Լրահոս
Օրվա լրահոսը

Դումանյանը հիվանդների առողջության հաշվին է միլիոններ տնտեսում

Ապրիլ 23,2014 23:25

Շաքարախտով հիվանդների առողջությունը ռիսկի տակ դնելով՝ առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանը պետբյուջեի համար միլիոնների խնայողություններ արեց` հիվանդների «Դիաբետոն» դեղամիջոցը փոխարինելով 50-60 դրամով էժան  հնդկական արտադրության «Դիազոն ՄՌ» դեղահաբերով:

Երբ Դերենիկ Դումանյանը նոր էր նշանակվել նախարար, ֆինանսների նախարարության ֆինանսների վերահսկողական տեսչությունը հայտնաբերել էր, որ մինչ Դումանյանի գալը, այս նախարարությունը պետպատվերով որոշ դեղեր բավականին թանկ գներով է ձեռք բերում` ոչ արդյունավետ ծախսեր անում, եւ ըստ երեւույթի, պարոն Դումանյանը որոշեց գումարներ տնտեսել պետության համար:

Նախկինում դիաբետիկները պետպատվերով ստանում էին «Դիաբետոն» դեղամիջոցը, որի մեկ տուփի արժեքը 5500 դրամ է, այս դեղամիջոցը գումարներ տնտեսելու հաշվին փոխարինվեց  «Դիազոն ՄՌ»: Սակայն, Aravot.am-ի հետ զրույցում որոշ հիվանդներ դժգոհություն արտահայտեցին, մասնավորապես նշելով, որ այս դեղը ոչ մի ազդեցություն էլ չի թողնում: Մեզ հետ զրույցում մի թոշակառու, որը հրաժարվեց իր անունը հրապարակել, ասաց.«Շաքարս «Դիաբետոնի» ժամանակ 7-8-ի սահմաններում էր մնում, դա ինձ համար նորմա էր, ու ես ինձ լավ էի զգում: Հիմա  էդ «Դիազոն ՄՌ» խմում եմ, չի ազդում, շաքարս բարձրացել է 12-13-ի վրա, ու չի իջնում: Բժիշկս դոզան ավելացրեց, բարձր դոզայով էլ խմում եմ` վատանում եմ` ալերգիա տվեց, սիրտս խառնում է, հետ եմ տալիս, չեմ կարողանում ընդունել էդ դեղը: Իսկ եթե շաքարս չիջնի, ես կարող է շուտով հրաժեշտ տամ կյանքին, որովհետեւ, բժիշկս ասում է` օրգաններս հերթով կքայքայվեն: Ես էլ ստիպված  «Դիազոն ՄՌ» եմ անցել, հլը չեմ ուզում մեռնեմ, էն էլ`տենց դաժան ձեւով»:

Մեզ հետ զրույցում Երեւանի պոլիկլինիկաներից մեկի բժիշկն ասաց, որ նման դեպքում հիվանդներին ուղղակի խորհուրդ են տալիս անցնել հին դեղին`  «Դիազոն ՄՌ», որը սակայն արդեն իրենք իրենց գրպանից պետք է ծախսեն եւ գնեն դեղատներից. Դիաբետոնն այլեւս պետպատվերով չի տրամադրվում:

Մեր հարցին, արդյոք Առողջապահության նախարարությանը տեղյակ են պահել, որ մի շարք հիվանդների առողջությանը  «Դիազոն ՄՌ» չի օգնում, բժիշկն ասաց` «Այո, տեղյակ պահել ենք, ավելին` իմ կոլեգաները մի քանի անգամ եղել են նախարարությունում, խնդիրը ներկայացրել են, սակայն` ապարդյուն: Մենք արդեն ստացել ենք բավականին մեծ քանակություն այդ  «Դիազոն ՄՌ», եւ այլեւս հետվերադարձման ենթակա չեն: Ահագին խմբաքանակ մնացել է, չենք տալիս հիվանդներին: Նախարարությունը, փաստորեն, փողեր է խնայում` հիվանդների առողջության հաշվին, գիտենք, որ այս դեղն ավելի էժան են առնում, բայց մարդու առողջությունն, իմ կարծիքով, ավելի թանկ է»:

Aravot.am-ի հետ զրույցում առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանն էլ վստահեցրեց, որ  «Դիազոն ՄՌ»-ի մասնագիտական փորձաքննությունն է կատարվել եւ 14 ցուցանիշներով համապատասխանել է, եւ որեւէ խնդիր չունի. «Այդ դեղը ստանում է 42 հազար մարդ, յուրաքանչյուր խմբաքանակ ներկրելուց առաջ փորձաքննության է ենթարկվում: Մենք դա ձեռք ենք բերում ներկրողից: Մենք ասել ենք`ուժեղացնենք դիտարկումը, եթե կան նման դժգոհություններ եւ խնդիրներ հիվանդների մոտ, ապա բժիշկները պարտավոր են մեզ տեղեկացնել, սահմանված կարգով լուծումներ գտնենք: Եթե բժիշկը դեղի դոզան ավելացրել է, ուրեմն բժշկի խնդիրն էլ է, պետք է կոնկրետ դեպքն ուսումնասիրվի: Թող դիմեն մեզ, եւ ես անձամբ կզբաղվեմ խնդրով»:

Պարոն Քրմոյանի խոսքերով` նշված դեղամիջոցը ջեներիկ դեղ է, բայց նրա ակտիվ, ազդող նյութն ու քանակությունը համարժեք է օրիգինալին, հակառակ դեպքում այն չէր գրանցվի մեր երկրում: Մեր այն հարցին, հնարավո՞ր է, հիվանդները տարիներ շարունակ ընդունելով  «Դիազոն ՄՌ», հետո ստիպված անցնելով այլ դեղի, պարզապես նրանց օրգանիզմը դա չընդունի, պարոն Քրմոյանն ասաց.«Մեր մասնագետների պնդմամբ` եթե նույն ակտիվ նյութով տարբեր բրենդերի դեղեր են, հնարավոր է օրգանիզմը ադապտացիայի խնդիր ունենա: Բժիշկն այդ փուլում պարտավոր է համապատասխան բուժման ընթացքին հետեւի, որպեսզի տեսնի այդ անցումը: Եթե որակի խնդիր կա, պարտավոր են բերել նորից փորձաքննություն անենք,  հասկանանք խնդիրը, մենք պատրաստ ենք»:

Պարոն Քրմոյանը եւս հաստատեց, որ տարեց տարի տենդերներով փորձում են դեղամիջոցների ավելի էժան առաջարկն ընդունել, եւ օրինակ նույն  «Դիազոն ՄՌ» դեպքում, գնումների միջոցով 1 հաբի համար նախկինում մոտ 116 դրամը իջել է մոտ 40 դրամի:

Սուրեն Քրմոյանի` բժիշկների հետ հանդիպման առաջարկը փոխանցեցինք մեզ դիմած բժշկին, որն ասաց, որ նորից հանդիպելն անիմաստ է.«Նախարարությունում վաղուց արդեն տեղյակ են այս խնդրի մասին, եթե այսքան ժամանակ ոչինչ չեն արել, ապա կասկածում եմ, թե հիմա մի բան կանեն: Ի՞նչ պիտի անեն` այդքան միլիոններ են ծախսել  «Դիազոն ՄՌ»  համար, հո ջուրը չեն քցի, եթե հրաժարվեն այդ դեղից, նշանակում է, իրենք ընդունում են իրենց սխալը, եւ պետական միջոցները փոշիացրել են: Այնպես, որ  վստահ եմ, նախարարությունը ոչինչ էլ չի անի»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930