Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ եվրապատգամավորի, Ռուսաստանը կհարձակվի Լատվիայի վրա, հայ փորձագետն ասում է` Ռուսաստանին պատերազմը ձեռնտու չէ

Ապրիլ 21,2014 22:02

Ռուսաստանի հաջորդ զոհն Արեւելյան Եվրոպայում լինելու է Լատվիան: Օրերս նման կանխատեսում էր արել Եվրախորհրդարանի պատգամավոր եւ նախկին փոխնախագահ Յացեկ-Սարուշ Վոլսկին: Նա զուգահեռներ տանելով Ղրիմում տեղի ունեցած որոշ իրադարձությունների եւ Լատվիայում եղած նմանատիպ երեւույթների միջեւ մասնավորպես նշել էր, որ, դա Ռուսական կայսրության վերականգնման ավելի լայն ծրագիր է: Եվրախորհրդարանի պատգամավորը նշել էր, որ թեեւ Ռուսաստանի ագրեսիայի գլխավոր օբյեկտը կլինի Ուկրաինան, ռուս փոքրամասնության իրավունքները պաշտպանելու պատրվակով, Ռուսաստանը կարող է հարձակվել նաեւ մյուս հարեւան պետությունների վրա` վերականգնելու Ռուսական կայսրությունը ԽՍՀՄ-ի սահմաններով:

«Այն, ինչ խոսում են, դա լրատվական պատերազմ է` Ռուսաստան-Արեւմուտք»,-Aravot.am-ի հետ զրույցում Եվրախորհրդարանի պատգամավորի կանխատեսման մասին ասաց ռազմական փորձագետ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Մաքսային միությունն էլ մի շարք հայ քաղաքական գործիչներ համարել են վերադարձ ԽՍՀՄ, մեր այս դիտարկմանը, պարոն Հարությունյանն ասաց. «Հայաստանում էլ նույնն է, ասում են Մաքսային միությունը դա Սովետական միության վերականգնում է, իսկ Հիլարի Քլինթոնն ու մյուսներն ասում են` թույլ չենք տա: Եկեք հասկանանք ինչո՞ւ թույլ չեն տա, ասենք այն ժամանակ Արեւմուտքը կոմունիստական գաղափարախոսությանն էր դեմ, լավ, հասկացանք, բայց հիմա չկա չէ՞ կոմունիստական գաղափարախոսություն, հիմա նույն կապիտալիստական համակարգն է ու ավելի վայրի: Այսինքն` խնդիրը գաղափարախոսությունը չէ, խնդիրը աշխարհաքաղաքական է` մինչեւ կա այդպիսի հզոր Ռուսաստան, իսկ Ռուսաստանը միակ պետությունն է, որն ի վիճակի է ԱՄՆ-ի դեմ պայքարել, իր տնտեսական եւ ռազմական պոտենցիալով, եւ Արեւմուտքը պետք է վերցնի այդ տարածքները:

