Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուսինը փոցխով կնոջը սպանել է, ինչ է թե՝ կինը խանդի տեսարաններ է սարքել ու երդումը խախտել

Ապրիլ 19,2014 14:25

Փետրվարի 15-ի գիշերը ամուսինը փոցխով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջը, ամբողջ մարմինը գյուղատնտեսական այդ գործիքով ծակծկել է, մարմինը ծակծկելով ամուսինը չի հանգստացել, նաեւ մետաձողով է հարվածել կնոջ գլխին:
Կնոջը սառնասրտորեն սպանած այս տղամարդուն՝ Գրիշա Մարտիրոսյանին, Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի նրա հարեւանները մեզ հետ զրույցում բավականին դրական էին նկարագրում, բոլորը մեկ մարդու պես նույն բանն էին ասում` «Ոսկի տղա էր, շատ ափսոս, արտակարգ լավ մարդ էր»: Իսկ սպանված կնոջ` Ժենյա Հարությունյանի մասին շատ բացասական կարծիքներ էին հայտնում այդ նույն հարեւանները. բացասական, որովհետեւ Ժենյան չէր համապատասխանում հայկական ադաթներով հայ կնոջ կամ օջախի պահապան կին կերպարին:

43-ամյա Ժենյան, այսպես ասած` ոգելից խմիչքի հետ սեր ուներ, երբեմն ամուսնու հետ միասին խմում էին, գուցեեւ «տնական» կին չէր եւ զանազան ճաշատեսակներ պատրաստել չգիտեր, կամ ասենք` փոքրիկ վագոն-տնակը, ինչպես հարեւաններն էին պատմում, մաքուր ու կոկիկ չէր պահում, բայց արդյոք արժե՞ր այս տեսակ վարքագծի համար կնոջը դաժանորեն սպանել: «Դե, չգիտենք, ամեն դեպքում Գրիշան մեղք է, ոսկի տղա էր, Ժենյան էդ խեղճ տղուն լավ չէր նայում»,- ասում էին հարեւանները:

«Է, լավը չէր կնիկդ, խմող էր-ինչ էր, թեւից բռնեիր դուրս շպրտեիր, բաժանվեիր, ինչի՞ գազանի պես սպանեցիր, հո հավ չէ՞ր, վիզը պոկեիր մի կողմ շպրտեիր»,- մեզ հետ զրույցում ասում է Ժենյայի քույրը` Ժաննա Հարությունյանը:
Սպանությունը տեղի է ունեցել ամուսինների համատեղ բնակության վագոն-տնակի բակում, Գրիշան սպանելուց հետո կնոջ դին ներս է բերել տնակ ու դրել թախտին, ինքն էլ հանգիստ պառկել քնելու:

Գործով զբաղվող քննչական խմբի ղեկավար, քննիչ Սպարտակ Պողոսյանն ասում է, որ միայն առավոտյան, երբ Գրիշան հայտնաբերել է, որ կինը չի շնչում, զանգահարել է կնոջ քրոջն ու հարեւաններից մեկին, եւ հենց այդ հարեւանն էլ նրան հորդորել է ինքնակամ ներկայանալ ոստիկանություն եւ զանգահարել շտապօգնություն:
Քննիչը պատմում է, որ սպանության օրը Գրիշան էլ, Ժենյան էլ, որոնք փաստացի ամուսիններ էին, ոգելից խմիչք են օգտագործած եղել Ժենյայի մահացած քրոջ հոգեհանգստի արարողությանը՝ Չարենցավան քաղաքում:

