Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ-ն ու Հայաստանը հայտնվել են համաշխարհային քաղաքակրթության ճամփեզրին

Մայիս 13,2014 14:50

Ըստ Կարեն Օհանջանյանի` 1994 թվականի մայիսի 12-ին հաստատված զինադադարը «մեր հաղթանակի ստատուս քվոյի օրն է»

– Պարոն Օհանջանյան, Կալիֆոռնիայի խորհրդարանը ընդունեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչող բանաձեւը` 70 կողմ, 1 դեմ ձայներով: Այս` պատմական գնահատվող քայլն ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում սառը ընդունվեց՝ այն դեպքում, երբ ընդամենը երկու ամիս առաջ Ղրիմը երբ ՌԴ-ի կազմում ընդգրկելու մասին համաձայնագիր ստորագրեց, նույն օրը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տոնական մեծ համերգ անցկացվեց` նվիրված «Ղրիմի ժողովրդի ինքնորոշմանը»:

– Ես չէի ուզենա Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչող Կալիֆոռնիայի խորհրդարանի ընդունած բանաձեւը բնորոշել որպես մի իրադարձություն, որը չի ցնցել ղարաբաղցիների զգացողությունները: Այդ որոշման մասին տեղեկությունը համընկավ Հաղթանակի օրվա հետ, որն ամբողջ հայության համար մեծ նշանակություն ունեցող` ազատության եւ արժանապատվության ոգու վերածննդի օր է, որը, ցավոք, երկրի ներկայիս ղեկավարության կողմից նսեմացվում է մարդկային բոլոր չափորոշիչներով: Արտաքին քաղաքականություն ձեւավորելու եւ արտաքին մարտահրավերներին ադեկվատ կերպով արձագանքելու ոչ բավարար կոմպետենտությունը ԼՂՀ-ում արտաքին քաղաքականություն ձեւավորողների կողմից հենց պատճառ է հանդիսանում, որ Միացյալ Նահանգների հզոր նահանգի կողմից ԼՂՀ-ի ճանաչումը մնա չգնահատված Ղարաբաղի ժողովրդի կողմից, մի ժողովուրդ, որն իշխանության շնորհիվ առավելապես մտածում է օրվա հացի խնդրի մասին: Ինչ վերաբերում է Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնի կողմից ճանաչման փաստին, ապա դա համայն հայության ամենալուրջն արդյունքն է եւ, նախեւառաջ, հայկական սփյուռքի ջանքերն էին ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ:

– ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Լեռնային Ղարաբաղ. Կարգավորման ուղիներ» թեմայով ելույթ ունեցավ «Քարնեգի» հիմնադրամում: Զինադադարի քսանամյակի նախաշեմին նման ելույթը նախ ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ նպատակ էր հետապնդում:

– Դեսպան Ուորլիքի ելույթը «Քարնեգի» հիմնադրամում, իմ կարծիքով, հայտնի իրողություն է: Նրա բերանով ամերիկացի պաշտոնատար անձինք ուկրաինական ճգնաժամի ներքո եւ դրան հետեւած իրադարձություններին` Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման ֆոնին, փորձեցին հնչեցնել ԱՄՆ մտադրությունը, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորումը ԱՄՆ հետաքրքրություններում առաջին պլան է մղվել: Հայտնի է, թե ինչ դեր ու նշանակություն ունի Ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանը միջազգային հանրության համար ներկայիս մարտահրավերների լույսի ներքո՝ սկսած Եվրոպական միության երկրներին ածխաջրածնային այլընտրանքային ռեսուրսների մատակարարման հարցից, վերջացրած հաղորդակցության հնարավորություններով, որոնք առաջնահերթ հարցեր են ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների համար: Միջազգային ասպարեզում Ռուսաստանի անկանխատեսելի պահվածքի ֆոնին ԱՄՆ-ը շեշտադրում է Ղարաբաղյան կարգավորման հարցը՝ դրանով իսկ փորձելով նվազեցնել Ռուսաստանի կողմից հնարավոր սադրանքները այս տարածաշրջանում, իսկ միջազգային հանրության կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պայմաններում նման պահվածքը միանգամայն հնարավոր է ապագայում:

– Պարոն Օհանջանյան, Ուորլիքը ներկայացրեց բանակցությունների սեղանին գտնվող կարգավորման վերջին սկզբունքները, որոնց շուրջ ընթացել են բանակցություններ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահները` Օբաման, Մեդվեդեւը եւ Սարկոզին, 2009թ. հիմնվել են այդ սկզբունքների վրա: Ի՞նչն է պատճառը, որ ամերիկացի համանախագահի ելույթը այդպես բուռն ընդունվեց Հայաստանում, իսկ Ստեփանակերտը` ԼՂՀ ԱԳՆ-ն, փաստորեն, մերժեց Ջեյմս Ուորլիքի ներկայացրած այդ վեց կետերը: Այսինքն` պաշտոնական Ստեփանակերտը մերժո՞ւմ է այն սկզբունքները, որոնց շուրջ մի քանի տարի բանակցել ու բանակցում են Հայաստանի իշխանությունները:

