Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Ապրիլի 9-ը իմ ինքնաուրացման, հոգեհանգստի օրն էր». (Տեսանյութ)

Ապրիլ 09,2014 22:15

Այսօր` ապրիլի 9-ին լրացավ ուղիղ մեկ տարին նախագահի ընտրություններից եւ  «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտնի աղոթքի, երդմնակալության օրը, եւ ինչպես որ ասել էր պարոն Հովհաննիսյանն այսօր հանդես եկավ հայտարարությամբ: Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանի այսօրվա հայտարարության մեջ գրեթե ոչ մի նոր բան չհնչեց. նա կրկին արտահերթ ընտրությունների կոչ արեց, նշելով, որ մեկ տարի առաջ էլ ՀՀ նախագահից պահանջում էր խորհրդարանական արտահերթ ընտրություններ, դա, իհարկե, չկատարվեց, բայց, ինչպես ասաց պարոն Հովհաննիսյանը. «Վստահ եմ, այսօր էլ նրա սեղանին դրած է այդ փաստաթուղթը»:

IMG_4635

Րաֆֆի Հովհաննիսյանի այսօրվա հավաքը սակավամարդ էր. հիմնականում ծերեր էին, որոնք պարոն Հովհաննիսյանի խոսքերը մեծ ուշադրությամբ լսում էին ու նույնիսկ տեղից դրական ռեպլիկներ անում:

IMG_4636

Իսկ Հովհաննիսյանն այսօր նաեւ պարզաբանում տվեց, թե մեկ տարի առաջ այս օրն ինչ եւ ինչպես տեղի ունեցավ:  «Ժառանգության» առաջնորդն ասաց, որ ինքը մեկ տարի առաջ ապրիլի 9-ին չէր կարող թույլ տալ, որ արյուն թափվեր, եւ խոստովանեց, որ այդ օրը այն որակյալ եւ կրիտիկական զանգվածը չէր հավաքված, որպեսզի հարց լուծվեր:

«Մենք չունեինք այդ միլիոնավոր դոլարների նյութական, տեխնիկական հնարավորությունը շարժումը մինչեւ վերջ տանելու համար, գուցե մի օր դա մեր օգուտը դառնա: Ես ներողություն չեմ խնդրում, որ թույլ չտվեցի որեւէ մի քաղաքացու արյուն թափվեր, ամեն հայի արյուն ինձ համար թանկ է: Ապրիլի 9-ը թող լինի իմ ինքնաուրացման օրը, իմ հոգեհանգիստը, եթե մարդկանց դա անհրաժեշտ է:  Այդ օրը որոշ հաղորդակցական սխալներ եղան եւ ողջ ժողովրդին չկարողացանք ասել, որ գնում ենք Ծիծեռնակաբերդ. այս օրը մեկը արյուն էր ուզում, մեկը պաշտոն, մեկը` քայլել, մյուսը`ստվերային կառավարություն, ամեն մեկը մի ակնկալիք ուներ»:

Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ խոսոտվանեց, որ նա այդ օրը չէր կարող առանց իշխանափոխության արդյունքի կտրուկ քայլերի դիմել.«Եթե որեւէ մեկի ակնկալիքը չեմ իրականացրել, եթե որեւէ մեկին հուսախաբ եմ արել, ներողություն եմ խնդրում: Ես պատրաստ չէի եւ չէի կարող առանց արդյունքի, քաոսի հեռանկարով թույլ տալ այդ թաղումը, արյունը այցելեր հայ ընտանիք: Սադրիչներ երկու կողում էլ կային, եւ ոստիկանական դիրքերի հետեւում, արյուն արդեն թափվում էր»:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերով`այսօր Հայաստանում ստեղծվել է նոր իրավիճակ, ի վերջո անցյալի կիսատ մնացած գործը վերջացնելու համար. «Մեր երկրում  մեծ պայթյուն է սպասվում, այդ մեծ պայթյունը, Աստված չանի լինի մեր սահմանում, Արցախում` ուրիշների ձեռքով, բայց Աստված եւ քաղաքացին անի, որ լինի խաղաղ եւ Սահմանադրական ճանապարհով մեր սեփական երկրում»:

«Ժառանգության» ղեկավարը մեկ անգամ եւս կրկնեց, որ կառավարության հրաժարականը քաղաքական ուժերի, ժողովրդի եւ քաղաքացիական ուժերի շնորհիվ եղավ:  Պարոն Հովհաննիսյանը, ինչպես ինքը վստահեցրեց, ակնկալում էր որ կլինի միացյալ հրապարակ, որտեղ համատեղ եւ վերջնական որոշումը 4 ուժերի կպարզվի, այսօր դա չեղավ, բայց Հովհաննիսյանը հավաստեց, որ իր պայքարը պետք է շարունակվի ամբողջական իշխանափոխության համար, ինքը պատրաստ է հանդիպել, բանակցել բոլոր ուժերի հետ:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930