Լրահոս
Օրվա լրահոսը

Վաշխառությամբ քաղաքացիներին գցել են ծանր կացության մեջ

Ապրիլ 18,2014 13:40

Բաց նամակ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին,
գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին, ոստիկանապետ Վ. Գասպարյանին

ՀՀ քաղաքացիներս այլեւս չունենալով որեւէ հույս իրավապահ համակարգի նկատմամբ, դիմում ենք Ձեզ եւ խնդրում Ձեր լիազորությունների սահմանում վերականգնել մեր խախտված իրավունքները:

Շուրջ 5 տարի է, ինչ մամուլով, հեռուստատեսությամբ եւ համացանցով բարձրաձայնվել է վաշխառուներ Հովհաննես Երիցյանի, Արտավազդ Այվազյանի եւ նրա ընտանիքի կողմից հանցավոր ճանապարհով, բարձր տոկոսներով մեզ գումարներ տրամադրելու եւ վաշխառությամբ մեզ ծանր կացության մեջ գցելու միջոցով, խարդախությամբ մեր անշարժ գույքին տիրանալու փաստերի մասին: Որպես վերոնշյալի ապացույց, ստորեւ ներկայացնում ենք վերոնշյալ անձանց կողմից վաշխառությամբ զբաղվելու փաստերի մասով մամուլում տպագրված նյութերի եւ այդ փաստերի հետ կապված հարուցված քրեական գործերի ցանկը.
1. 13.10.2012թ.-ին վաշխառու Նորիկ Այազյանի ընտանեկան կլանից՝ ի դեմս աղջկա` Լուսինե Այվազյանի եւ փեսայի՝ Արմենակ Դալիբալթյանի կողմից տուժած Ներսես Պողոսյանի մասով «Առավոտ» թերթում հրապարակվել է «Չկարողանալով տոկոսներ վճարել՝ վաճառել է տունը եւ հողամասը» հոդվածը:

2. 17.03.2013թ.-ին «Հայկական ժամանակ» թերթում լույս է տեսել հոդված՝ «Նորաշեն 2007, չբացահայտված գաղտնիքներ» վերնագրով, որտեղ նշվել է Հովհաննես Երիցյանի կողմից վաշխառությամբ զբաղվելու փաստի մասին:

3. 2014թ. հունվարին վաշխառու Հովհաննես Երիցյանի կողմից տուժած Գայանե Թումասյանի մասով «Հրապարակ» թերթում հրապարակվել է «Մեր օրերի Կորեյկոն» հոդվածը:

4. 23.01.2014թ.-ին՝ վաշխառու Հովհաննես Երիցյանի կողմից տուժած Գայանե Թումասյանի մասով «168 Ժամ» թերթում՝ «Օգնեք վերադարձնենք մեր տունը» հոդվածը:
5. 27.02.2014թ.-ին վաշխառուներ Արտավազդ Այվազյանի եւ Հովհաննես Երիցյանի կողմից տուժածներ Զինա եւ Կարինե Մելիքյանների մասով «168 Ժամ» թերթում տպագրվել է «Բաց նամակ ՀՀ Նախագահին» հոդվածը:

