Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյանը հակադարձում է Ռոբերտ Քոչարյանին

Ապրիլ 24,2014 20:16

Օրերս երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2-rd.am-ի հետ զրույցում Սահմանադրական բարեփոխումների հետ կապված ասել էր, որ «Բարեփոխման նախաձեռնությունը բխում է բացառապես իշխանություններից, հնչած բացատրությունները համոզիչ չեն, ծայրահեղ հեղհեղուկ են, ինչը և առաջարկվող փոփոխությունների իրական նպատակների վերաբերյալ լուրջ կասկածներ է առաջացրել հասարակության մեջ»:

Նա նաեւ նշել էր, թե «Սահմանադրական փոփոխությունների հասունացած սպասում հասարակական տրամադրությունների մեջ հաստատ չկա», մինչդեռ 2005-ին, երբ ինքը փոխում էր, պահանջ կար:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հակադարձեց երկրորդ նախագահին. «Ես չեմ կարծում, որ հանրությունը երբեւէ սպասել է սահմանադրական փոփոխություններին: Այլ հարց է, որ քաղաքական ուժերն են հանրությանը հրամցնում այդ քաղաքական անհրաժեշտությունը: Այդպես է եղել ե՛ւ 1995-ին Սահմանադրության ընդունման ժամանակ,այդպես եղավ ե՛ւ 2005-ին: Այսինքն, քաղաքական հիմնական դերակատարներն են դրդում, որ փոփոխություններն անհրաժեշտ են: 2007-2008-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, եթե իմ հիշողությունը չի դավաճանում, քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը՝ թե՛ Ժառանգություն, թե՛ ԲՀԿ-ն, թե՛ ՀՅԴ-ն, խոսում էին նմանատիպ բարեփոխումների մասին, ընդ որում, ակցենտավորելով խորհրդարանական կառավարման անցնելու մոդելը: Հիմա ես ճիշտն ասած, մի քիչ վիճահարույց եմ համարում այն պնդումը, թե դա երբեւէ որեւէ մեկի կողմից չի կարեւորվել: Ինձ համար անհասկանալի է, որ ԲՀԿ ներկայացուցիչներն էլ են ասում, որ դրա անհրաժեշտությունը չկա: Ընդ որում, հենց նրանք էին, որ ժամանակին հանդես էին գալիս 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու, այդ հանգամանքը սահմանադրորեն ամրագրելու անհրաժեշտությանը եւ խորհրդարանական հանրապետական կառավարման մոդելին անցնելու անհրաժեշտությանը: Շատերը խոսում էին, որ այդ կերպ մենք հնարավորություն կունենանք նաեւ հանրային կյանքում կուսակցությունների դերակատարումը բարձրացնել, բազմակուսակցականության ռեալ հնարավորություն եւ այլն: Այսինքն, եղել են այդ պահանջները: Ինքը՝ շարքային քաղաքացին երբեք չի հասկանա՝ երբ պետք է Սահմանադրություն փոխել: Ցավոք սրտի, դա է իրականությունը: Բացի ՀՀԿ-ից, քաղաքական ակտիվ դերակատարում ունեցող մնացած կուսակցությունները՝ ՀԱԿ, Ժառանգություն, Դաշնակցություն, ԲՀԿ, խոսում էին սահմանադրական անհրաժեշտ բարեփոխումների մասին, ընդ որում՝ կառավարման խորհրդարանական մոդելին անցնելու համատեքստում: Սա ժամանակին ոնց որ թե դարձել էր հիմնական հարցը: Դրանով էր պայմանավորված, որ ՍԵրժ Սարգսյանը երկրորդ անգամ վերընտրվելուց այս հարցը համարելով հիմնական քաղաքական խաղացողների նախընտրական պահանջ, փորձեց ձեւավորել կառույց, որը կարող է ուսումնասիրել հնարավոր փոփոխությունները: Ընդ որում, շրջանառության մեջ է դրված հայեցակարգ, մոտեցում, որը պետք է քննարկվի, կարելի է նաեւ մերժել»:

Խոսրով Հարությունյանն ասաց, որ ինքն անձամբ կողմնակից է եւ այն ժամանակ էլ միշտ կողմնակից է եղել կիսանախագահական համակարգին. «Մեր կուսակցությունները դեռեւս, որպես հանրային կյանքի կառավարման պատասխանատուներ դեռ չեն կայացել, որ ստանձնեն պետական կառավարման ողջ պատասխանատվությունը: Այսօր մեր հանրության լավագույն ներուժը մտավոր, ցավոք սրտի, կուսակցություններում չէ: Այնպես որ, պետական կառավարման ղեկը փոխանցել ոչ լիարժեք կայացման մակարդակում գտնվող քաղաքական կառույցներին, այն էլ՝ խորհրդարանական կոլեկտիվի՝ անպատասխանատվության էլեմենտներ պարունակող մի կառույցի, այն դեպքում, երբ մեզանում լուրջ քաղաքական ավանդույթներ էլ դեռ չեն ձեւավորվել, ես մտահոգիչ եմ համարում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930