Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Ոստիկանի տոն`թանկարժեք նվերներով, դրամական պարգևներով (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Ապրիլ 15,2014 17:26

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում այսօր նշվեց ՀՀ ոստիկանության հիմնադրման 96-ամյակը: Ոստիկաններին իրենց տոնի առթիվ շնորհավորելու էին եկել Շիրակի մարզպետը, Գյումրու քաղաքապետը, Շիրակի մարզի նորանշանակ դատախազ Րաֆֆի Ասլանյանը, որն, ի դեպ, առաջին անգամն էր, որ մասնակցում էր նման միջոցառման, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Էդուարդ Մանուկյանը, որն էլ, իր հերթին, ոչ մի հանդիսավոր միջոցառում բաց չի թողնում: Մի խոսքով, մարզի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, բացառությամբ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի, մասնակցում էին տոնին: Այս բոլոր պաշտոնյաները տեղավորվել էին Շիրակի մարզի նորանշանակ ոստիկանապետ, գնդապետ Վարդան Նադարյանի կողքին:

Նշենք, որ այս տոնը Գյումրիում հանդիսավորությամբ նշվում է երկրորդ անգամ, այս տարի էլ ելույթ ունեցողները նույն մարդիկ էին` գրեթե նույն տեքստով ու ցանկություններով, անգամ տոնական համերգին նույն խմբերն էին ելույթ ունենում: Ոստիկանության մի շարք աշխատակիցների պատվոգրեր ու դրամական պարգևներ հանձնելուց հետո, գնդապետ Նադարյանի ղեկավարած կառույցին ու որոշ ոստիկանների իրենց պարգևները հանձնեցին նաև Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

PrevPhoto
NextPhoto

Ֆելիքս Ցոլակյանը հեռուստացույց նվիրեց Շիրակի մարզային ոստիկանությանը ու մարզպետարանի պատվոգրով պարգևատրեց համակարգի մի քանի աշխատակիցների: Նրանց շնորհավորելով ` գեներալ Ցոլակյանն ասաց. «Շատերը կհիշեն մի էսպիսի արտահայտություն` քաղաքացի մայթով անցի, ոստիկանը փողոցում կանգնած էդ դերն էր կատարում: Երևի ժամանակներն էին այդպիսին, հիմա խնդիրները շատ են բարդացել, հանցագործության ձևերն են փոխվել, պայքարի ձևերն են փոխվել, մեթոդները: Չեմ ուզում դասախոսություն կարդալ այդ հարցով, բոլորդ հասկանում եք` թե ինչի մասին է խոսքը և էստեղ մեծ նշանակություն է ունենում մարդկային ոչ միայն արժանիքները, այլ մասնագիտական բարձր որակները: Եթե նախկինում ոստիկանը պիտի գնար սովորեր դրսում, այսօր, փառք Աստծո, կարող է կրթվել Հայաստանում: Ես ուսադիր կրող մարդ եմ և շատ լավ հասկանում եմ ուսադիրի արժեքը»: Նա ոստիկաններին հորդորեց չնեղվել հանցագործության թվի պակասից ` մաղթելով. «Թող հանցագործությունները պակասեն, դուք էլ անգործ մնացեք, ոչինչ»:

Գյումրու քաղաքապետը ևս դատարկաձեռն չէր եկել, նա էլ գեղեցիկ տուփերով նվերներ էր բերել, ու թեև չհայտարարվեց, թե կոնկրետ ինչ է բերել, միայն նշվեց, որ հուշանվերներ են, սակայն դահլիճում անմիջապես խոսակցություններ տարածվեցին, որ ժամացույցներ են: Քաղաքապետը ևս շնորհավորելով ոստիկաններին` իր խոսքում ասաց, որ ոստիկանի պատիվը բարձր պահելը շատ կարևոր հանգամանք է: «Այսօր` որպես Գյումրու քաղաքապետ, ասեմ, որ մենք մարզային վարչության պետի` պարոն Նադարյանի հետ ունենք նաև հատուկ աշխատանքային գրաֆիկ, ծրագիր: Արդեն իսկ հանդիպումներ են տեղի ունեցել քաղաքապետարանում և կան շատ պայմանավորվածություններ, ըստ որի՝ մենք պետք է կարողանանք ծրագրավորված գործել ի շահ մեր քաղաքի, ի շահ Շիրակի մարզի», ասաց քաղաքապետը:

Ի դեպ, մեր ոստիկաններին շնորհավորեցին նաև 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչները`հուշանվերներ հանձելով Շիրակի ոստիկանապետ պարոն Նադարյանին, նրա տեղակալ Աշոտ Գրիգորյանին ու հպարտանալով, որ ձեր ոստիկանները հիմա մեզ են պաշտպանում: Հետաքրքիրն այն է, որ պարգևներ հանձնելիս` ռազմաբազայի գնդապետ Ռյուզնիկը փորձեց խոսել հայերեն ու հայտարարեց, որ պարգևատրման համար բեմ է հրավիրում պարոն Արմանուշ Մովսիսյանին, սակայն տեսնելով, որ եկողը կին է` ողջունեց նրան ու ծիծաղեց:

Տոնակատարության ավարտին Շիրակի մարզի ոստիկանապետ, գնդապետ Վարդան Նադարյանը լրագրողների հետ զրույցում իր բարեմաղթանքները ուղղեց ոստիկաններին, խոսեց նաև Շիրակի մարզի առանձնահատկություններից:

Մանրամասները` տեսանյութում:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930