Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզաբանվեց գյումրեցի մեռելներին իրար մեջ բաժանելու ու նրանց անուններով փողեր «լվացնելու» մեխանիզմը (Տեսանյութ, ֆոտոշարք)

Ապրիլ 22,2014 20:47

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվեց Վազգեն Խաչիկյանի փողերի լվացման գործով դատավարությունը: Ամբաստանվողներից մեկը` սոցիալական ապահովության պետական ծառայության Գյումրու տարածքային ստորաբաժանման գլխավոր մասնագետ Արթուր Աբրահամյանը, որը նախաքննական մարմնին տված ցուցմունքում ամբողջ մեղքը վերցրել էր իր վրա, նշել էր, որ ինքը մեղսակից է կեղծ փաստաթղթեր սարքելու, պետությունից առանձնապես խոշոր չափի` 91.566.229 ՀՀ դրամի կենսաթոշակի, թաղման, նպաստի եւ ժառանգվող գումար հափշտակելու մեջ, այժմ դատարանում ցուցմունք տվեց  գլխավոր հաշվապահի` Անահիտ Նաչաջյանի դեմ: Վերջինս ասաց, որ ինքը առանց հաշվապահի գիտության չէր կարող վճարման ցուցակներում փոփոխություններ կատարել, որևէ մեկի անունը մտցնել կամ հանել, որովհետև այդ ցուցակները վերջնականապես ստուգվում էին հաշվապահի կողմից, նոր ուղարկվում կնիքման և վճարման:

PrevPhoto
NextPhoto

Ամբաստանյալը հետաքրքիր մանրամասներ պատմեց հափշտակման մեխանիզմից: Նրա ասելով, հաշվապահ Անահիտ Նաչաջյանը  իրեն սկզբում ասել է, թե էս ինչ մարդու անունը բաց ես թողել, մտցրու ցուցակ, ինքը սկզբում լուռ կատարել է, սակայն հետո հարցրել է` ինչո՞ւ: Հաշվապահն էլ զգալով, որ վերջինս հիմար չէ, նրան լռեցրել է` գումար տալով: Ամբաստանյալը նաև ասաց, որ վճարման ցուցակներում նոր անուններ մտցնել չէին կարող, հետևաբար և նախորդ ամսվա մեռելների անուններն էին կրկնում ցուցակներում: Ու քանի որ ամբաստանյալը հայտարարեց, որ հաշվապահն ևս գործ է արել իր համակարգչի վրա, փայլուն տիրապետել է համակարգչին, դատավոր Էդուարդ Մանուկյանը նրանից հետաքրքրվեց. «Էդ 5 մեռելը, որ պիտի թաղեիք, դրանց անունը ո՞վ էր տալիս, և եթե ասում ես հաշվապահն էր աշխատում համակարգչի վրա, բա էլ ինչի՞ էր նա գալիս ու քեզ խնդրում, թե էս մեռելին մտցրու ցուցակ»:

Արթուր Աբրահամյանը դատավորին պարզաբանեց, որ ինչքան էլ այլ մարդիկ աշխատեին իր համակարգչի վրա, միևնույնն է, վերջում ինքը պիտի «կնոպկեն» սեղմեր: Ըստ նրա, տեսուչները իրենց գործերը մուտքագրել են համակարգչում, այն գաղտնաբառ չի ունեցել, բայց ցուցակների համակարգչային ձևավորումը ինքն է կատարել: «Ես լրացուցիչ անուն մտցնել չէի կարող, եթե լրացուցիչ անուն մտցնեի, ասենք թե 3 հոգու, ապա այլ 3 անձիք դուրս կմնային վճարման ցուցակից», -պարզաբանեց ամբաստանյալը` նշելով, որ նախորդ ամսվա մահացածների տվյալներն են վերցրել, բաշխել առաջիկա ամիսների ցուցակներում:

Ի դեպ, դատախազ Ենոքյանը նկատեց, որ Գյումրիում փողերի լվացման մեխանիզմը շատ խորամանկ ձևով է կատարված, այն չկա որևէ այլ տեղանքում: Դատավորը նաև հետաքրքրվեց, թե ո՞վ է մշակել հափշտակման մեխանիզը, որին ի պատասխան ամբաստանյալը մատնանշեց հաշվապահին ու ասաց, որ ամիսը գոնե 2-3 մահացածի տվյալներ էին մտցնում: Արթուր Աբրահամյանը նաև ասաց, որ ինքը իրեն մեղավոր է ճանաչում միայն  29 միլիոն դրամ գումարի հարցում, որը, սակայն, վերականգնել են, տարել ու տվել է Վազգեն Խաչիկյանին: Նա մանրամասնեց, որ այդ 29 միլիոն դրամից 20 միլիոնը ինքն է վերականգնել, իսկ 8000 դոլարը` հաշվապահն: Դատավորը հարցրեց. «Եթե ասում եք հաշվապահը կարևոր ֆիգուրն էր, դուք ինչի՞ էիք էդքան գումար տանում-տալիս Խաչիկյանին, թող նա էլ տար: Եվ հետո հիմա կարող է Խաչիկյանը ձեզ խաբել է, որ 29 միլիոն է, էստեղ դատարանում ինչպես ես ապացուցում, որ քո մեղքը 29 միլիոնի չափով է, ինչ փաստեր կան»: Ամբաստանյալը պատասխանեց, որ ով ինչքան փող ունեցել, տվել է, միայն թե այդ գործը փակվեր:

Արթուր Աբրահամյանի փաստաբան Թամարա Յայոլյանը դատարանին միջնորդեց հրապարակել ու որպես ապացույց ճանաչել իր պաշտպանյալի ու հաշվապահի միջև եղած հեռախոսազրույցը, որը ձայնագրվել էր ավտոմեքենայի մեջ, գաղտնի: Հաշվապահն ու նրա ամուսինը խնդրել էին Արթուրին չտալ հաշվապահի անունը այս գործի շրջանակներում: Արթուրը բնականաբար նախաքննական մարմնին չէր տվել նրա անունը, քանի որ այստեղ նրան հանգստացրել էին, թե պայմանականով ազատ կարձակվի, գործը կփակվի, կգնա: Դատարանը մերժեց փաստաբանի միջնորդությունը` ձայնագրությունը որպես ապացույց ճանաչելու ու հետազոտելու:

Փաստաբանը այլ միջնորդություններ ևս ներկայացրեց` հաշվապահին որպես վկա դատարան հրավիրել ու նաև ձեռագրաբանական փորձաքննություն նշանակել, 338 մեռած անձանց հարազատներից պարզել, թե թաղման նպաստները իրե՞նք են ստացել, թե՞ ոչ: Դատախազը անմիջապես առարկեց փաստաբանի այս միջնորդությունները` նշելով, որ սրանք դատը անհարկի հետաձգելու միջոց են և որ հաշվապահը հարցաքննվել է, բավարար ապացույցներ չլինելու պատճառով նրան մեղադրանք չի առաջադրվել: Դատարանը մերժեց փաստաբանի այս միջնորդությունները: Ի դեպ, դատավարության ընթացքում ամբաստանյալներից մեկը, մատնացույց անելով դատարանի դահլիճին նայող սոցապի պատուհանը, ասաց, որ հաշվապահն այդ ընթացքում պատուհանից կախված լարված իրենց էր հետևում:

Մանրամասները` տեսանյութում 

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930