Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ. «Կոալիցիոն ձևաչափը իրականության մեջ գործել է ոչ արդյունավետ»

Ապրիլ 16,2014 20:49

«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի

Որոշում

ք. Երևան, 16 ապրիլի 2014թ.

«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի գնահատմամբ ՀՀ Նախագահի՝ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստում արված հայտարարությունը, կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի հակասահմանադրականության վերաբերյալ սահմանադրական դատարանի հայտնի որոշումը, կառավարության հրաժարականը, նոր վարչապետի նշանակումը Հայաստանում ստեղծել է նոր քաղաքական իրավիճակ: Երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները պահանջում են ունենալ ժողովրդի հեղինակությունը վայելող կիրթ, կենսունակ, ամուր, նորարարական, բարեփոխումները վճռական քայլերով առաջ մղող կառավարություն: Երկրի դժվարին սոցիալ տնտեսական իրավիճակը, ժողովրդին հուզող բազմաթիվ հիմնախնդիրները թելադրում են արդյունքին միտված, ժամանակակից միջազգային փորձով ամրապնդված մրցունակ կառավարության ծրագրի կենսագործում, որը հնարավորություն կտա կարճ ժամկետներում երաշխավորել տեսանելի արդյունքներ: Կուսակցությունը գնահատելով երկրի Նախագահի և ՀՀԿ-ի հետ կոալիցիայի շրջանակներում իրականացրած գործունեությունը, արձանագրում է, որ անցած 6 տարիների ընթացքում համատեղ ուժերով կյանքի են կոչվել բազմաթիվ ծրագրեր: Այդուհանդերձ ՕԵԿ-ը փաստում է, որ մեզ չի հաջողվում իրականացնել մեր բազմաթիվ նախընտրական ծրագրերը, որի վկայությունը, օրինակ, ավելի քան 2 տասնյակ օրինագծերն են, որոնք տարիներ շարունակ, գտնվելով Ազգային ժողովում, օրենքներ չեն դառնում, չնայած մեր բազմաթիվ քննարկումներին:

Արձանագրելով, որ դասական քաղաքական առումով քաղաքական կոալիցիան կարող է լինել կենսունակ, եթե մասնակից քաղաքական ուժերը ունեն որոշումների կայացման վրա, եթե ոչ համաչափ, եթե ոչ էական, ապա գոնե որոշակի ազդեցության հնարավորություն, ՕԵԿ-ը փաստում է, որ կոալիցիոն ձևաչափը իրականության մեջ գործել է ոչ արդյունավետ: Արդյունքում «իշխող քաղաքական կոալիցիա» հասկացության փոխարեն լայն շրջանառության մեջ է դրվել գերակա դարձած «իշխող քաղաքական ուժ» հասկացությունը: Կոալիցիոն գործընկերության ժամանակահատվածում նման ձևաչափը ՕԵԿ-ի համար երբևիցե հնարավորություն չի ստեղծել պետական կառավարման համակարգում երկրի զարգացմանն առնչվող շատ հիմնահարցերի լուծման և առանցքային պաշտոնների նշանակման հարցում ունենալ իր ազդեցությունը: Դրա վկայությունն են նախորդ ժամանակահատվածում 3 անգամ վարչապետ նշանակելու և 4 անգամ խորհրդարանի նախագահ առաջադրելու քաղաքական մեծամասնության միանձնյա որոշումները, ինչպես նաև ՀՀ Նախագահի և ՕԵԿ-ի ներկայացուցիչների հետ օրերս տեղի ունեցած քաղաքական խորհրդատվությունը, որի ժամանակ, չնայած ՀՀ Նախագահի բացառիկ իրավասությանը առաջադրելու վարչապետի թեկնածությունը, կոալիցիայի շրջանակներում չի քննարկվել ՕԵԿ-ի կողմից առաջադրած թեկնածուի հարցը՝ թերևս գուցեև այն հիմնավոր իրավական պատճառով, որ ՀՀԿ-ն Ազգային ժողովում ունի բացարձակ մեծամասնություն, և դա բավարար է առանց կոալիցիոն գործընկերոջ համաձայնության առաջադրումներ կատարելու առանցքային քաղաքական պաշտոններում, ինչը հնարավորություն չի ընձեռում ՕԵԿ-ին՝ որպես կոալիցիոն կուսակցությանն, ունենալ որևէ ազդեցություն նման կարևոր որոշումների ընդունման գործընթացում:

ՕԵԿ-ը փաստում է, որ վերջին 6 տարիներին եղել է ՀՀ Նախագահի և ՀՀԿ-ի հուսալի գործընկերը բազմաթիվ դժվարին իրավիճակներում, փորձել է առավելագույնս ներգրավված լինել բարեփոխումների բարդ օրակարգի մեջ՝ մշտապես ցուցաբերելով սկզբունքային և շիտակ դիրքորոշում: Նույնը վերաբերում է նաև 2008թ. նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին, երբ ՕԵԿ-ը վեր կանգնելով նեղ կուսակցական շահերից, իր վարկանիշի էական նվազման հաշվին թույլ չտվեց, որ երկրում մոլեգնի քաղաքացիական պատերազմը կամ երկիրը կանգնի արտաքին ագրեսիայի վտանգի առջև:

