Լրահոս
Օրվա լրահոսը

Օպերայի տնօրենը հասարակական խորհուրդ կստեղծի

Ապրիլ 22,2014 15:41

Անդրանիկ Արզումանյանը խոստանում է տարեկան 3-4 պրեմիերա անել

Տպավորություն կա, թե ՀՀ վարչապետի փոփոխությունն այնքան իրարանցում չառաջացրեց հանրապետությունում, որքան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ընտրությունը: 80-ամյակը բոլորած թատրոնը մինչ օրս տարբեր ժամանակներում ղեկավարել են շուրջ 20 տարբեր մասնագիտությունների տեր տնօրեններ, այդ թվում՝ գրականագետ, դրամատուրգ Մամիկոն Գեւորգյանը, Սուրեն Հայրապետյանը, դերասան Վաղարշ Վաղարշյանը, ռեժիսորներ Գեորգի Հովհաննիսյանը, Արմեն Գուլակյանը, Տիգրան Լեւոնյանը, դիրիժորներ Գրիգոր Վարժապետյանը, Հակոբ Ոսկանյանը, Հովհաննես Չեքիջյանը, ջութակահարներ Գուրգեն Հայրապետյանը, Սիլվա Մեքինյանը, Կամո Հովհաննիսյանը, կոմպոզիտորներ Էդգար Հովհաննիսյանը, Գեւորգ Արմենյանը եւ ուրիշներ:

«Առավոտը» հանդիպեց նորանշանակ տնօրեն, բանասեր, դիվանագետ Անդրանիկ Արզումանյանին:

Հետաքրքրությանը, թե կառավարման աշխատանքների ինչպիսի՞ փորձառություն ունի մինչ թատրոնի տնօրեն նշանակվելը, պարոն Արզումանյանը նշեց, թե վերջին տասը տարին ղեկավարել է Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնը Ալեքսանդրիայում, որը կազմակերպում ու խթանում է Ռուսաստանի եւ Եգիպտոսի մշակութային կապերի ստեղծումն ու զարգացումը, հետո էլ մանրամասնեց. «Կենտրոնն ունի մի քանի մեծ դահլիճներ, ամառայինը՝ 1000 հանդիսատեսի, 2 դահլիճներ՝ 500 եւ 700 ունկնդրի համար եւ այլն, որոնցում կազմակերպվում են մշակութային միջոցառումներ: Հրավիրում ենք Ռուսաստանի ինչպես անհատ արվեստագետների, այնպես էլ հայտնի խմբերի, այդ թվում՝ «Բերյոզկա», Մոիսեեւի անվան պարի անսամբլներին, Մեծ թատրոնի մեներգիչներին ու մենապարողներին, ինչպես նաեւ այլ թատրոնների արտիստներին: Կենտրոնը համագործակցում է Եգիպտոսի խոշոր թատրոնների հետ, փոխադարձաբար անցկացվում էին Եգիպտոսի եւ Ռուսաստանի արվեստի օրեր, ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություն եւ այլն»: Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, որ Եգիպտոսում իր գործունեության ընթացքում համագործակցել է ՀՀ դեսպանատան հետ, կազմակերպել են, օրինակ, հայ նկարիչների ցուցահանդեսներ, երեկոներ՝ նվիրված հայ մեծանուն արվեստագետներին՝ Խաչատրյանին, Փարաջանովին, Բաբաջանյանին եւ այլն:

Դիտարկմանը՝ մեզանում նոր ղեկավարի նշանակումը սովորաբար ենթադրում է կադրային փոփոխություններ, Անդրանիկ Արզումանյանը հավաստիացրեց, թե իր բնույթով շտապողական մարդ չէ, ապա հավելեց. «Աշխատում ենք կառուցվածքային փոփոխությունների վրա: Հուլիսին թատրոնի կոլեկտիվներում (նվագախումբ, երգչախումբ, բալետային խումբ եւ մենակատարներ) կանցկացնենք ատեստավորում, որի աշխատանքներին նպատակ ունենք հրավիրել ոչ միայն մեր ճանաչված արվեստագետներին, այլեւ հայտնի անուններ արտերկրից: Այս պահին հնարավոր չէ թվարկել ստեղծագործական այն աշխատանքները, որոնք համաձայնեցված թատրոնի կոլեկտիվների ղեկավարների հետ՝ նախատեսել ենք ու արդեն անցել դրանց իրականացմանը»:

