Լրահոս
Օրվա լրահոսը

«Բյուրեղավանի գիշերօթիկի երեխաների ինքնագնահատականն ու հոգեկան աշխարհը հաստատ խաթարվել է»

Մայիս 05,2014 22:43

Օրերս «Բյուրեղավանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատության» տնօրեն Գայանե Մարգարյանն ազատվեց աշխատանքից, իսկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանին հայտարարվեց խիստ նկատողություն: Այս երկու, կարելի է ասել` մեղմ պատժից հետո, հասարակության շրջանում կրքերը հանդարտվեցին, սակայն դժվար է ասել, թե միայն տնօրեն հեռացնելով, կամ վարչության պետին նկատողություն անելով, որքանով կվերկանգնվի գիշերօթիկի բազմաթիվ սաների հոգեկան աշխարհը` պարբերաբար բռնության ենթարկվելուց հետո:

Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը, որը նաեւ աշխատանքային մեծ փորձ ունի մանկավարժության բնագավառում, կարծիք հայտնեց, որ անխուսափելի է այդ երեխաների վրա հոգեբանական բացասական ազդեցություն չթողնի գիշերօթիկի մթնոլորտը. «Այն մթնոլորտը, որտեղ մեծանում են այդ երեխաները, բոլորովին չի նպաստում նրանց անհատականության ձեւավորմանը, նրանց նորմալ կրթությանը, նրանց դաստիրակությանը: Ի վերջո սահմանված արժեքային այն համակարգը, որը պետք է դրվի մեր ապագա քաղաքացու մեջ այդ կրթօջախում` թե ինչ արժեքներով պետք է մեծանան երեխաները, հաստատ խաթարված է: Բացի նրանից, որ երեխաների իրավունքներն են խաթարվել այնտեղ, նրանց նկատմամբ վերաբերմունքի արդյունքում երեխաների ինքնագնահատականն է խաթարված, իրենք չեն կարող լինել այն անհատականությունը, որը նորմալ արդարամիտ կրթության մթնոլորտում կստանային: Եւ ասել` ընդամենը ծեծել են, դա շատ քիչ է, որովհետեւ այդ մթնոլորտում ձեւավորովել է մարդ, որը բռնության է ենթարկվել, իսկ մանկությունում բռնության ենթարկվածները իրենք էլ հետագայում հնարավոր է մեկ այլ մարդու բռնության ենթարկեն, մանուկ հասակում բռնության ենթարկվելն անպայման մի տեղ բացասաբար արտահայտվում է»:

Տիկին Բախշյանի խոսքերով` այդպիսի անտարբեր անհոգի մարդիկ, որոնք հեշտությամբ, հատկապես սոցիալապես անապահով, դժվար կացության մեջ գտնվող, ընտանիք չունեցող երեխաների հետ այդկերպ են վարվում, նշանակում է նույն անհոգի ու անտարբեր վերաբերմունքն ունեն պետականության նկատառմամբ. «Եւ վստահություն, որ իրենք որպես պետական պաշտոնյա այսուհետ լավ կաշխատեն, այդ վստահության պաշարը սպառվել է: Հետեւաբար չի կարելի այդ մարդկանց վստահել: Դժվար, խոցելի խավի նկատմամբ վերաբերմունքը ու ընդամենն աշխատանքից ազատվելով ու նկատողություն ստանալով, իրենց վրայից հեշտությամբ գցում են պատասխանատվությունը, որոշ մարդիկ էլ ձեռքերն են տաքացնում երեխաների հաշվին»:

