Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայրենիքը չեմ կարող կաղապարի մեջ դնել»

Ապրիլ 25,2014 14:48

Աստվածաբանը, որ պոետ է, ու արձակ բանաստեղծություն է «երկնում»

Աստվածաբանությունը հոգեւոր գործունեություն չէ, հոգեւորի իմացության բարձր աստիճան է: Եվ հաճախ այդ իմացությունը դրսեւորվում է արվեստի ու գրականության ոլորտում: Մասնագիտությամբ աստվածաբան Դավիթ Սամվելյանը համեմատաբար նոր անուն է գրական դաշտում: Նրա բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Լուսե երազ», հրատարակվել է 2010թ.: Օրերս էլ ընթերցողը կծանոթանա ստեղծագործողի «Նա եւ Նրա» գրքին:

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Դավիթ Սամվելյանը «ուրվագծելով» նոր գիրքը, ասաց, որ այն նվիրում է նրանց, ովքեր դարձել են անանուն եւ այլեւս «նա» են, ում մասին խոսելիս միշտ ասվում է՝ «նրա»… Ասաց նաեւ, որ առաջին գիրքը նվիրել է մտերիմներին, գրադարաններին, իսկ երկրորդը ցանկություն ունի վաճառել, ստացած հասույթն էլ փոխանցել որեւէ մանկատան:

Հետաքրքրությանը, թե ովքե՞ր են գրքերի հովանավորները, գրողը հայտնեց, թե հրատարակման աշխատանքների հետ կապված խնդիր չի ունենում. ամեն ինչ արվում է իրեն բարի կամեցողների միջոցով, օրինակ, տեխնիկական հարցերով աջակցում է սարկավագ Էդվարդ Սեփանյանը, «Նա եւ Նրա» նոր գրքի մեկենասն էլ Իրաքից է՝ Ժիրայր Ներսէսէանը, որը մեր զրուցակցի խոսքերով՝ իսկական արվեստը գնահատող անձնավորություն է:

Իսկ թե ժամանակին Վազգենյան դպրանոցի հոգեւոր դաստիարակը ինչո՞ւ հեռացավ այդ օջախից եւ ի՞նչը դրդեց ձեռքը վերցնել գրիչը, մեր զրուցակիցը շրջանցելով հարցը՝ պատասխանեց. «Մինչեւ առաջին գրքիս հրատարակումը, համացանցում բլոգ ունեի, որտեղ տեղադրում էի բանաստեղծություններս: Տեսա, որ դրանք հետաքրքրում են մարդկանց եւ, որ ամենակարեւորն է, սկսվեց դրական կարծիքների տարափ… Որոշ ժամանակ անց էլ ինձ համար վերջնականապես պարզեցի, որ գիրքը պետք է անհատներին, ինչն էլ առիթ դարձավ հրատարակելու բանաստեղծություններիս առաջին ժողովածուն: Յուրաքանչյուր ոք ցանկացած գրվածքի հանդեպ ունի սուբյեկտիվ կարծիք: Ես երբեք որակումներ չեմ տալիս այս կամ այն գրողին կամ նրանց ստեղծագործություններին: Գիրքը կամ դառնում է իմը, կամ՝ ոչ: Օրինակ, գուցե վիճելի է, բայց հայերեն ընթերցելով Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» երկը, հասկացա, որ այն գեղարվեստական առումով ինձ ոչինչ չտվեց: Ուղղակի դա հարիր չէր իմ մտածելակերպին…»:

Ռեպլիկին, թե իր ստեղծագործությունների կիզակետում սերն է, ինչն էլ բոլոր ժամանակներում ձգում է ընթերցողին, Դավիթ Սամվելյանը նշեց, թե ինքը գրում է ոչ թե սիրո մասին, այլ զգացմունքների, հետո էլ հավելեց. «Հաճախ ինձ ասում են, թե ինչու չեմ գրում տողեր՝ հայրենիքին նվիրված: Դրա պատասխանը հակիրճ է՝ հայրենիք հասկացությունը չեմ ուզում ու չեմ կարող կաղապարի մեջ դնել: Օրինակ, երբ ընդամենը մի քանի օրով բացակայում եմ Հայաստանից, շունչս պարզապես կտրվում է…»:

Արվեստագետին փոխանցեցինք որոշ կոլեգաների՝ իր մասին հայտնած միտքը, թե Սամվելյանի մոտ հիանալի արձակ «միտք» կա, ինչն արտահայտվում է բանաստեղծությունների միջոցով: Գրողը հիշեց, որ երբ ժամանակին իր բանաստեղծությունները ներկայացրել է մրցույթի, իրեն ասել են, որ դրանք չեն «տեղավորվում» ոչ մի անվանակարգում, քանի որ իր ժանրը արձակ բանաստեղծությունն է: Գրական որոշ շրջանակներում ձեւավորված կարծիքին, թե Սամվելյանը ռոմանտիկ անձնավորություն է, գրողը հայտնեց, որ եթե ռոմանտիզմի հիմքը համարենք գեղեցկությունն է, ապա ինքը մինչ օրս լուսանկարում է բնության տեսարաններ: «Իմ լուսանկարներում մարդիկ չկան, որովհետեւ իմ համոզմամբ՝ վաղուց մարդը հեռացել է բնությունից ու ապրում է զուտ հաճույքներ վայելելու ձգտումով»,- ասաց Դավիթ Սամվելյանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930