Տնօրենը հայտնեց, որ մտադիր են տարեկան 3-4 պրեմիերա իրականացնել, ինչպես նաեւ մանկական բեմադրություն, ինչի համար անհրաժեշտ է եւ ժամանակ, եւ միջոցներ: Փոխանցեցինք անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի միտքը, թե ցանկացած երկրի համար թանկ հաճույք համարվող օպերային թատրոնին անհրաժեշտ է մեծահարուստների աջակցությունը: Այս առիթով տնօրենն ասաց. «Հռչակավոր օպերային թատրոնների փորձը իսկապես ցույց է տվել, որ օպերային արվեստին անհրաժեշտ են բարերարներ: Անկասկած, թատրոնը կյանք կունենա ինչպես պետության, այնպես էլ մասնավոր անձանց աջակցության շնորհիվ: Վերջերս ստեղծվել է օպերային թատրոնի զարգացման հիմնադրամ եւ ուզում ենք կոչ անել գործարարներին՝ իրենց ավանդն ունենալ հիմնադրամում, ինչը պատվաբեր է, քանի որ օպերային թատրոնը ողջ հայության գլխավոր մշակութային օջախն է: Կուզեի նաեւ թատրոն հրավիրել սրտացավ արվեստագետների, մեր մտավորականներին, ստեղծել նրանցից կազմված հասարակական խորհուրդ, որը սերտորեն համագործակցեր թատրոնի գեղարվեստական խորհրդի հետ»:

Ըստ մեր տեղեկությունների՝ այսօրվա հրատապ խնդիրը թատրոնի բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի եւ բալետային խմբի միջեւ հակասությունն է: Այս առիթով պարոն Արզումանյանը պատասխանեց. «Այդ մասին ես տեղեկացել եմ իմ նշանակման առաջին օրվանից: Մի քանի անգամ առանձնազրույց եմ ունեցել Ռուդոլֆ Խառատյանի, ինչպես նաեւ բալետի արտիստների հետ: Ըստ էության երկու կողմն էլ նպատակ ունի հանդիսատեսին ներկայացնել բարձրարվեստ բեմադրություններ, ունենալ բարձրակարգ բալետ: Պարոն Խառատյանն ինքն առաջարկեց իրեն ազատել գլխավոր բալետմայստերի պաշտոնից, այն հիմնավորելով սեփական ստեղծագործական ժամանակի սղությամբ, խնդրեց նաեւ, որ ազատվելով գլխավորի պաշտոնից, շարունակի իր գործունեությունը թատրոնում՝ իբրեւ հրավիրյալ բալետմայստեր: Իմ առաջարկով եւ բալետային խմբի արտիստների համաձայնությամբ գլխավոր բալետմայստերի պաշտոնը կվարի Վիլեն Գալստյանը: Նշեմ, որ թատրոնի խաղացանկում են անվանի խորեոգրաֆի երկու բեմադրությունները՝ Խաչատրյանի «Գայանեն» եւ Մինկուսի «Դոն Կիխոտը»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Լևոն Մութաֆյան says:

    Սուրեն Հայրապետյան չէ, այլ Սուրեն Հարությունյան, Հայաստանում առաջին բանասիրական գիտությունների թեկնածու… Ցավալի է, որ իմ ընկեր Սամվել Դանիելյանն այսքան խանդավառված է, փոխանակ իսկապես քննադատական կեցվածք ընդուներ ապօրինաբար տնօրեն կարգվածի հանդեպ… Մի բան էլ, ի՞նչ է նշանակում հասարակական խորհուրդ: Կա գեղարվեստական խորհուրդ, որի կազմում պիտի ընդգրկվեն թատերագետ, բալետի մասնագետ և այլն… Մի խոսքով, օպերայի թատրոնը լուրջ խնդիրներ ունի, առաջին հերթին՝ ստեղծագործական: Դրանք պետք է լուծել գեղարվեստական ղեկավարի և գեղարվեստական խորհրդի հետ: Հա, ցավոք, չի նշվել այնպիսի տնօրեն, ինչպիսին Միքայել Խաչատրյանն էր:

  2. Լևոն Իվանյան says:

    Վերջապես մի տեղեկություն կարդացինք «առաջին ձեռքից»: Պարզ բան է, բայց ավելի հաճախ է պետք անել:

  3. Արփինե says:

    Հասարակական խորհրդի ստեղծման գաղափարից երևաց, որ նոր տնօրենը դիվանագիտական աշխատանքի փորձ ունի: Չգիտեմ, գուցե սա լավ գաղափար է Օպերայի համար …. Կապրենք, կտեսնենք…

  4. Գագիկ says:

    Տարբեր ասեկոսեներից խուսափելու միակ ելքը,համամիտ եմ,հասարակական խորհուրդ ստեղծելն է:Համոզված եմ որ ունենք,իսկապես,օպերային արվեստի գիտակներ որոնք ընդգրկված չեն թատրոնի գեղարվեստական խորհրդի կազմում:Դե ձեզ տեսնենք պարոն նորընտիր տնօրեն:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930