Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախկինում ոստիկանը քաղաքացուն կարող էր ասել, որ այսինչ տեղում մի կանգնիր…». «Մեդիալաբ»

Ապրիլ 14,2014 20:34

Ըստ մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի՝ 2009-2010թթ. սկիզբ առած քաղաքացիական նախաձեռնությունները խնդիր ունեն քաղաքացիական շարժում ձևավորելու, որն էլ իր հերթին կստեղծի կլանայինից քաղաքացիական իշխանության անցնելու նպաստավոր դաշտ:

Մշակութային մարդաբանը՝ վերլուծելով հաջողություն արձանագրած երկու՝ Մաշտոցի պուրակի և 100-ի շարժումը, իր հետազոտությունում հանգել է եզրակացության, որ Հայաստանում առկա  է երկու՝ քաղաքացիական և կլանային տիպի իշխանություններ, և վերջինի հետ public policy տիպի  հարաբերություններ ունենալը շատ դժվար է:

Միջազգային հանրային կառավարման մագիստրոս Օլյա Ազատյանը նշում է, որ հանրային քաղաքականությունը փուլավորված է ու ունի հստակ կառուցվածք.  խնդրի սահմանում, տարբերակների քննարկում, որոշումների կայացում, իրականացում և գնահատում:

«Սակայն օրինակ, երբ մեր նախարարությունները սահմանում են այս կամ այն խնդիրը, բոլորովին պարզ չէ, թե ըստ ինչ առաջնահերթությունների են դրանք սահմանվում,- ասում է  նա,- բացի այդ խնդիրները կոնկրետ չեն ձևակերպում, ասում են, որ լղոզված ենք թողնում, որ հետո խաղալու տեղ լինի»:

Ազատյանը նշում է, որ նույնիսկ ընտրված խնդրի տարբերակների քննարկումներ և հանրային իրազեկում գրեթե չեն լինում. «այս հարցում փորձում են համեմատաբար ակտիվ լինել ՀԿ-ները, որոնցում իշխանական սեկտորից մասնակցությունը շատ քիչ է, և իշխանական մասից նրանք ընկալվում են որպես թշնամի»:

Սակայն ՀԿ-ն ինքը՝ որպես հանրային խնդիրներ ձևակերպող և պետության կողմից անուշադրության կամ քիչ ուշադրության արժանացող ոլորտները ներկայացնող մարմին, ըստ հոգեբանության գիտությունների թեկնածու Սոնա Մանուսյանի՝  քաղաքացիական հասարակությունում «խաղացողի» իմիջի ձևավորման խնդիր ունի, քանի որ քաղհասարակության մոտ  չկա այն դիրքորոշումը, որ ՀԿ-ները կարևոր դերակատարում ունեն քաղհասարակություն կառուցելու գործում:

«Այնպես չէ, որ մարդիկ օդից են թերահավատ ՀԿ-ների նկատմամբ,- ասում է նա,- որոշ ՀԿ-երի գործելաոճը ոչ լիարժեք է համապատասխանում ժողովրդավարությանը, որը հանրության մեջ աղոտ ընկալում է առաջացնում նրանց նկատմամբ և հիշվում է բացասականը, իսկ ՀԿ-ները  ջանք էլ չեն թափում վստահելի լինելու»:

Մանուսյանն ասում է, որ ՀԿ-ն և հասարակությունը սոցիալ-հոգեբանորեն իրարից դոմինանտորեն հեռացված են, մարդկանց համար ՀԿ-ն անհասկանալի է, և վերջինս ձևեր պետք է մտածի, որով կարող է ավելի լսելի դառնալ:

«Իրենց կատարած նույնիսկ կարևոր գործերը չեն հանրայնացվում ու չեն օգտագործվում լայն ինքնաներկայացման համար,- ասում է Մանուսյանը,- ԶԼՄ-ների հետ խնդիրը շատ լուրջ է, ու ՀԿ-ները նշել են, որ չեն ցանկանում աշխատել ԶԼՄ-ների հետ»:

Ազատյանը նշում է սեպտեմբերի 3-ին ընդունված քաղաքական որոշումը, որին՝ ըստ նրա պետք է հաջորդեին հանրային քննարկումների շարք ու տարբերակների որոնում, փոխարենը եղել են շատ փակ քննարկումներ, որոնցում հանրությունը մուտք չի ունեցել:

«Ինչ վերաբերվում է գնահատման փուլին՝ դա ամբողջությամբ բացակայում է, և չկան արտաքին աուդիտներ, որոնք կչափեն ծրագրերի ազդեցությունը. մեր նախարարությունների կայքերում բայերն օգտագործվում են «ապառնի ժամանակով»  և բացակայում է «անցյալ ժամանակը»,- ասում է նա,- իսկ փորձի փոխանակման համար արտերկրներ ուղևորվող աշխատակիցներից հիմնականում գնում են նրանք, որոնք տվյալ ոլորտի հետ առնչություն չունեն, փոխարենը սերտ առնչություն ունեն նախարարի հետ և գնում են շոփինգների»:

Այդուհանդերձ, հանրային քաղաքականության այսպիսի կեցվածք դրսևորող կլանային տիպի իշխանության հետ հնարավոր է երկխոսություն ծավալել, որը հաջողությամբ իրականացրել են որոշ քաղնախաձեռնություններ:

Թադևոսյանը նշում է, որ քաղաքացիական նախաձեռնությունների մի քանի ձեռքբերումներից մեկը հանրային դիսկուրսում մնալով հանդերձ՝ իշխանությունների հետ երկխոսելու պրակտիկան է:

«Նախկինում  ոստիկանը շատ հանգիստ քաղաքացուն կարող էր ասել, որ այսինչ տեղում մի կանգնիր, և քաղաքացին նրան աներկբա հնազանդվում էր, հիմա դա փոխվեց ու համանման իրավիճակում քաղաքացին հարցնում է, թե ինչ օրենքի հիման վրա նա չի կարող կանգնել այդինչ տեղում»,- մեկնաբանում է նա:

Մանրամասները կարող եք կարդալ` «Մեդիալաբ»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930