Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը ներկայացվեց ԵՊՀ-ում

Ապրիլ 18,2014 17:46

Ապրիլի 17-ին ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի ընդլայնված կազմով նիստը:
Օրակարգային հարցերի թվում էր ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանի գիտական հաղորդումը, որը վերաբերում էր ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի հիմնական դրույթներին:

Նիստը վարում էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, ով նշեց, որ հայեցակարգը բազմիցս փոփոխությունների է ենթարկվել և որպես նախագիծ՝ նմանաբնույթ քննարկումներից հետո դեռևս կարող է կրկին փոփոխությունների ենթարկվել:
Գագիկ Հարությունյանը նախ խոսեց նախագծի անհրաժեշտության և կարևորության մասին՝ համեմատական վերլուծություններ անցկացնելով աշխարհի այլ պետությունների սահմանադրությունների և դրանցում կատարված փոփոխությունների պարբերականության հետ:

Բանախոսն առանձնացրեց ՀՀ սահմանադրական զարգացումների երկու փուլ: Առաջին (1995-2005 թթ.) փուլը, երբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն էական դեր ունեցավ Հայաստանում ժողովրդավարության հաստատման, իրավական պետության հիմքերի ամրապնդման, ճգնաժամային իրավիճակներում սահմանադրական ճանապարհով լուծումներ գտնելու, պետական իշխանության ինստիտուտների աստիճանական կայացման, մարդու իրավունքների պաշտպանության սահմանադրական երաշխիքներ ապահովելու գործում:

Երկրորդ փուլը դիտարկվում է 2005 թ-ից հետո, երբ ՀՀ-ում 2005 թ-ի նոյեմբերի 27-ի հանրաքվեի արդյունքում իրականացված սահմանադրական բարեփոխումները, համակարգային լուծումների առումով մի շարք հարցերում առաջընթաց գրանցելով հանդերձ, բովանդակեցին նաև մի շարք կիսալուծումներ, որոնք ներկայումս հաղթահարելու և համակարգային մոտեցումներն ամբողջականացնելու անհրաժեշտություն ունեն:
Այնուհետև հանձնաժողովի նախագահը ներկայացրեց հայեցակարգում տեղ գտած և սահմանադրական զարգացումների հիմքում դրվող հիմնական ուղղությունները՝ իրավունքի գերակայության սկզբունքի երաշխավորումը, ապահովումն ու իրացումը սահմանադրական լուծումներում, իրավական պետության սահմանադրաիրավական նախադրյալների ամրապնդումը, մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների անմիջական գործողության ապահովումը, իրավունքների սահմանափակման սահմանադրական լուծումները, սոցիալական պետության սահմանադրական սկզբունքի իրացման երաշխիքները, հանրաքվեի սահմանադրական երաշխիքները, ինչպես նաև ընտրական իրավունքի և ընտրական համակարգի, իշխանությունների բաժանման և հավասարակշռման, դատական իշխանության զարգացման հնարավոր միտումներին առնչվող հիմնադրույթները:

«Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները պետության կողմից ճանաչվելով որպես բարձրագույն արժեք՝ պետք է պայմանավորեն իրավունքի գերակայության սկզբունքի անշեղ իրացումը և երաշխավորեն իրավունքով իշխանության սահմանափակումը: Սահմանադրական նորմերը ոչ միայն պետք է հռչակեն մարդու սահմանադրական իրավունքը, այլև առավելագույնս հստակ սահմանեն դրանց իրացման երաշխիքները, պետության պարտավորությունները, առանձին իրավունքների սահմանափակման թույլատրելի շրջանակները: Մարդու իրավունքները պետք է դիտարկվեն որպես իրագործելի իրավունքներ, իսկ դրանց սահմանափակումները պետք է բխեն միջազգային իրավունքի նորմերից, լինեն համաչափ, չաղավաղեն իրավունքի բովանդակությունն ու իմաստը, հստակ սահմանվեն օրենքով, զուգակցվեն պետության համարժեք պարտականություններով»,- ընդգծեց Գագիկ Հարությունյանը:
Ելույթից հետո նիստի մասնակիցները բազմաթիվ հարցեր ուղղեցին Գագիկ Հարությունյանին, որոնք մասնավորապես վերաբերում էին ԱԺ վերահսկողական գործառույթների հստակեցմանը, օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների փոխհարաբերություններին, ինչպես նաև սահմանադրաիրավական պատասխանատվության ինստիտուտի զարգացման հիմնական միտումներին և այլն:
Մինչ հարցերին պատասխանելը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահը նշեց, որ հայեցակարգում առաջադրված են կոնկրետ խնդիրներ, որոշակիացված սկզբունքներ և կոնկրետ ուղղություններ խնդիրների լուծման համար, իսկ արդեն կոնկրետ լուծումները կշարադրվեն բարեփոխումների փաթեթում:
«Մենք մի շարք լուծում պահանջող խնդիրներ ենք առաջ քաշել, մոտեցումները մշակել և դրանց լուծման համար տարբերակներ առաջարկել: Սակայն պետք է նշել, որ ոչ բոլոր խնդիրներին ենք անդրադարձել, կոնկրետ հարցեր կան, որոնք հանրային քննարկումների ընթացքում կարծարծվեն, որից հետո համապատասխան լուծումներ կմշակենք»,- ասաց Գագիկ Հարությունյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930