Լրահոս
Օրվա լրահոսը

«Քոչարյանը նախապատրաստվում է առաջիկա ընտրություններին, դա շատ պարզ է». Խոսրով Հարությունյան

Ապրիլ 23,2014 21:37

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 2-rd.am-ին տված վերջին հարցազրույցից հետո շատ վերլուծաբաններ գտնում են, որ նա վերադառնում է: Այսօր Aravot.am-ը Հայաստանի Քրիստոնեա-դմեկրատական կուսակցության նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանից հետաքրքրվեց՝ Դուք տեսնո՞ւմ եք այսօր դրա հավանականությունը: Նա պատասխանեց. «Ռոբերտ Քոչարյանը երբեք չի թաքցրել, որ չի պատրաստվում գնալ թոշակի: Ամենատարբեր ինտենսիվությամբ, բայց մեծ քաղաքականությամբ զբաղվել է եւ հիմա էլ զբաղվում է: Ես դա նորմալ եմ համարում: Այսինքն, այնպես չի, որ նա գնացել է եւ հիմա պետք է հետ վերադառնա, իրերն իրենց անունով անվանենք»:

Ռոբերտ Քոչարյանը ժամանակ առ ժամանակ այսպես հարցազրույցներ է տալիս եւ քննադատում է Սերժ Սարգսյանին: Մեր հարցին՝ նա դրա իրավունքն ինչքանո՞վ ունի՝ Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Որեւէ քաղաքացի իր դիրքորոշումն արտահայտելու իրավունք ունի: Այլ բան է, որ կարելի է կիսել այդ կարծիքը եւ կարելի է չկիսել: Սրանք այլ հարցեր են: Բայց ինչպես ցանկացած քաղաքացի, այնպես էլ նախկին նախագահը կարող է: Ինչո՞ւ Տեր-Պետրոսյանի մասին չեք հարցնում: Նա էլ, որպես նախկին նախագահ, բավականին կոշտ քննադատությունների է ենթարկում այսօրվա իշխանություններին: Ես պետք է պարզ ասեմ, որ այդ քննադատության ճնշող մասը, մեծամասնությամբ ես չեմ ընդունում: Բացի այն, որ դրանք իրողությունից զուրկ են, չեմ ընդունում նաեւ այն, որ այդ ամենը փորձում են բարդել այսօրվա իշխանությունների վրա: Որեւէ մեկը չի փորձում վերլուծել, որ իր իշխանության ժամանակ այդ ամենի հիմքերն են դրվել: Այս տեսանկյունից ես չեմ ընդունում: Ստացվում է, որ 20 տարվա կենսագրություն ունեցող մեր պրոբլեմները պետք է մի քանի տարվա ընթացքում լուծի քաղաքական մեծամասնությունը, ՀՀ նախագահը: Դա անարդարացի է: Այսօր պետք է հանուն արդարության ասեմ, որ 2008-ից հետո  ընկած ժամանակահատվածում ֆինանսատնտեսական խորը ճգնաժամի պայմաններում, այդուհանդերձ, քաղաքական մեծամասնությունը հետեւողականորեն փորձում է բարեփոխումներ իրականացնել, ընդ որում, համակարգային բնույթի բարեփոխումներ՝ ուղղված ամենատարբեր ոլորտներում հանրային կյանքի արատները վերացնելուն՝ կաշառակերություն, հովանավորչություն եւ այլն»:

Խոսրով Հարությունյանը վստահեցրեց, որ եթե մենք ունենք այսօր Սերժ Սարգսյանի քաղաքական իշխանության ընթացքում լրջագույն ձեռքբերում, դա հանրային կյանքի ժողովրդավարացումն է. «Մենք չունենք ոչ մի փակված լրատվամիջոց, ոչ մի փակված հեռուստաընկերություն, քաղաքացիական նախաձեռնությունները բավականին խրոխտ են, համարձակ, ընդ որում, հաջողություն են արձանագրում: Դրանք լուրջ ձեռքբերումներ են: Սրանից 10 տարի առաջ նման բաների մասին որեւէ մեկը չէր մտածում, էլ չեմ ասում՝ 15 տարի առաջ: Բայց այսօր ճիշտ կլինի, որ այն նեգատիվի հետ, որ մեր իրականությունում օբյեկտիվորեն կա, նաեւ խոսենք ձեռքբերումների մասին»:

Մեր հարցին՝ Ռոբերտ Քոչարյանն այս էլ որերորդ անգամ ասում է, որ չի ուզում բանավիճել Սերժ Սարգսյանի հետ, որ երկու ղարաբաղցի իրար եդեմ դուրս չեն գա, բայց նրա վերջին հարցազրույցներից հետո չե՞ք նկատում առճակատում նրա եւ Սերժ Սարգսյանի միջեւ՝ Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Ես ցանկացած բանաձեւում կընդունեմ, բացառությամբ մեկի՝ որ 2 ղարաբաղցիներ չեն կարող իրար դեմ պայքարել: Ինձ համար սա անընդունելի, ոչ քաղաքական մեկնաբանություն է: Ես կարծում եմ, հանուն սկզբունքի ե՛ւ ղարաբաղցիները, ե՛ւ հայաստանցիները կարող են բանավիճել եւ նաեւ առճակատվել: Ծագումնաբանական սկզբունք լուրջ քաղաքականության մեջ գոյություն չունի: Դրա համար ես նաեւ այդ մեկնաբանությունը էական չեմ համարի: Այլ հարց է քննադատության հիմնական նպատակը: Իսկ նպատակը շատ պարզ է՝ Քոչարյանը նախապատրաստվում է առաջիկա ընտրություններին: Դա շատ պարզ է: Նա չի էլ թաքցրել դա: Այլ հարց է՝ դա կհաջողվի՞, թե՞ չէ, այլ հարց է՝ հանրային ընկալումներով սպասվո՞ւմ է նա, թե՞ չէ: Դա բոլորովին այլ հարց է: Հետագա զարգացումները դրա պատասխանները կտան, բայց նա շատ անթաքույց ասում է՝ ես քաղաքականության մեջ եմ ինձ տեսնում: Որեւիցե մեկը այդ պարագայում այդ դերակատարման մեջ իրավունք չունի մերժելու, բացի բուն հանրությունից»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930