Լրահոս
Օրվա լրահոսը

«Վալոդը» եւ տապանաքարը՝ Ազգային ժողովում (Տեսանյութ)

Ապրիլ 30,2014 17:13

Այսօր կառավարության հետ հարցուպատասխանը սկսվելուց առաջ Գալուստ Սահակյանը բոլոր պատգամավորների անունից շնորհավորեց նորանշանակ կառավարությանը:

Դրան ընդդիմացավ հարցով հանդես եկած պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, շեշտելով, որ ինքը չի՛ շնորհավորում կառավարությանը: Նրա հարցը վերաբերում էր երթեւեկության կանոնների նվազ վտանգավոր խախտումների համար տուգանքների նվազեցմանը՝ նա հետաքրքրվում էր, թե ե՞րբ եւ որքա՞ն արագ օրենքի փոփոխություններ կընդունվեն, քանի որ «արագաչափերի աբսուրդ գործունեության արդյունքում ՀՀ քաղաքացիները հսկայական, անհամաչափ բեռի տակ են հայտնվել»: Պատասխանողը՝ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը հարցին ի պատասխան ասաց, որ հանձնաժողով է ստեղծվել այդ հարցով եւ տուգանքների համաչափության վերաբերյալ ուսումնասիրություններ են ընթանում: Նա շեշտեց, որ այդ հարցը շտապողականություն չի ընդունում, չի կարելի հիմա արագ ինչ-որ բան փոխել, հետո աշնանը գալ եւ ասել, որ սխալ հաշվարկ են արել եւ պետք է վերանայել:

Ապա անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի չշնորհավորելուն: Հիշեցրեց անեկդոտը, ըստ որի տապանաքարի վրա գրված է լինում «ի հիշատակ բոլորից, բացի Վալոդից», եւ նշեց՝ «որ չասեիք էլ, մենք գիտեինք, որ չեք շնորհավորում»:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նախ հակադարձեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, որը մինչ այդ նկատողություն էր արել Փաշինյանին, թե հայ ազգը հյուրերին ջերմությամբ է ընդունում եւ խոստացավ, որ հաջորդ անգամ կառավարությանը ավելի մեծ ջերմությամբ կընդունի, այսօր առաջին օրն է այս կառավարության, դրա համար թույլ ջերմությամբ է ընդունում, հետո ավելի ուժգին ջերմությամբ կընդունի: Դա Գալուստ Սահակյանը ընդունեց որպես «որակյալ պատասխան»:

Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը շարունակեց պատասխանել Հրայր Թովմասյանին եւ հույս հայտնեց, որ իրենց կառավարությունում Վալոդ անունով նախարարներ կնշանակվեն, եւ ասաց, որ իր տեղեկություններով Վալոդը նշանակվելու է հե՛նց Հրայր Թովմասյանի տեղը:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930