Կուսակցությունը գտնում է, որ նոր կառավարությունը պետք է ձևավորված լինի կիրթ, գրագետ, բարեփոխումների ունակ, երկրի արտաքին տնտեսական օրակարգը՝ Մաքսային Միությունից մինչև Եվրոպական Միություն, միջազգային ֆինանսական հաստատությունների և երկրի համար կարևոր գործընկերների հետ հավակնոտ օրակարգ ձևավորելու և կյանքի կոչելու ունակ թիմից:

ՕԵԿ-ը հրապարակային կերպով արտահայտել է իր մոտեցումը կառավարության ղեկավարի մեր թեկնածուի շուրջ: Մենք համոզված էինք, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ով 4 տարի արդյունավետ կառավարել է Ազգային ժողովը, ունեցել է կարևոր դերակատարում Անվտանգության խորհրդի կայացման գործում՝ համակարգելով երկրի ներքին և արտաքին կարևորագույն ոլորտներում բարեփոխումներին ուղղված շուրջ մեկ տասնյակ միջգերատեսչական, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության միջգերատեսչական հանձնաժողովների գործունեությունը, իրավունք ուներ հավակնելու երկիրը տնտեսական դժվարին իրավիճակից դուրս բերելու առանցքային դերակատարմանը՝ երկրի Նախագահի և կոալիցիոն դաշնակիցների հետ: Հաշվի առնելով 6-ամյա կոալիցիոն փորձառությունը, ՕԵԿ-ի՝ կոալիցիայի կազմում մնալու միակ հիմնավոր պատճառ կարող էր դիտարկվել իշխանության մեջ իրական դերակատարման ստանձնումը, ինչը չէր կարող դրսևորվել 3 նախարարական պորտֆելների շուրջ առաջարկությամբ: ՕԵԿ-ը գտնում է, որ երկրի առաջին դեմքերի կենտրոնացումը մեկ քաղաքական կուսակցության ձեռքում իրական հնարավորություն չի ստեղծում կոալիցիոն իշխանության գործունեության համար՝ ինչը վերջինիս տալիս է ոչ թե իրական, այլ ֆորմալ բնույթ:

Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ նախագահի հայտարարությունն առ այն, որ նա հրաժարվում է ապագայում այլևս զբաղեցնելու ՀՀ Նախագահի կամ վարչապետի պաշտոնները, ինչպես նաև գերակայություն է համարում ապագայում ևս Հայաստանի Հանրապետական կուսակցության  որոշիչ դերակատարությունը, ընդունելով, որ ՀՀԿ-ն, որպես քաղաքական մեծամասնություն ունեցող կուսակցություն, ունի բավարար ներուժ միանձնյա ձևավորելու կառավարությունը և ստանձնելու լիարժեք քաղաքական պատասխանատվություն, ինչպես նաև, հաշվի առնելով ՕԵԿ-ի՝ ապագային միտված իր քաղաքական օրակարգը, ՕԵԿ-ը շնորհակալություն է հայտնում ՀՀ և ՀՀԿ Նախագահ Սերժ Սարգսյանին և Հայաստանի Հանրապետական կուսակցությանը  համատեղ աշխատանքի համար, հաջողություն է մաղթում ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին իր գործունեության մեջ:

Ելնելով վերոշարադրյալից՝ ՕԵԿ քաղաքական խորհուրդը

 

Որոշում է

 

  1. «Օրինաց երկիր» կուսակցության՝ քաղաքական կոալիցիային հետագա անդամակցության հարցը համարել խնդրահարույց և ոչ նպատակահարմար:
  2. Հաշվի առնելով, որ կոալիցիայում ՕԵԿ-ը գործունեության հետագա շարունակումը դիտարկում է խնդրահարույց և ոչ նպատակահարմար՝  ՕԵԿ քաղաքական խորհուրդը բավարարեց ՕԵԿ նախարարներ Արմեն Երիցյանի, Սերգո Կարապետյանի և Սամվել Թադևոսյանի դիմումները կուսակցությունից դուրս գալու մասին և հաջողություն մաղթեց նրանց իրենց հետագա գործունեության մեջ:
  3. ՕԵԿ Երևանի տարածքային և մարզային կուսակցական կազմակերպություններում քննարկել գործող քաղաքական կոալիցիայում ՕԵԿ անդամակցության նպատակահարմարության հարցը՝  ս.թ. ապրիլի 25-ին ՕԵԿ վարչության նիստում, կայացած քննարկումների արդյունքների հիման վրա քաղաքական խորհրդի որոշումը հաստատելու համար:
  4. Հանձնարարել «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Ա. Բաղդասարյանին հանրությանը պատշաճ իրազեկել կուսակցության ղեկավար մարմինների որոշումների մասին:

Քաղաքական խորհրդի որոշումն ընդունվեց միաձայն:

 

«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930