Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Վիեննայում

Ապրիլ 25,2014 22:38

Ապրիլի 23-25-ին Վիեննայում տեղի ունեցան Հայոց Մեծ Եղեռնի 99-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներ:

Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնած Հիշատակի կենտրոնական միջոցառումը տեղի ունեցավ Վիեննայի կենտրոնում գտնվող Հին քաղաքապետարանի հանդիսությունների դահլիճում:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Ավստրիայում Հայաստանի դեսպան, Արման Կիրակոսյանը, ով իր խոսքում, մասնավորապես, անդրադարձավ Հայոց ցեղասպանության վերաբերյալ միջազգային արձագանքներին, ցեղասպանության հետևանքների հաղթահարման, արդարության վերականգնման, Հայոց Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման խնդիրներին:

Ցեղասպանության խնդրի շուրջ ելույթներով հանդես եկան Ավստրիայի կոալիցիոն կառավարությունը ձևավորած սոցիալ-դեմոկրատական և ժողովրդական կուսակցությունների, խորհրդարանում ներկայացված 4 գլխավոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ Ավստրիայի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնային խորհրդի անդամ, ԵԽԽՎ Ավստրիայի պատվիրակության անդամ, Դաշնային խորհրդի Եվրոպական Միության հարցերով խոսնակ դոկտոր Շտեֆան Շեննախը, Վիեննայի քաղաքապետարանի 2-րդ նախագահ, Ավստրիայի ազատական կուսակցության անդամ Յոհանն Հերցոգը, Վիեննայի քաղաքապետարանի անդամ, Ավստրիայի Կանաչների կուսակցության անդամ Սենոլ Ակկիլիչը: Բանախոսները հորդորեցին ավստրիական իշխանություններին և խորհրդարանի զույգ պալատներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դրանով իսկ սեփական նպաստը բերել երկու ժողովուրդների հաշտեցման գործին:

Հայոց ցեղասպանության խնդրի առնչությամբ հիմնական զեկույցով հանդես եկավ Ավստրիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային խորհրդի նախկին երկրորդ նախագահ, ներկայումս Իննսբրուկի համալսարանի քաղաքագիտության ինստիտուտի պրոֆեսոր, դոկտոր, Մարդու իրավունքների լիգայի անդամ Հայնրիխ Նայսերը: Նայսերը, մասնավորապես, նշեց, որ «Եվրոպական Միության համար, որը հանդես է գալիս հանուն մարդու իրավունքների պաշտպանության, Հայոց ցեղասպանության ճանաչումը լավագույն փորձաքարը կարող է հանդիսանալ: Դա այլ բան չէ, քան փաստական իրականության պարզ ճանաչում: Հատկապես սփյուռքում ապրող հայերի համար ինքնության հարցը կարևորագույն խնդիր է: Մշտապես արծարծվող եվրոպական ինքնությունը միայն այն ժամանակ կարող է հնարավոր դառնալ, երբ համաձայնություն է առկա Եվրոպայի պատմության հարցում: Այլապես ճակատագրական սխալ կլինի կարծել, թե այլևս չեն կարող ցեղասպանություններ տեղի ունենալ: Վերջին ժամանակների ցեղասպանությունները, մասնավորապես Աֆրիկայում, ասվածի ապացույցն են»:

Այնուհետև տեղի ունեցավ միջոցառման համերգային մասը, որի շրջանակներում Կոմիտասի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների կատարմամբ հանդես եկան Ավստրիայի Գրաց քաղաքում հիմնված լարային քառյակը (Միխայլո Զախարով, Վոլոդիմիր Շխուր, Գայանե Միրզոյան և Յուդիթ Պապ կազմով) և տաղանդավոր դաշնակահարուհի Նարե Արղամանյանը:

190.Genocide-commemoration-events-in-Vienna-25.04

Միջոցառմանը ներկա էին Ավստրիայի կառավարական շրջանների, մասնավորապես՝ Ավստրիայի արտաքին գերատեսչության պաշտոնատարներ, այդ թվում՝ Հայաստանում Ավստրիայի դեսպան դոկտոր Ալոիս Կրաուտը, պատգամավորներ, Վիեննայի քաղաքային իշխանությունների և քաղաքային խորհրդարանի անդամներ, Վիեննայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, դիվանագետներ, մտավորականներ, լրագրողներ, ավստրահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

Հայոց Ցեղասպանության 99-ամյա հոբելյանի շրջանակներում Վիեննայում տեղի ունեցան նաև այլ միջոցառումներ:

190.1.Genocide-commemoration-events-in-Vienna-25.04

Ապրիլի 23-ի երեկոյան Վիեննա քաղաքի 6-րդ՝ Մարիահիլֆ շրջանի թաղապետարանի հանդիսությունների սրահում կազմակերպվեց դասախոսություն «Անատոլիա և Հայ մշայութային հետքեր» խորագրով (բանախոս` Թուրքիայում լույս տեսնող ԱԿՈՍ օրաթերթի խմբագրակազմի անդամ Զաքարիա Միլտանօղլու): Դասախոսությունը ուղեկցվում էր երաժշտական կատարումներով և Թուրքիայում հայկական բնակավայրերի լուսանկարների ցուցադրությամբ:

Ապրիլի 24-ի ցերեկը Վիեննայի 3-րդ թաղամասում գտնվող հայ առաքելական Սուրբ Հռիփսիմե եկեղեցում մատուցվեց հոգեհանգստյան պաշտոն` ի հիշատակ Հայոց Մեծ Եղեռնի զոհերի: Պատարագը մատուցեց Կենտրոնական Եվրոպայում և Սկանդինավիայում Հայ Առաքելական եկեղեցու հայրապետական պատվիրակ Տիրան վարդապետ Պետրոսյանը: Պատարագի ավարտին` Ավստրիայում Հայաստանի դեսպանության և Վիեննայի հայկական կազմակերպությունների կողմից ծաղկեպսակներ դրվեցին եկեղեցու բակում վեր խոյացող Հայոց Մեծ Եղեռնի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Ապրիլի 23-ին և 24-ին Ավստրիայի Հայ Առաքելական եկեղեցական համայնքի վարչության, ավստրահայ կազմակերպությունների կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու պահանջագիր-նամակ փոխանցվեց Ավստրիայի կառավարական շրջաններին, ավստրիացի պատգամավորներին, հասարակական-քաղաքական և լրատվական շրջանների ներկայացուցիչներին: Նամակին կից հասցեատերերին փոխանցվեց Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը՝ Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող հատուկ փաթեթավորմամբ:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930