով ի՞նչ գնահատական կտաք Բաց կառավարման գործընկերության 2012-13 թթ. Գործունեության ծրագրին: Դավիթ Ամիրյանը պատասխանեց. «2 բալ կտայի: Կառավարության բացությունը պիտի ուղղված լինի հասարակությանը: Որեւէ քաղաքացի զգո՞ւմ է իր վրա այդ բացությունը: Մարդիկ զգո՞ւմ են, չեմ կարծում: Անկախ գնահատողը վերցրել է արժեքը, որ սահմանել է ԲԿԳ-ն, վերցրել է ՀՀ կառավարության գործունեությունը՝ այդ արժեքի ներքո եւ գնահատական է տվել՝ համապատասխանո՞ւմ է այդ գործունեությունը այդ արժեքին, արդյունք տվե՞լ է, պե՞տք է շարունակվի եւ այլն… Եվ երբ կետ առ կետ նայում եք հաշվետվությունը, երեւում է, որ մեծ խնդիրներ կան՝ արված քայլերը արժեքներին չեն համապատասխանում, արդյունքի չեն հասել եւ այլն»:

Հետաքրքիր է, որ կառավարությունից այս հարցի քննարկմանը որեւէ մեկը չէր եկել:

Տեղեկացնենք նաեւ, որ ԲԿԳ-ին միացած 63 երկրներում էլ նույն արժեքներն են սահմանված, նույն ձեւաչափը, կառավարությունը նույնատիպ պարտավորություններ է ստանձնում եւ անկախ գնահատողները նույն չափանիշներով գնահատում են այդ երկրների կառավարությունների գործունեության ծրագրերը: Որից հետո միջազգային հարթակում այդ ամենը դրվելու է ընդհանուր գնահատման՝ վարկանիշային ցանկ է կազմվելու: «Իրենք որեւէ ճնշման մեխանիզմ չունեն: Թերեւս, միայն քեզ տրված գնահատականը, քո ռեյտինգն է որոշակի «ճնշում» լինելու: Բայց քո կառավարության բացությունն ու փակությունը քո խնդիրն է, քո կառավարության խնդիրն է: Ասել են՝ մենք նման նախաձեռնություն ունենք՝ ցանկացողները կարող են միանալ, կտանք արժեքներ, գաղափարներ, իրականացրու: Մենք՝ մեր կառավարությունը, իր կամքով միացել է, իսկ քաղաքացիական հասարակությունը՝ որպես այդ նախաձեռնության մաս, ասում է կառավարությանը՝ եթե գնացել-միացել ես, արի անենք ճիշտ, լավ, ամբողջական ձեւով՝ արժեքներին համապատասխան, գաղափարին հետամուտ լինելով, եւ ոչ թե ձեւի համար»:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Չկա նման պետություն:Ապամոնտաժված է:Մնացածը` ժամանակի հեքիաթ է:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930