Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունց. «Սպառնալիքներ հղողը շարքային քաղաքացի չէր, այլ փոխնախարար»

Ապրիլ 22,2014 20:32

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում կայացավ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի բողոքի քննումը, որն ընդմիջվեց, որպեսզի բավարարվի ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի միջնորդությունը՝ ապահովել ՀՔԾ եւ դատախազության ներկայացուցիչների ներկայությունը դատարանում:

Հիշեցնենք, որ անցած տարի հոկտեմբերին, այն բանից հետո, երբ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ-ի բարձր ամբիոնից ՀՀ նախագահին կազինո գնալու եւ այնտեղ միլիոնավոր դոլարներ կորցնելու վերաբերյալ հարց էր տվել, ՀՀ երիտասարդության եւ սպորտի փոխնախարար, «Սյունյաց արծիվ» ՀԿ նախագահ Խաչիկ Ասրյանը հայտարարել էր, որ Զարուհի Փոստանջյանին պետք է այրել խարույկի վրա:

Այդ սպառնալիքից հետո ԱԺ պատգամավորը դիմել էր ՀՀ ոստիկանապետին՝ իր անվտանգությունն ապահովելու խնդրանքով: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը համարել էր, որ իսկապես պատգամավորին վտանգ է սպառնում եւ նրան կցել էր ոստիկանների, ինչի մասին հայտնի էր եւ մամուլի միջոցներից եւ պատգամավորի հայտարարությունից: Ու չնայած այդ ամենին, երբ անձի նկատմամբ սպառնալիքի մասին նույն՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարություն էր տվել ՀՔԾ-ին եւ դատախազությանը՝ գործ հարուցելու պահանջով, վերջիններս մերժել էին քրեական գործի հարուցումը, ասելով, որ բավարար հիմքեր չկան:

Դրանից հետո ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել էր Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարան՝ ՀՔԾ-ի եւ դատախազության գործողությունների դեմ բողոքով: Առաջին ատյանի դատարանը մերժել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակին, եւ գործը հասել է Վերաքննիչ դատարան:

Դատական նիստի ավարտից հետո զրուցեցինք Արթուր Սաքունցի հետ: Նա նկատեց, որ Վերաքննիչ բողոքը հիմնավորվում է դատավարական նորմերի խախտմամբ՝ քննություն իրականացնող մարմինը այդպես էլ ներկա չի եղել նիստերին` «ծանրաբեռնված են» բացատրությամբ. «Դուրս էր գալիս, որ դատարանը իմ դիմումի հետ կապված ինձ հարցեր է տալիս, որոնց ես միայն իմ մասով կարող եմ պատասխանել, բայց հո չե՞մ կարող վարույթն իրականացնող մարմնի տեղը պատասխանել, այնպիսի տպավորություն էր, որ դատարանը հանդես էր գալիս վարույթն իրականացնող մարմնի դերում, որովհետեւ ես պետք է հիմնավորեի, իսկ մյուս կողմը որեւէ հակափաստարկ կամ պատճառաբանություն չի բերում, եւ միայն իմ դիմումն է քննվում, կարծես ոչ ՀՔԾ կա, ոչ դատախազ կա… Բացի այդ, այսօր էլ չէին ներկայացել Վերաքննիչի նիստին, որպես բացատրություն ուղարկելով գրություն, որ զբաղված են, եւ գտնում են, որ 1-ին ատյանի դատարանի որոշումը հիմնավոր է: Բայց եթե իրենք չեն ներկայացել 1-ին ատյանի դատարանի նիստերին, ո՞նց են գտնում, որ հիմնավոր է… Ակնհայտ է, որ ոչ սպառնալիք հղած անձից, ոչ էլ նրանից, ում սպառնացել են, բացատրություն չի վերցվել: Վարույթն իրականացնող մարմինը ոչ Խաչիկ Ասրյանից է բացատրություն վերցրել, ոչ Զարուհի Փոստանջյանից: Քննության օբյեկտիվության համար պարտադիր է, որ գործողություն կատարողից եւ այն անձից, ում նկատմամբ գործողություն է կատարվել՝ բացատրություն վերցնեին»:

Արթուր Սաքունցը Վերաքննիչ դատարանում հարկ համարեց հիշեցնել, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հիմնավոր է համարել Զարուհի Փոստանջյանի մտահոգությունը՝ իր եւ իր ընտանիքի անվտանգության վերաբերյալ եւ միջոցներ է ձեռնարկել՝ պատգամավորի եւ նրա ընտանիքի անդամների անվտանգությունն ապահովելու համար. «Եթե հիմնավոր չհամարեր այդ մտահոգությունը՝ ոստիկանապետը պետական ռեսուրսներ չէր տրամադրի»:  Այդուհանդերձ, քննչական վարույթ իրականացնող մարմինը հարկ չի համարել ոչ պատգամավոր Զարուհի Փոստանջյանից բացատրություն վերցնել, լսել, թե որո՞նք են նրա մտահոգության պատճառները եւ ոչ էլ սպառնացող անձից բացատրություն վերցնել: Արթուր Սաքունցը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ սպառնալիքը ոչ թե շարքային անձի կողմից է կատարվել, այլ՝ փոխնախարարի, պաշտոնատար անձի, որն ունի բավարար չափով ռեսուրսներ եւ լիազորություններ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարը նաեւ համարում է, որ արդարադատություն իրականացնող մարմնի՝ դատական իշխանության նկատմամբ անհարգալից վերաբերմունք կա ՀՔԾ-ի եւ դատախազության կողմից, որոնք ոչ 1-ին ատյանի դատարանի նիստին են ներկայացել, ոչ էլ Վերաքննիչի:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930