– Հարկ է նշել, որ պաշտոնական Ստեփանակերտը փաստացի 1998 թվականից չի մասնակցում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին եւ տեղեկացված չէ բանակցությունների մանրամասներին: Նույնիսկ ԼՂ ղեկավարության եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումներն ու բանակցությունները թույլ չեն տալիս պատկերացում կազմել այն աշխատանքների մասին, որոնք իրականում տարվում են համանախագահողների, նախագահների եւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանատուների կողմից:
Իրականում մեծ աշխատանք է տարվում, եւ պարոն Ուորլիքը ինչ-որ թեզեր առաջ քաշելով՝ հիմնվում է բանակցային գործընթացում ձեռք բերված որոշակի արդյունքների վրա: Այլ հարց է, որ յուրաքանչյուր կողմ այս կամ այն հարցում որոշակի առաջընթացի հասնելով ունի իր մեկնաբանությունները: Հենց դա էլ հանդիսանում է ամենաբարդ պահը, որը ցանկացած պահի ձեռք բերված արդյունքները կարող է կրկին նետել քննարկումների փուլ: Կարծում եմ, որ այդ բոլոր սկզբունքները, որոնց շուրջ ձեւավորվել է միահամուռ մերժումը մեր հասարակությունների կողմից, մշտապես բանակցությունների հիմք են հանդիսացել: Չեն կարող բանակցություններ լինել առանց այն թեմաների քննարկման, որոնք հուզում են հակառակ կողմին: Մենք պետք է լսենք միմյանց եւ փորձենք հասկանալ միմյանց փաստարկները: Հաղթում է նա, ում դիվանագիտությունը եւ ազգի բարոյական ոգին բարձր մակարդակի վրա են գտնվում:

Կարծում եմ՝ ժամանակն է, որպեսզի բանակցային գործընթացին միանան ԼՂՀ իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչները: Այդ համատեքստում ԼՂՀ-ն պետք է նախապատրաստի բանակցողների մի ամբողջ խումբ, որի կարողությունները կհամապատասխանեին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող կարգավորման գործընթացին միանալու համար անհրաժեշտ մակարդակին:

– Արդեն լրացավ զինադադարի կնքման 20-ամյակը: Ձեր կարծիքով՝ ստատուս քվոյի պահպանման պայմաններում հայկական կողմը ի՞նչ ձեռքբերումներ է ունեցել եւ ի՞նչ կորուստներ:

– 1994 թվականի մայիսի 12-ը ես համարում եմ ողջ հայության պատմության ամենանշանակալի իրադարձությունը, այդ օրը ամրագրվեցին մեր հաղթանակները Ադրբեջանի սանձազերծած պատերազմում: Դա մեր հաղթանակի ստատուս քվոյի օրն է: Մենք կարողացանք ոչ միայն հաղթել, այլեւ պահպանել մեր Հայրենիքի ստեղծման համար հազարավոր կյանքեր: Բայց ինչպե՞ս մենք օգտվեցինք այդ հաղթանակից: Մարդկային չափորոշիչների ցուցիչներով՝ ինչպես ԼՂՀ-ն, այնպես էլ Հայաստանը հայտնվել են համաշխարհային քաղաքակրթության ճամփեզրին: Նման իրավիճակի շարունակությունը, որտեղ բացակայում է օրենքի գերակայությունը բոլորի համար, ժողովրդավարական զարգացման կառուցման, ազատական տնտեսության գործունեության իրական առաջընթացի բացակայություն է, վաղ թե ուշ կհանգեցնի պարտության: Այդ պատճառով 1994 թվականի մայիսի 12-ը մեզ բոլորիս կոչ է անում անել հնարավորը, որպեսզի Ազատության համար կրած մեր կորուստները իզուր չլինեն եւ կշտամբանքի թեմա չդառնան բոլոր հայերի համար:

– Հայաստանում նոր կառավարություն ձեւավորվեց: Ձեր կարծիքով՝ նոր կառավարությունը կկարողանա՞ Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքում դրական փոփոխություններ իրականացնել։

– Իմ կարծիքով՝ ներկայիս կառավարությունը ուղղակի պարտավոր է իրավիճակը փոխել, հակառակ դեպքում Հայաստանին սպասվում են մռայլ ժամանակներ: Սուբյեկտիվորեն գնահատելով՝ զգում եմ, որ նոր վարչապետը կարող է փոխել իրավիճակը, մանավանդ, որ նրա աշխատակազմում է այնպիսի ինտելեկտուալ եւ պրոֆեսիոնալ` ինչպես կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն է: Կարծում եմ՝ նախորդ կառավարության գործունեությունը, որը մեղավոր է տոտալ աղքատացման եւ Հայաստանի բնակչության մասսայական լքելու համար, պետք է մանրակրկիտ քննվի ինչպես պետական, այնպես էլ հասարակական կազմակերպությունների կողմից, իսկ նախկին վարչապետը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի՝ երկրի տնտեսությունը քանդելու, կոռուպցիայի եւ իշխանությունը չարաշահելու համար: Նման մոտեցումը թույլ կտար վերականգնել ժողովրդի հավատը իշխանությունների նկատմամբ եւ համախմբել ժողովրդին Հայաստանի առջեւ ծառացած կարեւոր խնդիրների լուծման շուրջ:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031