Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյանը համաձայն չէ Սերժ Սարգսյանի որոշ դիտարկումների հետ

Ապրիլ 23,2014 17:34

«Դեռեւս 2013 թվականի հունվարին է հանրապետության նախագահն ասել, որ մեր ժամկետն անսահման չի, եւ որոշակի խելամիտ ժամկետից հետո, եթե Թուրքիան իր պարտավորությունը չկատարեց, մենք կարող ենք ետ կանչել մեր ստորագրությունը»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ՀՀ ՊՆ կատարած այցելության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի` հայ-թուրքական արձանագրություններին վերաբերող հայտարարություններին՝ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Աղվան Վարդանյանը:

Նախագահը նկատել էր, որ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ նախկին բոլոր թերահավատություններն անհիմն էին:

Նաեւ նախագահի մամուլի խոսնակն էր մեկ օր անց ասել, որ ապրիլի 24-ի նախօրեին հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ քաղաքական հայտարարություն կհնչի: Պարոն Վարդանյանը թեմայի շուրջ խոսելն առավել ճիշտ է համարում հենց այդ հայտարարությունից հետո:

Հիշեցնենք, որ ժամանակին ՀՅԴ-ն լքեց կոալիցիան ՀՀ-ի արտաքին քաղաքական առաջնայնություններում անհամաձայնությունների, մասնավորաբար՝ հայ-թուրքական արձանագրությունների պատճառով: Վերջին նախագահական ընտրությունների նախաշեմին ՀՅԴ-ն հրապարակեց երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու իր տեսլականը` յոթ կետով, որոնցից մեկն էլ արձանագրություններից Հայաստանի ստորագրության հետկանչն է:

Ի դեպ, Աղվան Վարդանյանը համաձայն չէ նախագահ Սարգսյանի` ՊՆ-ում հնչեցրած որոշ դիտարկումների հետ: Նա, մասնավորաբար, կարծում է, որ եթե չլիներ «Ոչ»-ի շարժումը, ՀՅԴ-ի ղեկավարած հասարակական ընդվզումը` ոչ միայն Հայաստանում, այլեւ սփյուռքում, մեր զրուցակիցը վստահ է, որ չէինք ունենա նախ՝ արձանագրությունների ստորագրման օրը հանրապետության նախագահի ելույթը, ապա` ՍԴ-ի հայտնի որոշումը արձանագրությունների վերաբերյալ: «Իսկ Թուրքիայի ընդառաջ չգնալը, չստորագրելն առավելապես պայմանավորված է այն հստակեցումներով, որ իշխանությունները, այդ թվում՝ ՍԴ-ն, պարզեցին կամ հաստատեցին, թե Հայաստանն ինչ է հասկանում այս խնդիրներով: Իսկ որ Թուրքիան նպատակ ուներ նախապայմաններ ձեւակերպել, որ դրանք ձեւակերպված էին, եւ որ շարունակելու էր նախապայմաններով խոսել` ակնհայտ էր»,- ի հեճուկս նախագահի այն դիտարկումների, որ Թուրքիան փորձեց նախապայմաններ առաջադրել, որի պատճառով էլ գործընթացը մտավ փակուղի և այսօր սառեցված է, ասաց Աղվան Վարդանյանը` վստահ, որ միայն ՍԴ-ի ճշգրիտ որոշումը խնդիրն իր տեղը դրեց:

ՀՅԴ-ական գործչի կարծիքով՝ վաղուց արդեն ժամանակն է, որ հանրապետության ղեկավարությունը կրկին անդրադառնա այս հարցին, մանավանդ՝ Ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին, ճիշտ ժամանակն է. «Որքանո՞վ առաջ կգնա ՀՀ նախագահը: Ավելին ասեմ` կարող եմ ես ենթադրել, որ իրենց կողմից կատարված քայլերի ճշմարտացիության մասին խոսելով՝ հանրապետության նախագահը թերեւս հող էր պատրաստում առաջիկա քաղաքական հայտարարությունների համար: Սպասենք` տեսնենք»:

Ի՞նչ կտա Հայաստանին աշխարհաքաղաքական այս իրավիճակում արձանագրությունների հետկանչը: «Առավոտի» հետ զրույցում ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն ասել էր, որ դա նույնքան վտանգավոր եւ անիմաստ քայլ կլինի, որքան արձանագրությունների ստորագրումն էր: «Չեմ կարծում: Ի վերջո, որեւէ գործընթաց պետք է տրամաբանություն եւ զարգացման հնարավորություն ունենա: Ակնհայտ է, որ մենք այստեղ փակուղի ենք մտել, եւ արձանագրություններից ստորագրությունների հետկանչը որեւէ բան չի նշանակի: Մեզ համար գոնե: Դա չի արգելում հաջորդ օրն իսկ սկսել հարաբերությունների կարգավորման նոր գործընթաց` կոնկրետ խնդրով, ինչը որ ասել ենք բազմիցս` Ցեղասպանության ճանաչում, դիվանագիտական հարաբերությունների կարգավորում եւ սահմանի բացում»,- իր կարծիքը փոխանցեց մեր զրուցակիցը` հիշեցնելով, որ արձանագրությունների գործընթացն այլ աշխարհաքաղաքական իրավիճակում էր ընթանում, երբ Հայաստանը Եվրոպայի հետ սերտ համագործակցության էր նախապատրաստվում: Մինչդեռ այժմ այլ իրավիճակ է, եւ ճիշտ չէ դրանք իրար հետ կապել. «Ստորագրությունների հետկանչն այսօր էլ որեւէ կերպ մեզ վրա բացասական իմաստով որեւէ ազդեցություն չի կարող ունենալ»:

«Լավ կլինի, որ և երկրի արտաքին քաղաքականության համար այսօր պատասխանատու պաշտոնատար անձինք, և հայկական կուսակցությունները, այդ թվում նաև՝ Դաշնակցությունը, լրջորեն ծանրութեթև անեն իրենց կողմից նախաձեռնելիք քարոզչական գործողությունները, քանի որ եթե ունակ չես ինքնուրույն և առարկայորեն արդյունավետ քաղաքականություն վարելու, ապա գոնե անիմաստ ու անպտուղ քարոզչությամբ լրացուցիչ բարդություններ մի առաջացրու երկրիդ ու ժողովրդիդ համար»,- «Առավոտին» ասել էր Արման Մելիքյանը` զուգահեռներ անցկացնելով նախորդ դարի 20-ական թվականների` Հայաստանի համար ճակատագրական դարձած իրադարձությունների հետ:

Այդ առիթով մեր հարցին էլ Աղվան Վարդանյանն ասաց, որ իրենք շնորհակալ են յուրաքանչյուր քաղաքացուց, ովքեր իրենց հուշում են, խորհուրդներ են տալիս: Ասաց, որ ՀՅԴ-ում դրանք ընդունվում են ի գիտություն եւ անհրաժեշտության դեպքում կանսան այդ կոչին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930