Տիկին Բախշյանը նաեւ հորդորեց պետական պաշտոնյաններին մանրակրկիտ ուսումնասիրություն կատարել ոլորտում, քանի որ կասկածելի երեւույթներ, ըստ «Ժառանգության» անդամի, շատ են. «Կարող եմ կասկածի տակ դնել այն հարաբերութուններն ու իրավիճակը կապված սոցապ նախարարության հետ, այնպես, ինչպես փոխնախարար Բերիկյանը, ինքս եմ տեսել հեռուստացույցով, ինչպես էր թեւերը փռած պաշտպանում գիշերօթիկի այդ տնօրենին, եւ դրանցի ելնելով, իրավունք ունեմ եզրակացնել, որ այդտեղ ամեն ինչ մաքուր չէ եւ պատահական չէ, որ փոխնախարարը ջանասիրությամբ պաշտպանում էր այդ տնօրենին»:
Բացի այս, Անահիտ Բախշյանը մեկ այլ հանգամանքի վրա էլ ուշադրություն հրավիրեց, մասնավորապես տարիներ առաջ տեղի ունեցած, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցած չարաշահումներին. «Այն մարդիկ, ովքեր օրերս նկատողություն ստացան, թող համապատասխան մարմինները նրանց գործունեությունը փորփրեն մանկատան շրջանավարտներին բնակարաններով ապահովելու ծրագրի ոլորտում: Այդ ծրագիրը տապալվեց մինչեւ վերջ, այդ ծրագրում չարաշահումները բացահայտել էր Վերահսկիչ պալատը, պետական գնումների հետ կապված, որոշ մեղավոր ընկերություններ բացահայտվեցին, բայց այն պաշտոնյանները, որոնք այդ ծրագրի քաղաքականությունն իրականացնողն են, պատասխանատուներն են, հաստատ նրանց թողտվությամբ, լռելյայն համաձայնությամբ ու հովանավորությամբ ծրագիրը մինչեւ վերջ տապալվեց, ինչի համար ոչ ոք պատասխանատվություն չկրեց որպես պետական պաշտոնյա»:

Հիշեցնենք, որ Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի մի խումբ աշխատակիցներ բաց նամակ էին տարածել, որ կրթօջախում երեխաների նկատմամբ բռնություն է գործադրվում, ֆինանսական ապօրինություններ են տեղի ունենում, իսկ գիշերօթիկի արդեն նախկին տնօրեն Գայանե Մարգարյանն իր պաշտոնեական դիրքն էր չարաշահում եւ օգտվում որոշ պաշտոնյանների հովանավորչությունից: Մարդու իրավունքների գրասենյակն էլ այցելել էր գիշերօթիկ եւ աղմկահարույց փաստեր բացահայտել ու հրապարակել: Նշենք, նաեւ, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարսենիկ says:

    Հարգելի տիկին Բախշյան, քաջատեղյակ լինելով երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների գործունեությանը, հավաստիացնում եմ որ վերոնշյալ նյութում թվարկված անձանց հետ (Ֆիլարետ Բերիկյան և Լալա Ղազարյան) անձամբ եմ շփվել՝ երբ 2 տարի առաջ ընդամենը 1 տարի ժամկետով աշխատեցի նմանատիպ գիշերօթիկ հաստատությունում, որպես տնօրեն: Ցավ եմ ապրում, երբ մարդկային բարձր արժեքներ ունեցող մարդկանց մասին այդպիսի կարծիք եք հայտնում, աշխատանքային գործունեությանս ընթացքում ուղղորդվել եմ նրանց խորհուրդներով և չեմ սխալվել, ուղղակի Հայաստանում չգիտես ինչու, երբ նախարարը փոխվում է, անմիջապես <> տնօրեններին ազատում են աշխատանքից՝ պատճառաբանելով թե լրացել է պայմանագրի ժամկետը: Առիթից օգտվելով ուղզում եմ իմ անսահման շնորհակալությունը հայտնել պարոն Ֆ. Բերիկյանին, Լալա Ղազարյանին և իհարկե տիկին Ղազարյանի կողմից ղեկավարվող վարչության բոլոր աղջիկներին ու կանանց: Ես Ձեզ շաաաաաաաաաաաատ սիրում եմ և անսահման ուրախ եմ, որ առիթ եմ ունեցել շփվելու Ձեր հետ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031