Ամուսինները Չարենցավանից վերադարձել են գյուղ՝ Առատաշեն, Ժենյայի քրոջ տուն, Գրիշան Ժենյային թողել է քրոջ տանն ու նորից վերադարձել Չարենցավան: Իսկ Ժենյան սկսել է ամուսնուն կասկածել, թե Գրիշան գնում է սիրուհու մոտ, ապա, գուցե խանդից, ինքնատիրապետումը կորցրած Ժենյան թեեւ ամուսնուն խոստացել էր, որ խելոք կսպասի նրա վերադարձին, սակայն խախտել է խոստումն ու զանգահարել սկեսրոջը, տեղեկացրել, որ ինքն էլ է պատրաստվում գնալ Չարենցավան` Գրիշայի հետեւից: «Մերն էլ զանգել ա Գրիշային ու ասել, թե կնիկդ գալիս ա: Գրիշան էլ կատաղած հետ եկավ մեր տուն, թե բա` ո՞ւր ա Ժենյան, հարցրեցի` ի՞նչ ա եղել, ասեց` տանում եմ, առավոտը կգաք դիակը կտանեք. երդվում եմ թոռներիս արեւ, հենց տենց էլ ասեց: Ժենյային մեր տունը թողնելու պահին ստիպեց, որ իրա տղու` Հայկի արեւով երդվի Ժենյան, որ հետեւից Չարենցավան չի գնա, քուրս էլ երդվեց: Բայց հետո սկսեց մտածել, որ էդ տաքսու վարորդի հետ Չարենցավան մի հատ աղջկա մոտ են գնում, ու իրոք, մենք լսել էինք, որ Երեւանից մի աղջիկ ա եկել Չարենցավան, ու էդ վարորդը պիտի գնար մոտը, դե, Գրիշան էլ հետն էր, ու տենց խանդեց ու որոշեց գնա Գրիշայի հետեւից: Գրիշան, որ կատաղած հետ եկավ, քրոջս ասում էր՝ բա դու իմ սրբության՝ Հայկի արեւով էիր երդվել: Էդ էր պատճառը, որ տենց գազանաբար գլուխը ջարդելով սպանել ա Ժենյային: Դա էլեկտրիկի իրա մեծ, կես մետրանոց գործիքով Ժենյայի գլուխը բացել ա, փոցխով էլ էնքան ա խփել, որ սիրտ, թոք ու մյուս օրգանները ծակել էր, օրգան չէր թողել»,- պատմում է սպանվածի քույրը` Ժաննա Հարությունյանը: Դեպքը գրեթե նույնությամբ մեզ նաեւ քննիչն է ներկայացրել:

Գրիշան էլ, Ժենյան էլ նախկինում դատված են եղել, սպանվածի քույրը պատմում է, որ ինքը քրոջ հետ շատ վատ, ծանր մանկություն է ունեցել, հետո ինքը ամուսնացել է, ու քրոջ հետ կապը խզվել էր, ընդամենը վերջին 2 տարում է վերսկսվել շփումը Ժենյայի հետ, նույնիսկ ուրախացել էր, որ քույրը ընտանիք է կազմել, հույս ուներ, որ ամեն բան լավ կլինի. «Որ եկել էին մեր տուն, իրար ջան էին ասում, էնի նրան էր ասում` մեռնեմ ջանիդ, էն էլ` նրան: Ասում էի՝ երկուսդ էլ նույն ճակատագիրն եք ունեցել, իրար հետ նոր կյանք սկսեք, խորհուրդներ էի տալիս: Գրիշան ամուսնուս հետ պիտի գնար Ռուսաստան` աշխատելու, եսիմ, է, մտածում էինք՝ լավ կլինի: Բայց մի անգամ նկատեցի, որ Ժենիկի մարմնին կապտուկներ կան, երբ հետաքրքրվեցի, ասեց` քուր ջան, դե, ամուսին ա, խփել ա, բայց ընդհանուր իրար հետ հաշտ էին, Ժենյան չէր բողոքում»,- պատմում է տիկին Ժաննան:

Իսկ Գրիշային հարեւանները գովում էին, ինչպես սպանվածի քույրն է մեզ վստահեցնում, որովհետեւ նա գյուղի էլեկտրիկն էր ու բոլորին օգնության էր հասնում ցանկացած պահի, էլեկտրաէներգիայի վարձը հարեւաններն ամիսներով չէին վճարում, Գրիշան չէր էլ ստիպում, իսկ Ժենյան` հակառակը, վարձը չմուծող հարեւաններին հորդորում էր գումարը շուտ փոխանցել. «Այ, դրա համար էլ գովում էին Գրիշային, քրջոս` քցում»: Գրիշային մեզ հետ զրույցում նաեւ նրա գործատուն է դրական նկարագրում. «Շատ լավ ու բարեխիղճ աշխատող էր, իր պարտականություններից ավելին էլ էր անում»:

Գրիշա Մարտիրոսյանին սպառնում է 8-15 տարվա ազատազրկում, նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ` «Քրեական օրենսգրքի» 104 հոդվածի 1-ին մասով, նախաքննական փուլն ավարտված է, գործն ուղարկվել է դատարան: Քննիչն ասում է՝ Գրիշան ամբողջությամբ մեղքն ընդունել է, զղջում է:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

Հ.Գ. Նյութը պատրաստվել է «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության աջակցությամբ: Եթե դուք ականատես եք եղել ընտանեկան բռնության դեպքի, ահազանգեք Արագ արձագանքման խմբին:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930