Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմաբան. «Դավիթ Հովսեփյանը ծնկի չիջավ այն ժամանակվա իշխանությունների առաջ»

Ապրիլ 12,2014 21:33

«Ցավն ու վիշտը երբեք ինձնից դուրս չեն գալիս, բայց Դավիթիս կերպարն ինձ ուժ է տալիս ու ապրեցնում: Եզակի երևույթ է, որ 18 տարեկան պատանու անունով դպրոց են կոչում: Դավիթս իր փոքր տարիքով է մեծարվում, այսինքն՝ նա փոքր էր, բայց հասուն մարդուն բնորոշ գործունեություն էր ծավալում»,- վաղամեռիկ հասարակական գործիչ, լրագրող, բանահավաք, բանաստեղծ Դավիթ Հովսեփյանի մոր՝ Ստելլա Հովսեփյանի խոսքերն են:

Տիկին Ստելլայի նախաձեռնությամբ «Նոյյան տապան» լրատվական կենտրոնը Դավիթ Հովսեփյանի կյանքին ու գործունեությանը նվիրված կայք (www.dh.nt.am) է պատրաստել, որի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր՝ «Նոյյան տապան»-ի մամուլի սրահում. «Անկեղծ ասած՝ մինչև կայքի պատրաստումը մենք ծանոթ չէինք Դավիթ Հովսեփյանի կյանքին ու գործունեությանը: Որոշ ժամանակ անց, ծանոթանալով այն նյութին, որը պետք է տեղադրվեր կայքում, տեսանք, որ գործ ունենք մեծ մարդու հետ, և մենք շատ հպարտ ենք, որ կայքը մենք ենք պատրաստել,- ասաց «Նոյյան տապան» լրատվական կենտրոնի ղեկավար Տիգրան Հարությունյանը և հավելեց.- Դավիթի տաղանդը շատ կողմերով է դրսևորվել: Իսկ այդպիսի մարդկանց պետք է ճանաչի հայ հասարակությունը, նրան պետք է ներկայացնել, որովհետև, չնայած նրա կարճատև կյանքին, նա արժեք է մեզ համար»:

Շնորհանդեսին մասնակցում էին նաև Դավիթ Հովսեփյանի անվ. թիվ 191 հիմնական դպրոցի աշակերտները, որոնք կարդացին նրա բանաստեղծություններից: Ազգագրական երգերով ու պարերով հանդես եկան Հայրիկ Մուրադյանի «Վան» և «Զարթոնք» համույթները, որոնց կազմում ժամանակին ընդգրկված է եղել նաև Դ. Հովսեփյանը:

Aravot.am-ի հետ զրույցում Դ. Հովսեփյանի մայրը՝ տիկին Ստելլան պատմեց, որ դեռևս տասներեք տարեկանում որդին իր սիրելի բանաստեղծի՝ Հովհ. Շիրազի մասին նյութեր էր հավաքում՝ նրա անվամբ թանգարան ստեղծելու նպատակով և ստեղծում է՝ իր ննջասենյակը դարձնելով «Տնային թանգարան», որտեղ տեղ են գտնում բանաստեղծին վերաբերող արխիվային  եզակի նյութեր: Տնային պայմաններում ևս մեկ թանգարան է ստեղծում՝ նվիրված Զորավար Անդրանիկին:

Շնորհանդեսին ներկա պատմաբան Արմեն Կարապետյանին զարմացնում է այս փաստը, թե ինչպես է 17-18 տարեկան պատանին կարողացել հասկանալ Զորավար Անդրանիկի դերը մեր ժողովրդի պատմական ճակատագրում, ինչպիսի նվիրվածությամբ է հավաքել զորավարի մասունքներն ու թանգարան ստեղծել: «Բայց այստեղ թանգարանի հիմնումն այնքան կարևոր չէ, որքան այն, թե այդքան վաղ հասակում մարդն ինչպե՞ս է կարողանում գիտակցել, որ եթե ամեն մի հայ իր ներսում չունենա Զորավար Անդրանիկ, նրա հայրենիքը չի կարող անսասան լինել: Մինչդեռ, նույնիսկ այսօր կան Անդրանիկի հասցեին ցեխ շպրտողներ, նրա մասին վարկաբեկիչ նյութեր տարածողներ»,- ասաց պատմաբանը՝ կոչ անելով այսպիսի մարդկանց Դ. Հովսեփյանի կյանքի ու գործունեության օրինակով սովորել. «Նրա կյանքն ուսանելի դաս է մեզ համար: Նա երբեք ծնկի չիջավ այն ժամանակվա իշխանությունների առաջ, խոնարհումով չխոսեց նրանց հետ, ու թեև վերջում դրա համար վճարեց իր կյանքի գնով (ազգային զարթոնքի առաջին օրերին նա բախում ունեցավ այդ ժամանակվա իշխանություններին սպասարկող իրավապահ մարմինների հետ, ինչի արդյունքում էլ մահացավ), բայց դա հերոսական վարքագիծ էր»,- ասաց Արմեն Կարապետյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930