Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցցանցերը քանդում են տաբուները

Մայիս 14,2014 13:45

«Այլասերումը մեր շարքերում կսկսվի սափրվելուց»,- իր ընկերներին զգուշացնում է Ստեպան Սունդուկովը` «3+2» ֆիլմի, իմ կարծիքով, բոլոր ժամանակների լավագույն կինոկատակերգության հերոսը: Սունդուկովը գիտակցում է` երբ տղաները խախտեն չսափրվելու տաբուն, նրանք կխախտեն նաեւ մյուսները: Բոլոր տեսակի բռնապետությունների, ավտորիտար ռեժիմների կամ նույնիսկ միանգամայն նորմալ պետություններում սահմանափակումների վերջը կդրվի սոցիալական ցանցերում:
Լա՞վ է դա, թե՞ վատ: Իմ տարիքի մարդիկ սովորաբար հակված են սոցցանցերի առիթով փնթփնթոցներին` այդ ի՜նչ խայտառակություն է, ոչ մի պատասխանատվություն, ոչ մի բարոյական արգելք եւ այլն, եւ այլն: Իհարկե, այդ ամենը կա: Բայց կան նաեւ հսկայական առավելություններ, որոնցից ամենակարեւորն այն է, որ կառավարություններին գնալով ավելի ու ավելի դժվար կլինի որեւէ բան թաքցնել քաղաքացիներից կամ որեւէ բան փաթաթել նրանց վզին: Հենց այդ պատճառով Ռուսաստանի կամ Ուզբեկստանի նման երկրներում մտմտում են սեփական համացանցը ստեղծելու գաղափարի շուրջ:
Պարզ օրինակ. արդյոք հնարավո՞ր կլիներ պարտադիր կուտակայինի դեմ շարժման՝ թեկուզ հարաբերական հաջողությունը, եթե չլինեին սոցցանցերը եւ կայքերը, իսկ դրանց ազդեցության տակ նաեւ` քիչ թե շատ «ազատականացված» մյուս լրատվամիջոցները` մրցակցության պայմաններում հնարավոր չէ լռել այն մասին, ինչն այսօր հրատապ թեմա է հանդիսանում: Կարող ենք նույնիսկ մի կողմ դնել այն, թե ով է այստեղ ճիշտ կամ սխալ, կարեւոր է, որ խնդիրն ազատորեն քննարկելու բազմաթիվ հարթակներ կան:
Իրանի երիտասարդ կանայք ակցիա են սկսել հիջաբի (գլխաշորի) դեմ: Որտե՞ղ էին նրանք կարող տեղադրել իրենց լուսանկարներն առանց գլխաշորի: Բնականաբար` «Ֆեյսբուքում»: Ըստ BBC-ի՝ «Իմ գաղտնի ազատությունը» էջում մեկ շաբաթում տեղադրված է 150 նկար, որոնք ստացել են 130 հազար like: Ինչպես ասել է այդ կանանցից մեկը, նա ամենեւին էլ դեմ չէ հիջաբ կրելուն, նա դեմ է ընտրության բացակայությանը: Դարձյալ չեմ կարող ասել` դա լավ ակցիա է, թե վատ` թող մեր լավ հարեւանները որոշեն՝ ինչն է նրանց ավելի հարիր: Խոսքն այն մասին է, որ համացանցի միջոցով մարդիկ կրկին կարողանում են հաղթահարել որոշակի տաբուներ` ճիշտ, թե սխալ:

Այն, ինչ հիմա դրված է «Ֆեյսբուքի» իմ «լրահոսում», 90 տոկոսով սուտ է կամ էլ չարակամության դրսեւորում քաղաքական, տնտեսական կամ անձնական հակառակորդների դեմ: Բայց իմ մտքով չի անցնում, որ տեղեկատվական աղբը պետք է արգելել կամ սահմանափակել: (Ճիշտն ասած, խիստ կասկածում եմ, որ դա տեխնիկապես հնարավոր է): Պետք է պարզապես առաջնորդվել «սեփական մտքի նավիգացիայով»` տարանջատելով օգտակար ինֆորմացիան աղբից: Կարծում եմ՝ նաեւ դպրոցներում է պետք դա սովորեցնել երեխաներին: Եվ այդժամ նորմալ տեղեկատվության տոկոսը գուցե կդառնա 15:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Այո:Սոցցանցերը մարդկանց ազատագրելու արդյունավետ միջոց է, որից հատկապես վախենում են բռնատիրական ռեժիմները: Ոչ մի երևույթ 100% դրական չի կարող լինել: Սոցցանցերի առկայությունը կոտրել/կոտրելու է (մի քանիսի կողմից հսկվող) ինֆորմացիայի մոնոպոլիան. ու սա լավ լուր է մարդկության համար:

  2. Ruben says:

    Այլասերումը մեր շարքերում սկսվեց “սափրվելուց”, զոհասեղան էլ փոխարինեց խորանին…
    Բոլոր տեսակի բռնապետությունների, ավտորիտար ռեժիմների կամ նույնիսկ միանգամայն նորմալ պետություններում սահմանափակումների վերջը կդրվի սոցիալական ցանցերում, կամ էլ հակառակը:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031