6. 09.04.2014 թ. «Տուժողները դիմել են «Առավոտին» հոդվածում ներկայացրել ենք Հովհաննես Երիցյանի եւ նրա հանցակից Արտավազդ Այվազյանի խարդախ գործելակերպի մասին։ Վերոնշյալ անձանց կողմից վաշխառությամբ հափշտակած գումարների եւ անշարժ գույքի փաստերի մասին վերջին անգամ ցուցադրվել է հեռուստատեսությամբ՝ 23.03.2014թ.-ին՝ «Արմենիա» հեռուստաալիքի «Սուր անկյուն» հաղորդաշարով:
Նշենք ավելին`16.09.2011թ. Նարինե Ժորայի Հակոբյանը դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, որում նշել է, որ Արտավազդ Նորիկի Այվազյանի եւ Վազգեն Կառլենի Հարությունյանի վաշխառության գործունեության արդյունքում ինքը հայտնվել է ծանր կացության մեջ։
Այժմ ներկայացնենք վերոնշյալ փաստերի հիման վրա հարուցված քրեական գործերի շարքը.
ա. 17.01.2012թ.-ին Նարինե Հակոբյանի հաղորդման հիման վրա Արտավազդ Այվազյանի կողմից վաշխառությամբ զբաղվելու փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Երեւանի Կենտրոնի քննչական բաժնում ՀՀ քր. օրենսգրքի 213 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը մի քանի ամիս անց`17.08.2012թ.-ին կարճվել է:
Նույն ճակատագրին է արժանացել վաշխառու Նորիկ Այվազյանի ընտանեկան կլանից տուժած Ներսես Պողոսյանի հաղորդման հիման վրա թիվ 14101512 քրեական գործը, որը ներկայացնում ենք ստորեւ.
բ. 25.01.2012թ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 213հ-ի 1-ին մասի հատկանիշներով Ներսես Պողոսյանի հաղորդման հիման վրա Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է թիվ 14101512 քրեական գործը:
գ. 27.07.2012թ.-ին Արաբկիրի քննչական բաժնի քննիչ Ա.Արամյանի կողմից կայացվել է որոշում՝ թիվ 14101512 քր. գործով Ներսես Պողոսյանին ճանաչել տուժող:
դ. 10.09.2012թ.-ին թիվ ԵԱՔԴ/0152/06/12 գործով դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը եւ Ն. Այվազյանի փեսա` թիվ 14101512 քրեական գործով մեղադրյալ Արմենակ Կարապետի Դալիբալթյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանքը:
ե. 27.09.2012թ.-ին, ժամը 23:00-ին, «Բագրատաշենի» սահմանային անցակետում բերման է ենթարկվել, սակայն նրա նկատմամբ դատարանի կողմից խափանման միջոց կալանք կիրառելու որոշումը քննիչի կողմից փոփոխվել է եւ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, որը Հայաստանում նման դեպքերում, կարելի է ասել՝ երբեւիցե չի կիրառվել:
զ. 28.09.2012թ.-ին թիվ 14101512 քր. գործով բավարար ապացույցներ ձեռք բերելու հիմքով, ՀՀ քրեական օրենսգրքի 213հ-ի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի հատկանիշներով Արմենակ Դալիբալթյանին մեղադրանք է առաջադրվել:
է. 25.11.2012թ.-ին քննիչն այս անգամ արդեն այլ կերպ ներկայացնելով եւ հիմնավորելով քր. գործում առկա նույն ապացույցները եւ դրանց վրա հիմնված իր դիրքորոշումը, Արմենակ Դալիբալթյանի արարքը որակելով այլ կերպ, հանցակազմի բացակայության հիմքով դադարեցրել է նրա նկատմամբ հետապնդումը եւ կարճել ՀՀ քր. օր-ի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի հատկանիշներով հարուցված քր. գործի վարույթը:
Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ 2012թ. հունվար ամսին Արտավազդ Այվազյանի եւ նրա ընտանիքի անդամների կողմից իրականացված վաշխառության փաստերի առթիվ Երեւան քաղաքի թե Կենտրոնի եւ թե Արաբկիրի քննչական բաժիններում, ՀՀ քրեական օրենսգրքի 213 հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործերով հաստատվել է Այվազյանների ընտանիքի կողմից վաշխառությամբ զբաղվելու փաստը:
Կարեւոր ենք համարում նշել նաեւ այն փաստը, որ վաշխառուների այս թնջուկը միշտ եղել է պաշտպանված եւ գործել է շատ կազմակերպված:
Այսպես, դատական մի քաղ. գործով Արտավազդ Այվազյանը, որպես փաստաբան, հանդես է գալիս հայցվոր Հովհաննես Երիցյանի վաշխառությամբ գոյացած պարտքերի պաշտպանությամբ, իսկ մեկ այլ քաղ. գործով, Արտավազդ Այվազյանը, Հովհաննես Երիցյանից շինծու առուծախի պայմանագրով տիրանալով քաղաքացի Կարինե Մելիքյանի սեփականություն հանդիսացող անշարժ գույքին եւ արհեստական ճանապարհով ապահովելով իր «բարեխիղճ ձեռք բերողի» կարգավիճակը, ոչ միայն վտարել է քաղ. Կարինե, Զինա, Թամարա Մելիքյաններին, Զինաիդա Գյոզալյանին իրենց միակ կացարանից, այլ նաեւ որպեսզի ապահովի իր ենթադրյալ իրավունքների խախտման հանգամանքը, ձեւական դատի է տալիս Հովհաննես Երիցյանին։
Հարց է առաջանում, ինչպե՞ս կարող է նույն անձը մի քաղ. գործով, որպես փաստաբան պաշտպանել քաղաքացու, որի դեմ մեկ այլ քաղ. գործով հայց է ներկայացրել դատարան: Եզրակացությունը սույն փաստով թողնում ենք Ձեզ:
Նշենք, որ այս պահին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի Նոր Նորքի քննչական բաժնում Գայանե Թումասյանի բողոքի հիման վրա, Հովհաննես Երիցյանի սանիկ Վահե Վարդանյանի կողմից կեղծ փաստաթղթերի օգտագործման միջոցով գործարքի կնքման եւ վերջինիս սեփականությանը տիրանալու առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նշենք նաեւ, որ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի վարչության Կենտրոնի քննչական բաժնում վաշխառության հատկանիշներով ՀՀ քրօր-ի 213 հ 1 մասով քրեական գործ է հարուցվել նաեւ Հովհաննես Երիցյանի փաստաբան Արտավազդ Այվազյանի նկատմամբ, որը Հովհաննես Երիցյանի եւ Վահե Վարդանյանի հետ` նույն խարդախ-վաշխառուական սխեմայի գործադրմամբ, մասնակցել է մեկ այլ տուժողի՝ Կարինե Մելիքյանի սեփականության հափշտակմանը։
Այսպիսով, ամբողջացնելով մեր բաց նամակը, նշենք այս թնջուկի ղեկավար դեմքերին, դրանք են`վաշխառությամբ գումարներ տրամադրող Հովհաննես Երիցյանը եւ Նորիկ Այվազյանը:

Նշեք նաեւ այդ գումարները գործի մեջ դնող անձանց, դրանք են` Նորիկ Այվազյանի չաշխատող աղջիկը`Լուսինե Այվազյանը, չաշխատող փեսան` Արմենակ Դալիբալթյանը եւ որդին` Արտավազդ Այվազյանը, ինչպես նաեւ Հովհանես Երիցյանի սանիկ, միջնորդ՝ Վահե Վարդանյանը, բրոքեր-միջնորդ Արտակ Մարտիրոսյանը, «Կոնվերս» բանկի աշխատակից Վարդան Գինոսյանը եւ այլք։

Նրանք ունեն նաեւ իրավական դաշտում պաշտպանական կողմը ապահովող փաստաբան, հանձին`Արտավազդ Այվազյանի:

Իսկ նրանց «բիզնեսին» պաշտպան`«կրիշ» է հանդիսանում Նորիկ Այվազյանը, որը իր ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետի բազմամյա տարիների արդյունքում ձեռք բերած կապերի, նախկին ուսանող, ներկայիս պաշտոնյա մտերիմների միջոցով, կարողանում է զրոյացնել յուրաքանչյուր
հիմնավոր մեղադրանք, որը ուղղված է իր բիզնեսի`վաշխառության զարգացմանը, եւ ունենք հիմնավոր մտավախություն, որ այս քրեական գործերն էլ կարժանանան նախկինում ձեւականորեն հարուցված եւ կարճված գործերի ճակատագրին եւ անպատիժ կմնա այս հանցախումբը։
Համոզված ենք, որ Դուք ի պաշտոնե ՀՀ Սահմանադրությամբ կոչված եք պաշտպանելու մեր`ՀՀ քաղաքացիներիս իրավունքները եւ ազատությունները: Համոզված ենք, որ մեր այս բողոքի կոչը չի մնա անհետեւանք եւ վաշխառուները օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության եւ իրենց արժանի պատիժը կստանան, այլ ոչ թե քննչական մարմինների կողմից ընդունված ձեւական որոշումներով կխուսափեն պատասխանատվությունից եւ կվայելեն իրենց հափշտակած ավարը:
ԳԱՅԱՆԵ ԹՈՒՄԱՍՅԱՆ,
ԿԱՐԻՆԵ ՄԵԼԻՔՅԱՆ,
ՆԵՐՍԵՍ ՊՈՂՈՍՅԱՆ,
ՀԱԿՈԲ ՊՈՂՈՍՅԱՆ
ՆԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ,
ԶԻՆԱ ՄԵԼԻՔՅԱՆ,
ԹԱՄԱՐԱ ՄԵԼԻՔՅԱՆ,
ԶԻՆԱԻԴԱ ԳՅՈԶԱԼՅԱՆ
Քաղաքացիների բողոքի ձայնին են միանում նաեւ «Մարդ եւ Օրենք» իրավաբանական ծառայություն տրամադրող ընկերությունը, նրա տնօրեն, ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Մկրտիչ Դավթյանը, «Վելես» իրավապաշտպան հ/կ նախագահ Մ.Պողոսյանը, ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Գեղամ Սիմոնյանը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930