Երբ սովետական միությունը համաձայնվեց, որ Գերմանիան միավորվի, այդտեղ բանավոր հայտարարեցին, որ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի, իսկ Գորբաչովն էլ հավատաց, բայց ՆԱՏՕ-ն ընդլայնվեց, հասավ մինչեւ Լատվիա, Ուկրաինա: Մայդանը սկսվեց, երբ Ուկրաինան հրաժարվեց ստորագրել Եվրոմիության հետ ասոցացման համաձայնագիրը, եւ Ամերիկան ու Եվրոպան եկան Մայդան սկսեցին`զենքով ամեն ինչով, նույնը ինչ որ Սիրիայում են անում: Ռուսաստանը հասկացավ, որը ինքը Ղրիմը կկորցնի, իսկ Ղրիմը շատ կարեւոր է Ռուսաստանի, նաեւ Հայաստանի համար, Պուտինը ստիպված մտավ եւ վերցրեց Ղրիմը»: Պարոն Հարությունյանի դիտարկմամբ, Ռուսաստանին նույնիսկ ձեռնտու չէ պատերազմելը, Պուտինն ուզում է իր երկրի տնտեսությունը վերականգնել. «Այստեղ է պատասխանը`Սովետական միության վրա ո՞վ հարձակվեց, Գերմանիան, 1914 թվականին առաջին համաշխարհային պատերազմն ո՞վ սկսեց, Ռուսաստա՞նը, ոչ: Ինչո՞ւ է Արեւմուտքը առաջ գնում, Ռուսաստանին պետք չէ դա, իր տարածքն ու ռեսուրսներն իրեն բավարար են, իր խնդիրն իր անվտանգությունն ապահովելն է: Իսկ Արեւմուտքին հումք է պետք` էներգետիկ եւ այլն, Արեւմուտքը չունի դա, դրա համար պետք է այսպիսի հեղափոխություններով գնա: Հիմա Ուկրաինան իր հումքը կկորցնի, եւ դա ձրի կգնա Արեւմուտք, ինչի՞ դիմաց, խոսքի ազատության, իսկ խոսքի ինչպիսի՞ ազատության, կտեսնենք: Տեսեք, քանի ամիս է անցել, Արեւմուտքը 1 դոլար էլ չի տվել Ուկրաինային, չի աջակցում,Ռուսաստանը, որը չի ճանաչում Ուկրաինայի նոր կառավարությանը, տվել է մի քանի միլիարդ, գազի գումարը չի վերցնում»:

Մեր ճշտող հարցին` արդյոք վտանգ չկա՞, որ Ռուսաստանը, ոչ թե ԽՍՀՄ գաղափարախոսությամբ, այլ ԽՍՀՄ սահմաններով կվերականգնի այդ տարածքների միավորումը, պարոն Հարությունյանն ասաց. «ԽՍՀՄ-ը չի վերադառնա»:

Մի շարք քաղաքական գործիչների եւ քաղաքագետների այն կարծիքը, որ Մաքսային միությանն անդամակցելով, Հայաստանը կորցնելու է ինքնուրույնությունն ու ենթարկվելու է Կրեմլին, մեր այս դիտարկմանն էլ, նախկին նախարարն ասաց. «Հիմա Հայաստանը կերազի այդպիսի բան, որ Կրեմլից ձրի ամեն ինչ գա: Նման կարծիքները դեմագոգիա են: Ազատությունն ու անկախությունը, դա տնտեսության գոնե մինիմալն ապահովելն է, եթե դա չկա,եթե քո անվտանգությունն ապահովված չէ, ուրեմն անկախ չես կարող լինել: Այսօր Հայաստանի անկախությունը ապահովում է Ռուսաստանը` ռազմական ուժով եւ տնտեսական աջակցությամբ: Մենք, երբ մտնում ենք Եվրախորհուրդ, այնտեղ մեր օրենքներն են չէ՞ ստուգում, ամեն ինչ ստուգում են, ու մենք չենք ասում, որ կորցնում ենք անկախությունը: Եվրամիության պետություններն են զիջում իրենց լիազորությունների մի մասը, դրա դիմաց ստանալով որոշակի բաներ: Եվրամիության անդամ դառնալ մեզ ոչ ոք չի առաջարկում, իսկ եվրոասոցացման համաձայնագիրը մեզ տնտեսական եւ ռազմական ոչինչ չէր տալու»:

Վաղարշակ Հարությունյանի դիտարկմամբ` Մաքսային միությանն անդամակցելը ճի՞շտ է, թե` ոչ, ամենաճշգրիտ պատասխանն այն է, որ Հայաստանի բոլոր նախագահներն, յուրաքանչյուրն իր չափով խորացրել է հայ-ռուսական հարաբերությունները. «Որովհետեւ, մարդիկ գալիս են իշխանության, տեսնում են, թե Հայաստանը որտեղ է գտնվում, ու սկսում են վարել իրական քաղաքականություն»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սիրաբի says:

    «Եվրախորհրդարանի պատգամավոր եւ նախկին փոխնախագահ Յացեկ-Սարուշ Վոլսկի »
    Միայն ապշել կարելի է, որ սրա նմաններն են նստած «Եվրոխորհրդարան» կոչվածում:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930