Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի խորհրդակցությունները քաղաքական ուժերի հետ մեկնարկել են (Տեսանյութ)

Ապրիլ 10,2014 16:47
naxagahi nstavayr

Արդեն շուրջ 40 րոպե է՝ ինչ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ մեկնարկել է ՀՅԴ խմբակցության պատգամավորների հետ հանդիպումը:

Հիշեցնենք, որ նոր վարչապետի անունը հրապարակելուց առաջ, ըստ Սահմանադրության, նախագահը պետք է քաղաքական խորհրդակցություններ անցկացնի խորհրդարանական ուժերի հետ:

Այն, որ ՀՅԴ ներկայացուցիչների հետ հանդիպումը տեղի է ունենալու 16.00-ին, լրագրողների հետ զրույցում հաստատել էր ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Այս պահին լրագրողները նախագահական նստավայրի մուտքի մոտ հավաքված փորձում են ինչ-որ տեղեկություններ հայթայթել, սակայն առայժմ ապարդյուն: Դաշնակցական պատգամավորները նախագահական նստավայր են մտել հավանաբար ետնամուտքով, որովհետեւ կենտրոնական մուտքի մոտ հավաքված լրագրողները չեն տեսել նրանց ներս մտնելը:

Aravot.am-ի տեղեկություններով, ավելի ուշ՝ ժամը 17.00-ին էլ նախատեսված է Սերժ Սարգսյանի հանդիպումը ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչների հետ: ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» հայտարարել էին, որ մերժում են նախագահի հետ հանդիպման առաջարկը: Նախագահը հանդիպում կունենա նաեւ կոալիցիոն ՕԵԿ-ի ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպման մասին տեղեկատվություն չի հաջողվում ճշտել: ՕԵԿ-ականները չեն արձագանքում հեռախոսազանգերին:

Հիշեցնենք նաեւ, որ երեկոյան տեղի է ունենալու ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որտեղ արդեն Սերժ Սարգսյանն իր կուսակիցներին կներկայացնի նոր վարչապետի թեկնածուին:

Ի դեպ, խոսակցություններն այն մասին, որ ՀՀ 14-րդ վարչապետը լինելու է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, առավել ինտենսիվ են դառնում նաեւ հանրապետականների շրջանում:

Տեղեկացնենք նաեւ, որ այսօր ԱԺ էին եկել Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, ավելի ուշ՝ նաեւ Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանը: Ենթադրվում է, որ նրանք հանդիպում են ունեցել Հովիկ Աբրահամյանի հետ: Թե ինչ հարցերի շուրջ՝ մեզ այդպես էլ չհաջողվեց ճշտել:

Հ. Գ. Հենց նոր ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վարդան Օսկանյանը եւ Ստեփան Մարգարյանը մտան նախագահական նստավայր կենտրոնական մուտքից:

Լրագրողների հարցերին՝ կոնկրետ պահանջներ ունե՞ք նախագահից, պատգամավորներն ասացին, որ ամեն ինչի մասին կխոսեն ավելի ուշ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930