Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդն այսօր որքան աստվածանալու, նույնքան էլ մարդանալու կարիք ունի». քահանա

Ապրիլ 19,2014 19:10

«Քրիստոս հարություն առավ, որպեսզի մարդուն հնարավորություն տա հավիտենական կյանքով ապրելու, նորից երկնքի արքայությանն արժանանալու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը՝ խոսելով Սուրբ Հարության տոնի խորհրդի մասին:

«Մեծ պահքի ողջ ընթացքում ուրվագծվում է այն ճանապարհը, որով ապրելու դեպքում քրիստոնյա մարդը, հնարավոր է, արժանանա երկնքի արքայությանը: Մենք մշտապես պետք է հիշենք, որ Քրիստոս հարություն առավ, հնարավոր է՝ մենք էլ հարություն առնենք, բայց, անշուշտ, աչքի առաջ ունենալով այն իրողությունը, որ դրա համար մեզ իմաստություն, կամք ու հավատ է պետք»,- ասում է քահանան:

Նա գտնում է, որ Ս. Հարության տոնի խորհուրդն այսօր շատ արդիական է: «Քրիստոս հարություն առավ ինչի՞ համար: Որպեսզի մարդն աստվածանա: Բայց ես կարծում եմ, որ մարդն այսօր որքան աստվածանալու կարիք ունի, նույնքան էլ, և նույնիսկ առավել, մարդանալու կարիք ունի,- կարծում է Տեր Հակոբը:- Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով և նմանությամբ, բայց մարդն այսօր հաճախ է հավատքը, հոգևոր մարդ իրողությունը մարդկային իրողությունից տարանջատում: Չի կարող մարդը հավատացյալ լինել և, միաժամանակ, դավաճան ու դրամապաշտ, այլ խոսքով ասած՝ չի կարող «ընդունված» մարդ չլինել: Կարևորագույն խնդիր է, որ մարդը մարդանա»:

Տեր Հակոբը մաղթեց, որ մարդիկ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի» ասելուց առաջ նժարների վրա դնեն իրենց ցանկություններն ու Քրիստոսի հարության իրողությունը և կարողանան վերագտնել իրենց մարդկային կերպարը և աստվածային կերպարին հասնելու ձգտումը:

Անդրադառնալով տոնի, ինչպես նա ասաց, կենցաղային-կերակրային բաղադրիչին՝ նա խոսեց դրանց խորհրդի մասին. «Առաջինը ձուն է, որը ներկվում է կարմիր գույնով, թեև այսօր տարբեր գույներով են ներկում, ինչը մերժելի չէ, բայց խրախուսելի էլ չէ, որովհետև կարմիր ձուն Քրիստոսի արյամբ ներկված աշխարհի խորհրդանիշն է (ձուն աշխարհի խորհրդանիշն է), գինին Քրիստոսի արյունն է, ձուկը քրիստոնյայի խորհրդանիշն է, չամիչով փլավը երկու ձևով կարելի է մեկնաբանել: Մեկը, որ բրինձը քրիստոնյաներն են, իսկ չամիչը՝ սրբերը, որոնք քաղցրացնում են մեր հոգևոր կյանքը, մյուսը՝ որ չամիչը քրիստոնյաներն են: Երկուսն էլ ընդունելի են: Իսկ բանջարեղենը նոր կյանքի խորհուրդն ունի»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930