Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյանի խոսքը իր՝ «Ելք երկրից» բանաստեղծական  ժողովածուի շնորհանդեսի ժամանակ

Մայիս 14,2014 23:04

 

Արդարացում

 

Մի կարճ բան էլ ես պիտի ասեմ: Այսքան տարբեր՝ ինձ մինչև ոսկորները ճանաչող, իմ դրսերևույթին  միայն  հետևած, նաև՝ ինձ լրիվ անծանոթ մարդկանց ներկայությամբ: Այն էլ՝ բանաստեղծության բերումով: Միակ տարբերակը ինքս ինձ խոսելն է, իբր ոչ ոք չկա: Մանավանդ՝  հասկացված լինելը անպտուղ ցանկություն է:

Չորս-հինգ տարեկանում, հորաքրոջս շնորհիվ, էպոսի թումանյանական մշակումը ծայրեծայր գիտեի ու արտասանել եմ օրը մի քանի անգամ: Այդ խոսքն է մարմինս ու ոգիս կառուցել:

Յոթ-ութ տարեկանում, Նախիջևանի մեր Գեմուր գյուղի սալաքարերին պառկած, մի օր ճշգրիտ տեսել եմ՝ ինչպես է երկրագունդը պտտվում: Այդ ապրում-հիշողությունը ընտրված լինելու դրոշմ եմ համարել: Մնացածը այս տեղանքն ու այս կյանքն է՝ քարից բխող լույս, հայոց լեզու, ընկերներ, կանայք, քաղաքականություն, գինի, հաց, մեղքեր:

Պարտք, պատիվ, պատասխանատվություն:

Այս գրքում, գիտեմ, մի քանի բացարձակ, բացարձակին մոտ բանաստեղծություն կա: Դրանք ես եմ գրել: Ու այդ ինքնավստահությամբ էլ բախտ եմ համարել Համո Սահյանի, Վահագն Դավթյանի, Հրանտ Մաթևոսյանի, Ալեքսեյ Մատվեիչի, Սոս Սարգսյանի, Տիգրան Մանսուրյանի հավասար ընկերությունը:

Այս գրքի դժվար տպագրությունը արեցի, որ բանաստեղծությամբ մի անգամ էլ առնչվեմ իմ Տերյանին, Մեծարենցին,  Թումանյանին, Չարենցին:

Ու նաև՝ Աշոտ Ավդալյան, Վազգեն Սարգսյան, Վրեժ Իսրայելյան, Հրաչյա Բեյլերյան, Լևոն Խեչոյան՝ այլևս երկրից ելած իմ գրչակից եղբայրներին:

Մենք բոլորս ելնելու ենք երկրից: Սա ես ասում եմ այստեղ ներկա իմ հոգեկից ընկերներին, բայց նաև յուրաքանչյուրիդ՝ անկախ ով՝ ինչով է ապրում, ով՝ ինչ է թողնելու: Մեզ մնալու է այս զարմանք երկիրը՝ ¦այս Հայաստան վախը§ և տխուր-ցնծալի մեր կյանքը:

Իսկ կյանքից բարձր մի բան կա՝ զվարթ-ճշգրիտ գիտություն բանաստեղծությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031